2020.07.12,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ հուլիսի 3 – 10

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին անցած շաբաթ տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։ 

Անցնող շաբաթ շարունակվեցին ընդդեմ պատվաստանյութերի հակաքարոզչությունը։ Այս առիթով և համավարակի ստեղծած իրավիճակի համատեքստում թիրախավորվեց  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ իր կրոնական հայացքների, քաղաքական համակրանքների համար։ Նրան մեղադրեցին կոռուպցիայի մեջ։

Անժելա Թովմասյանն առանց աղբյուրներ նշելու հայտարարություն կատարեց 

«ԱրմՆյուզ» հ/ը-ի եթերում հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդաշարը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել համավարակի մասին։

Հուլիսի 8-ին այս գործում հյուրերից առաջ ընկավ «Հայելու առաջ» հաղորդման հեղինակ Անժելա Թովմասյանը։ Հիշելով կորոնավիրուսից մահացած անձի դիակի շփոթության դեպքը՝ առանց փաստական հիմնավորման աղբյուր նշելու, հարցազրուցավար, լրատվական կայք և մամուլի ակումբ ղեկավարող Թովմասյանը հայտարարեց՝ թե հայտնի դեպքը միակը չէ։

«Էդպիսի մեկ այլ դեպք էլ էր եղել, բայց բարեբախտաբար էդ հարազատները չգիտեմ ինչի որոշել էին բացել և տեսել էին, որ իրենց հարազատը չի։ Եւ երբ որ փորձել էին վերադարձնել, էնտեղ իրենց ասել էին՝ դե ինչ մեծ աղմուկ եք բարձրացնում, ինչ տարբերություն նա՝ այնտեղ, նա՝ այստեղ», – ասաց Թովմասյանը (տեսանյութում 5։40 րոպեից)։

Դիակի թեման շահարկեց նաև «Մասիս» բ/կ-ի նախկին տնօրենը Livenews.am-ի հետ զրույցում։ «Տատիկի դիակի կորուստը փաստում ա, որ դիակների հետ նորմալ չեն վերաբերվում։ Դիակների հետ վերաբերվում են որպես բժշկական թափոններ», – ասաց Նունե Ներսիսյանը (տեսանյութում 25։12 րոպեից)։

Պատվաստանյութերը փորձարկված չեն

«ԱրմՆյուզ» հ/ը-ի երեկոյան լուրերի ռեպորտաժում լրագրողը, Ժողովրդագրության և առողջապահության քաղաքականության մասնագետ Գոհար Ջրբաշյանին հղում տալով, ասաց՝ պատվաստանյութը պարտադիր պետք է նախնական փորձարկվի կենդանիների վրա, բայց COVID-19-ի դեմ ստեղծվող պատվաստանյութերից չի փորձարկվել ոչ մեկը (տեսանյութում 16։27 րոպեից)։

❌ Սա սուտ պնդում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսի 6-ին հրապարակել է պոտենցիալ պատվաստանյութերի պատկերը։ Համաձայն առկա տվյաների դրանցից 21-ը կլինիկական փորձարկումների փուլում է, 139՝ նախնական փորձարկման փուլում։

Ընթանում է ԱՆ Թորոսյանին վարկաբեկելու գործընթաց

Հայաստանում համավարակի ստեղծած իրավիճակից օգտվելով՝ ընդդիմադիր դաշտից շարունակում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պիտակավորել  և մի շարք հարցերում մեղադրել։

📌 Բժիշկ Նունե Ներսիսյանը, Livenews.am-ի հետ վերևում մեջբերված հարցազրույցի ժամանակ, բացի այն, որ պնդեց՝ Թորոսյանը ոչ մի լավ բան չի արել և նրա մոտ չի ստացվում ոչ մի լավ բան, նաև թիրախավորեց նրան կրոնական հայացքների համար։ «Մի մարդ, որ ինքը սորոսական է, մի մարդ որ աթեիստ է․․․», – ասաց Ներսիսյանը՝ աթեիստ լինելը հակադրելով հայի կերպարի հետ (տեսանյութում 29։28 րոպեից)։

📌 COVID-19-ը «Covig-19» անվանող (հնարավոր է սխալմամբ) irates.am-ը իր բամբասանքներ տարածող «Ասում  են» խորագրի տակ գրեց՝ «…թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը եր­բեք պաշ­տո­նանկ չի ա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին, ան­գամ ե­թե ողջ հայ ազ­գին վեր­ջինս քշի կա­ռափ­նա­րան»: 

Կայքը գրածն ապացուցելու համար ոչ միայն Թորոսյանին պիտակավորեց «ԼՏՊ-ի հո­գե­զա­վակ», այլև նրա «ան­ձեռ­նմ­խե­լիությունը» բացատրեց դավադրության տեսությամբ․ «Հա­յաս­տա­նում նա ի­րա­կա­նաց­նում է գլո­բա­լիստ­նե­րի-սո­րո­սա­կան­նե­րի ա­ռող­ջա­պա­հա­կան հա­կած­րագ­րե­րը, դրանց թվում են ար­դեն իսկ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ուժ ստա­ցած Covig-19-ի դեռ «չս­տեղծ­ված» վակ­ցի­նա­յին առ­նչ­վող ծրագ­րե­րը»:

📌 Այս նույն դավադրապաշտական թեզը հայտնվեց «5-րդ ալիք»-ում։ Շաբաթներ առաջ իշխանությանը «մարդկանց մահի վրա փող աշխատելու» մեջ մեղադրող կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը շարունակեց զարգացնել իր թեզը։

«Օրագիր» հաղորդման տաղավարում նա ասաց, թե «Գավի»-ն և Գեյթսի հիմնադարամը «պատուհաս» առողջապահության նախարարներին երրորդ երկրներ են կանչում, լավ հյուրանոցում պահում և նվերներ տալիս, օրինակ, ժամի տեսքով։ «Բիլ Գեյթսը պիտի իրա փողը հետ բերի։ Վսյո, վերջացավ։ Ինչ ուզում եք արեք։ Հմի ինքը իրա փողը հետ ա բերելու վակցիանացիայով, մեր վրա հակավիրուսային դեղը ծախելով»,- ասաց Գրիգորյանը (տեսանյութում 10։16 րոպեից)։

Ճիշտ է, Արսեն Թորոսյանը «Գավի» պատվաստանյութերի գլոբալ դաշինքի խորհրդի անդամ է, իսկ Բիլ Գեյթսի հիմնադրամը ֆինանսավորել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու գործընթացը։ Սակայն, թանկարժեք հյուրանոցների և Գրիգորյանին հայտնի նվերների համար ներդրված գումարը հետ բերելը պատվաստանյութերի և դեղերի միջոցով դավադրության տեսությունների դաշտից է։

📌 «Ռազմավարական բարեփոխումների Ազգային խորհրդ»-ի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը 168 TV-ի հետ զրույցում մանիպուլացրեց Թորոսյանի խոսքը։ Նա ասաց, թե նախարարը իրեն թույլ տվեց բժշկին ոչ վայել արտահայտություն՝ «ինքը հպարտանում է մեր մահերով»։ Բացատրեց․ – «Նույնիսկ մեկ մահով հպարտանալ չի կարելի, դա մարդու կյանք է»։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Թորոսյանը հպարտացել է ոչ թե մահերով, այլ կորոնավիրուսից 1 միլիոն բնակչին բաժին ընկնող մահերի լավ ցուցանիշով։ «Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Եվ ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման լավ ցուցանիշներ», – ասել է նախարարը (տեսանյութում 5:29 րոպեից)։

Ամեն ինչ արդեն վերջացել է, մնացածը պատվաստումների համար է 

Բժիշկ Հայկ Մանասյանն առաջ է քաշում թեզը, թե ամեն ինչ արդեն վերջացել է։ Սակայն, չի բացատրում, թե ինչ փոփոխություն է եղել այս ընթացքում, որ նման եզրակացության է իրեն հանգեցրել։ Փոխարենը, նա զարգացնում է դիմակների դեմ իր հակաքարոզչությունը՝ կապելով այն պատվաստանյութերի հետ։ 

📌 Մանասյանն իր ֆեյսբուքյան մի գրառմամբ հարց տվեց․ «Ջոկե՞լ եք, որ նորմալ կյանքին կարող ենք վերադառնալ թեկուզ վաղը։ Հերիք է միայն, որ պարետատունը էսօրվա նման հայտարարի, որ դիմակների ձևական դնելն այլևս անիմաստ է»։

Իսկ արդեն ուղիղ եթերում՝ լսարանի հարցին ի պատասխան, ասաց, թե համավարակը մասամբ առողջապահական և մասամբ քաղաքական խնդիր է․ «Ավելի շատ իմ մոտ տպավորություն ա թողնում, որ համբերեք, հեսա պաստվաստանյութը կլինի։ Եւ պատվաստանյութով զբաղացնելով փորձում են մարդկանց ավելի հեռու պահել բնական ճանապարհով իմունիզացիայի գաղափարից» (տեսանյութում 17։39 րոպե)։

📌 Դիմակների և պատվաստանյութերի կապի մասին Մանասյանը գրել էր նաև հուլիսի 7-ին։ Բացատրել էր․ «Ըստ ինձ դիմակները քաղաքական որոշում են, ու քաղաքական հարցերի լուծմանն են ուղված՝ սկսած արտակարգ դրության ապօրինի երկարաձգումից վերջացրած չեղած պատվաստանյութի նկատմամբ շուկայական պահանջարկի ստեղծումով»։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *