2020.09.28,

Ստուգված է

Տարբեր աղբյուրներ հաստատում են, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկում Ադրբեջան

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Արդեն մի քանի շաբաթ է համացանցում և լրատվամիջոցներում տեղեկություն է հայտվում այն մասին, որ Թուրքիան Ադրբեջան վարձու մարտիկներ է տեղափոխում։ Ադրբեջանը կտրականապես հերքել է տեղեկությունը։

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Թուրքիային մեղադրեց օտարերկրյա վարձու զինյալներին Ադրբեջան տեղափոխելու մեջ։ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնեց, որ վարձկանները տեղափոխվել են հյուսիսային Սիրիայից։ 

Media.am-ը ուսումնասիրել է տարածվող տեղեկությունը և պարզել, որ արդեն մի քանի ամիս է տարբեր միջազգային աղբյուրներ հաղորդում են տեղեկությունը զինյալների մասին։ 

Դեռ ամռանը աղբյուրները գրում էին Թուրքիայի կողմից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին

🔴Տեղեկությունը այն մասին, որ Թուրքիան զինյալներին Սիրիայից տեղափոխում է Ադրբեջան, տարածվում էր դեռ ամռանը՝ հուլիսյան մարտերից հետո։ Արաբական մամուլը գրեց, թե Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին և Ռաջո քաղաքներում զինյալների գրանցման կետեր են բացվել։ Աֆրինը գտնվում է Թուրքիայի հսկողության տակ։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կառավարությունը հերքեցին լուրը։

🔴 Սեպտեմբերի 1-ին նույն տեղեկությունը տարածեց ռուսական Независимая газета-ն՝ նշելով զինյալ խմբավորումների անվանումներ՝ «Սուլթան Մուրադ» և «Համզաթ»։ Ադրբեջանը նորից հերքեց։ 

🔴Սեպտեմբերի 21-ին ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը Թվիթերում հրապարակեց մի ձայնագրություն, որտեղ, ըստ Սնելի, Սիրիացի զինյալը պատմում է, որ սեպտեմբերի 27-30-ը նրանց տեղափոխելու են Ադրբեջան։ Սնելը ավելացրեց, որ բազմաթիվ աղբյուրներից լսել է, որ Ադրբեջանում արդեն կան Սիրիայից զինյալներ։ 

Ադրբեջանի համար վարձկաններ

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի հրապարակած լուսակարը, որտեղ, ենթադրաբար, պատկերված են Բաքու գնացող «Համզա» խմբավորման անդամները

🔴Սեպտեմբերի 24-ին Syrian Observatory for Human Rights-ը (SOHR) գրեց, որ Թուրքիան տեղափոխում է շուրջ 300 վարձու զինյալների Աֆրին շրջանից։ Ըստ SOHR-ի՝ զինյալները հիմնականում «Սուլթան Մուրադ» և «Ալ-Ամշաթ» խմբավորումներից են։ Երկու խմբավորումն էլ կռվել են Սիրիայի քաղաքացիական պատերազմում և աջակցություն են ստանում Թուրքիայից։ 

SOHR-ը գրում էր, որ մարտիկներն իրենք կարծում են, որ նրանց տեղափոխում են Ադրբեջան «պետական սահմանը պաշտպանելու համար» և պետք է վճարեն 1,500-2,000 ԱՄՆ դոլար։ Հրապարակման պահին կայքին չէր հաջողվել ճշտել, թե արդյո՞ք վարձկաններին իսկապես տեղափոխում են Ադրբեջան, թե այլ երկիր։ 

🔴 Սեպտեմբերի 27-ին արդեն SOHR-ի նոր հրապարակումների հետ մեկտեղ արդեն Աֆրինում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը տարածեց Սիրիայից ժամանած որոշ զինյալ խմբավորումների անունները, նրանց կրած զոհերի քանակը և մի քանի առանձին զինյալների անուններ։ 

Աֆրինի իրադարձությունները լուսաբանող մեկ այլ հարթակ գրեց, որ Թուրքիան Ադրբեջան գնալու համար կամավորների ընդունման երկու կետ է բացել քաղաքում։ Կետերը տեղակայված էին նախկին «Ամիր Ղոբարի» և «Ազհար Աֆրին» դպրոցների տարածքում։   

Սեպտեմբերի 28-ին Հայաստանը պաշտոնապես մեղադրեց Թուրքիային «օտարերկրյա ահաբեկիչների» Ադրբեջան տեղափոխելու մեջ

Հայաստանի իշխանությունները ի սկզբանե զգուշությամբ էին վերաբերվում այս լուրերին և հայտարարում, որ ստուգում են տեղեկությունը։ 

Սակայն արդեն սեպտեմբերի 28-ի առավոտյան ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես մեղադրեց Թուրքիային «օտարերկրյա ահաբեկիչների» Ադրբեջան տեղափոխելու մեջ։ Ավելին՝  Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնեց, որ Ադրբեջան է տեղափոխվել 4,000 զինյալ Սիրիայի հյուսիսից։ 

Ադրբեջանը նորից հերքեց տեղեկությունը։

Միանգամից մի քանի զինյալներ հաստատել են, որ նրանց Ադրբեջան են ուղարկում

Նույն օրը երեկոյան արդեն Ադրբեջանում կռվող զինյալների մասին տեղեկությունը հրապարակեց հեղինակավոր Reuters գործակալությունը։ 

Reuters-ը երկու զինյալի խոսքեր էր մեջբերում, որոնք հաստատել են, որ նրանց Ադրբեջան են ուղարկում։ 

Երկու զինյալն էլ ցանկացել են անանուն մնալ։ Չնայած Reuters-ը նշում է, որ չի կարողացել ստուգել զինյալների ինքնությունը, բայց մեջբերում է նրանցից մեկի խոսքը այն մասին, որ ֆինանսական դժվար դրությունն է նրան սպիպել համաձայնել Ադրբեջան գնալ։ Երկու զինյալն էլ նշել են, որ նրանց վճարելու են ամսական 1,500 ԱՄՆ դոլար։ 

Մի քանի այլ զինյալներ էր պատմել են, որ շուրջ 700-ից 1000 մարդ է Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան։ 

Սա առաջին անգամը չէ, երբ Թուրքիան օգտագործում է Սիրիայի վարձու զինյալներին երրորդ երկրներում ռազմական գործողությունների ժամանակ։ Oրինակ՝ զինյալները այս տարի ուղարկվել են Լիբիա:

Զինյալները տարբեր խմբավորումների են պատլկանում, որոնք կենտրոնացված են Սիրիայի ազգային բանակ (Syrian National Army, SNA) անվանման տակ։ SNA-ը աջակցություն է ստանում Թուրքիայից և կռվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։ 

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը իր հերթին մեղադրեց Հայաստանին Սիրիայից վարձու զինյալներ Արցախ բերելու մեջ։ Այս հայտարարությունը հայելու պես կրկնում է Անկարայի և Բաքվի հասցեին հնչող մեղադրանքները։ 

Հայաստանյան փորձագետը, հղում տալով աղբյուրներին, հաստատում է մամուլի տեղեկությունը

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Media.am-ին պատմեց իր աղբյուրների փոխանցած տեղեկության մասին, որ մոտ մեկ ամիս առաջ Թուրքիան սկսել է Աֆրինից ու Իդլիբից հավաքագրել զինյալների։ Նրանք սկզբից պետք է տեղափոխվեին Թուրքիա, այնտեղից՝ մի քանի ուղղություններով, այդ թվում՝  Լիբիա, Քաթար ու Ադրբեջան։ 

Ըստ Գրիգորյանի աղբյուրների՝ այս շաբաթ արդեն զինյալների տեղափոխել են Ադրբեջան։ Աղբյուրը կապը պահում է Սիրիայում նրանց ընտանիքների հետ, Ադրբեջան գնացողները  խոստացել են հասնելուն պես կապ հաստատել, բայց դեռ կապի դուրս չեն եկել։ 

Արաբագետի խոսքով, զինյալները իսլամիստներ ու ջիհադիստներ չեն, կրոնը նրանց համար առաջնային կարևորության չէ։ «Ադրբեջան գնացողները կարող են Սիրիայի հյուսիսում ապրող թուրքոմաններ լինեն, թուրքական ծագումով ժողովուրդ, որ ունեն պրոթուրքական դիրքորոշում ու Թուրքիայի կողմից տարբեր խմբավորումներում կռվում են։ Սա նրա համար է արվել, որ սուննի-շիա հակասությունը չլինի (Ադրբեջանի բնակչությունը շիա է, Թուրքիայինը՝ սուննի), թուրքական շահը կարևորվի կռվողների համար ու գաղափարական ընկալումները չխանգարեն կռվելուն»,- ասում է Սարգիս Գրիգորյանը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *