2021.06.15,

Ստուգված է

Մանիպուլյացիա. Քոչարյանի նախագահության 3-րդ տարում երկրից 1մլն մարդ փախավ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող

Վճիռ՝ մանիպուլյացիա

Ֆեյսբուքյան մի շարք խմբեր, ինչպես նաև սունկ կայքեր տարածում էին տեղեկություն, որ ՀՀ երկրորդ նախագահ, սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նախագահության 3-րդ տարում Հայաստանից արդեն մեկ միլիոն մարդ էր հեռացել, որպեսզի սովից չմահանա։ Այս տեղեկությունը մանիպուլյատիվ է, քանի որ նշվում է երեք տարիներին երկրից հեռացած անձանց քանակը միայն, բայց չի խոսվում նույն ժամանակահատվածում երկիր ժամանողների և այդ թվերի տարբերության մասին, որը բոլորովին այլ պատկեր է ստեղծում։

Ովքե՞ր էին տարածում լուրը և ո՞վ էր սկզբնաղբյուրը

Տեղեկությունը, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 3-րդ տարում մեկ մլնից ավել մարդ է գնացել երկրից, սկսեց տարածվել մայիսի 25-ին, սակայն տեսանյութը, որին հղում էր արված, հին էր։ Յութուբում այն առաջին անգամ հրապարակվել է 2015-ի ապրիլին։ Այն պատրաստել էր «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանը։ Նշենք, որ այս հեռուստատեսությունը զրկվել է եթերային հեռարձակումներից հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք։ 2021-ի Ապրիլի 16-ին «Ա1+»-ը որոշեց թարմացնել արխիվը և վերահրապարակել տեսանյութը, իսկ սունկ կայքերն ու ընտրություններից առաջ ակտիվացած ֆեյսբուքյան խմբերը՝ ակտիվորեն տարածել այն։ Տեսանյութի տարածմանը մասնակցում էին նաև յութուբյան ալիքները, որոնցից մեկը գործող իշխանությանն աջակցող Freedom Armenia-ն է։

Ինչու է պնդումը մանիպուլյատիվ

Ռեպորտաժում լրագրողն ասում է, որ 2000 թվականի ապրիլի 16-ի դրությամբ երկիրը լքել է 1 մլն 200 հազար մարդ, սակայն չկա խոսք այն մասին, որ դա վերաբերում է Քոչարյանի նախագահության 3-րդ տարվան։ Այն, որ այդքան մարդ երկրից հեռացել է, որ սովից չմահանա, ևս չի նշվում Մհեր Արշակյանի ռեպորտաժում։ Այսինքն կայքերն ու ֆեյսբուքյան էջերը, վերահրապարակելով տեսանյութը, խեղաթյուրել են դրա բովանդակությունը։ Ի դեպ, A1+ հեռոտստաալիքի ռեպորտաժը մոնտաժվել է․ իրար են միացված երկու տարբեր տեսանյութեր՝ մայիսի 29-ի օրացույցը և ապրիլի 16-ինը։ Մոնտաժված տարբերակում ավելացվել է նաև Քոչարյանի նկարը, ինչն օրիգինալ չկար։

Media.am-ը և FactCheck.ge-ն ուսումնասիրեցին Քոչարյանի նախագահության առաջին 3 տարիներին՝ 1998, 1999 և 2000 թվականներին, միգրացիայի մնացորդը։

Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալներով՝ Քոչարյանի նախագահության երեք տարիներին 1 076 700 մարդ (հայտնի է միայն, որ հատել են երկրի սահմանը, պատճառը պարզ չէ) լքել է երկիրը։ Այս թիվը միայն ցույց է տալիս, թե քանի մարդ է նշված տարում մեկնել Հայաստանից։ Մեկնածներից շատերը կարող են անգամ վերադարձած լինել երկիր հենց հաջորդ չվերթով։

📌1998-ին մեկնել է 439 700 մարդ

📌1999-ին մեկնել է 318 600մարդ

📌2000-ին մեկնել է 318 400 մարդ

Երկրից մեկնողների այս թիվը, սակայն, դեռևս չի խոսում արտագաղթի տեմպի մասին, քանի որ նույն վիճակագրության համաձայն՝ այդ տարիներին երկիր է վերադարձել (սահմանը հատելով մուտք գործել Հայաստան) 1 019 600 մարդ։

📌1998-ին ժամանել է 415 300 մարդ

📌1999-ին ժամանել է 311 600 մարդ

📌2000-ին ժամանել է 292 700 մարդ

ՀՀ սահմանային անցակետերով իրականացված ժամանումներիև մեկնումների սահմանային գրանցումները

Աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Վիճակագրական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ ժամանումների և մեկնումների սահմանային գրանցումների ցուցանիշները չեն դիտարկվում՝ որպես արտագաղթի և/կամ ներգաղթի տվյալներ:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամաբ՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության սահմանումներով անձը դասակարգվում է որպես երկարաժամկետ միգրանտ, եթե նա իր մշտական բնակության երկրից տեղաշարժվում է մեկ այլ երկիր՝ առնվազն մեկ տարի (12 ամիս) ժամկետով։ Միջազգային չափորոշիչներով՝ մինչև 3 ամիս ժամկետով տեղաշարժվողները միգրանտներ չեն համարվում:

Կարևոր է նշել նաև, որ այս տարիներին վիճակագրություն վարվել է միայն օդային փոխադրումների դեպքում։ Ցամաքային փոխադրումները վիճակագրության տեսադաշտից դուրս են մնացել։ Պատճառը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱՎԾ-ի Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, այն է, որ այդ շրջանում օդայինից բացի այլ ուղևորափոխադրումներ գրեթե չեն եղել։

Միգրացիայի մնացորդի մասին (նշված որպես այդպիսին) տվյալները FactCheck.ge-ն և Media.am-ը գտան Վիճակագրական կոմիտեի armstat.am էլեկտորնային հարթակում։ Նույն տվյալները մեզ տրամադրեցին նաև Վիճակագրական կոմիտեից։ Չնայած այդ տարիներին օգտագործված ոչ ճշգրիտ մեթոդաբանությանը, պետությունն այդ տվյալները համարում է պաշտոնական, քանի որ այլընտրանքային տվյալներ չկան։

Ստացվում է, որ Քոչարյանի նախագահության առաջին երեք տարիներին միգրացիայի մնացորդը կազմել է 61 800, այսինքն` այդքան մարդ կարող է համարվել երկարաժամկետ միգրանտ։

Նշենք նաև, որ 2001 թվականի մարդահամարից հետո ցուցանիշների վերահաշվարկ է տեղի ունեցել։ Ինչպես նշեց Կարինե Կույումջյանը, մինչև 2001 թվականի մարդահամարը, իրենք որպես միգրացիայի ցուցանիշ օգտագործել են ոստիկանության անձնագրային բաժնի տվյալները, այսինքն՝ հաշվառման և հաշվառումից դուրս գալու։

1998-1999 թթ մարդահամարի և ընթացիկ հաշվառման տվյալների տարբերությունը շուրջ 600 հազար էր, այդ 600-ը ձևավորվել էր միգրացիայի հաշվառման ոչ ամբողջական լինելու հետևանքով, այսինքն մարդիկ չէին դիմել անձնագրային` իրենց տեղաշարժն արձանագրելու համար և դուրս էին մնացել վիճակագրության տեսադաշտից։

2001-ի մարդահամարից հետո Վիճակագրական կոմիտեն անցում է կատարել ընտրանքային հետազոտության արդյուքները օգտագործելուն և վերագնահատել է ոստիկանության տվյալները, որոնք ամբողջական չէին արտացոլում իրական պատկերը։

Ամփոփելով նշենք, որ 1998-2000 թվականներին արտագաղթի մասշտաբի ամբողջական գնահատման համար պատշաճ վիճակագրություն չի վարվել, առկա տվյալներն ամբողջական չեն: Այնուամենայնիվ, եթե այդ տվյալներն օգտագործվում են որպես արտագաղթի ցուցանիշ, ապա անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես երկիրը լքածների, այդպես էլ երկիր վերադարձածների թիվը: Արտագաղթի մասին ցուցանիշները, որոնք հենված են միայն երկրից մեկնողների թվի վրա, մանիպուլյատիվ են։ Կարևոր է նաև նշել, թե նույն ժամանակահատվածի համար քանի մարդ է վերադարձել։

Օֆելյա Սիմոնյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *