Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Տիգրան Պասկևիչյան

Դատարանը ճանաչել է ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի բացառիկ իրավատեր Հանրային հեռուստաընկերությանն ու արգելել, որ ռեժիսորն այն ցուցադրի փակ կամ բաց հանդիպումների, հավաքների և ցանկացած այլ միջոցառումների ժամանակ։ 

«Ողորմելի հանրային հեռուստաընկերությունը, որն արդեն հինգուկես տարի բանտել ու չի ցուցադրում  իմ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը, դատարանով բացառեց դրա ցուցադրության որեւէ ձևաչափ, այդ թվում՝ դահլիճային դիտումները»,- այս կերպ է մեկնաբանել Պասկևիչյանը դատարանի որոշումն իր ֆեյսբուքյան էջում, նաև ավելացրել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակելու է ցուցադրել իր ֆիլմը տարբեր ձևաչափերով։ 

Տիգրան Պասկևիչյանի խոսքով՝ խնդիրը ֆիլմի բովանդակությունն է․ այն պատմում է ղարաբաղյան շարժման տարիների, դրան հաջորդող իրադարձությունների մասին՝ մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն։ 

«Իրենց պետք չի, որ խոսվի, որ էս երկիրը քայլ առ քայլ է դարձել երկիր։ Որովհետև հակառակ դեպքում մարդիկ կհասկանան, որ իրենք եկել ու քանդել են էս տարիների գործը, տարիների կառուցածը»,- ասել է նա Factor TV-ի հետ զրույցում։ 

Ավելի ուշ պարզաբանմամբ հանդես եկավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ նշելով, որ ֆիլմի ցուցադրումը չի արգելվել։ «Որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։ Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և նույնիսկ ֆիքսվել է եթերի օր։ Սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։ Որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել  Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ»,- մանրամասնել է Մովսիսյանը։ 

Ուսումնասիրելով գործի նյութերը՝ Դատալեքսից տեղեկացանք, որ ֆիլմը ցուցադրվել է 2025 թվականի մայիսի 2-ին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գրասենյակում, որից հետո մայիսի 3-ին «Առավոտ» լրատվական կայքում հրապարակվել է հոդված՝ «Ցուցադրվել է անկախության մասին Հ1-ով չհեռարձակված ֆիլմը» վերնագրով։ Ըստ գործի նյութերի՝ 2025 թվականի մայիսի 15-ին Հանրայինի կողմից գրություն է ուղարկվել Պասկևիչյանին այն մասին, որ ներկայացվի պարզաբանում, թե ինչու է Հանրայինի թույլտվության բացակայության պայմաններում ֆիլմը ցուցադրվել։ «Գրությանն ի պատասխան Տիգրան Պասկևիչյանի կողմից ստացվել է գրություն, որով վերջինս չի նշել իր կողմից Ֆիլմի ցուցադրության փաստը, ավելին՝ անգամ գրությամբ նշվում է, որ այն ցուցադրվել է ոչ միայն ս.թ. մայիսի 2-ին, այլ նաև տարբեր առիթներով տարբեր հարթակներում։ Պատասխանողի կողմից ֆիլմը օգտագործվել է մի քանի անգամ՝ առանց հայցվորի թույլտվության, ինչը էականորեն խախտում է վերջինիս բացառիկ և անհերքելի գույքային իրավունքները» ,- գրված է գործի նյութերում։ 

Նույն գործի նյութերում նաև նշվում է, որ Տիգրան Պասկևիչյանն ընդունում է, որ լինելով «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի հեղինակ, ստորագրել է պայմանագիր, որով ֆիլմի օգտագործման բոլոր իրավունքները վերապահել է պատվիրատուին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, բայց ցուցադրել է ֆիլմը այլ լսարաններում, քանի որ պայմանագիրը ստորագրելիս համոզված է եղել, որ Հանրային հեռուստաընկերությունը սփռելու է այն եթերում և տեղադրելու է Յություբի ալիքում, իսկ ինքը հետագայում ցուցադրելու է այն յություբյան ալիքից։ 

«Եթե, օրինակ հրավիրեին հանդիպման, ես ոչ թե ինձ հետ կտանեի ֆիլմի վիդեո ֆայլը, այլ հանդիպման սրահում հենց Հանրայինի Յութուբից կմիացնեի այն: Այս դեպքում, կարծում եմ, հարց չէր առաջանա, թե ինչու եմ այս կամ այն հանդիպման ընթացքում օգտագործում Հանրային հեռուստաընկերության գույք հանդիսացող ֆիլմը: Ի դեպ, երբ Հանրային հեռուստանըկերության՝ այն ժամանակվա գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանին ասացի, թե պայմանագիրն ինձ որևէ իրավունք չի թողնում, նա հենց այդպես էլ պատասխանեց՝ եթե ֆիլմը յություբում է, ոնց ուզում ես օգտագործիր՝ պարտադիր հղում անելով իրավատիրոջ վրա»,- գրված է գործի նյութերում։ 

Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ իրենք քննարկում են ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը։ 

Տիգրան Պասկևիչյանը Հովհաննես Մովսիսյանի գրառմանն ի պատասխան նոր գրառում է արել՝ նշելով, թե «Հանրայինը ստում է ոչ միայն եթերում»։ Մասնավորապես ռեժիսորն ասել է, որ պայմանագիրն իր հետ կնքվել է 2020 թվականի հուլիսի 24-ին երեք ամսով, ֆիլմը պետք է ավարտեր 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, ոչ թե օգոստոսի 23-ին, ապա հարց էր հնչեցրել․ «Եթե ես խախտել էի պայմանագրի ժամկետը, ինչո՞ւ տույժ-տուգանք չի կիրառվել և ինչո՞ւ է ևս 60 օրով երակարացվել պայմանագիրը։ Կարո՞ղ էր այդ երկարացումն արվել առանց հանրայինի համաձայնության»։

Ռեժիսորը նշել է, որ 2023 թվականի մարտի 3-ին ինքը նամակ է գրել և առաջարկել ողջամտորեն լուծել ֆիլմի օգտագործման հարցը, բայց այն մնացել է անպատասխան, ինչից հետո իրեն իրավունք է վերապահել կազմակերպելու դահլիճային մի շարք ցուցադրություններ։

Media.am-ի հետ զրույցում «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմել է, որ տարիներ առաջ իրենք «Ձեղնահարկ» հասարակական կազմակերպությամբ նախաձեռնել էին ֆիլմի նկարահանումը, պետք է պայմանագիրը կնքվեր Տիգրան Պասկևիչյանի և ՀԿ-ի, ապա ՀԿ-ի ու հեռուստաընկերության միջև, բայց որոշակի քննարկումների արդյունքում այն կնքեց ռեժիսորի և Հանրայինի միջև։ Հետագայում, որպես քննարկումներին մասնակից և հեղինակային իրավունքների պաշտպանության ջատագով, Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է Տիգրան Պասկևիչյանին Հանրայինի հետ բանակցություններ վարել՝ ֆիլմի հեղինակային իրավունքները ձեռք բերելու համար։ 

«Ես խոսեցի Հովհաննես Մովսիսյանի հետ, երկու անգամ զրույց ենք ունեցել, հարցրել եմ՝ ի՞նչ կարող ենք անել, որ ֆիլմի իրավունքները վերցնենք, որովհետև ի վերջո հեղինակը Պասկևիչյանն է, Մովսիսյանն ասել է, որ գործ կա հարուցված, թող գործը ավարտվի, վերջանա, հետո կհասկանանք։ Դատական նիստի ավարտից հետո չեմ խոսել այլևս իր հետ, բայց միշտ պատրաստակամ է եղել զրույց վարելու, խոսելու»,- ասաց նա։ 

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը տեղյակ է, որ ֆիլմի վերջնաժամկետների հետ կապված խնդիր է եղել, բայց նաև հիշեց, որ երբ ֆիլմը ավարտուն տեսքով հանձնվել է՝ եղել է խնդիր 1990-ից 1991թթ․ Հայաստանի վարչապետ Վազգեն Մանուկյանի կերպարի հետ կապված, ասվել է, որ նրա դերակատարությունը ֆիլմում շատ է եղել։ «Տիգրան Պասկևիչյանը բոլորին բացատրեց, որ այդ տարիներին նա իսկապես շատ է եղել, Վազգեն Մանուկյանը շատ ակտիվ է եղել, և բացի այդ այդպիսին են ֆիլմի կադրերը»,- պատմեց Մարտիրոսյանը՝ չհիշելով այլ դրվագներ, որոնք կարող էին դառնալ ֆիլմը չցուցադրելու պատճառ։ 

Արմեն Մարտիրոսյանը համոզմունք հայտնեց, որ եթե ֆիլմը ցուցադրվեր 2018-2019 թվականներին պատերազմը տեղի չէր ունենա, որովհետև այն ուժեղ ֆիլմ է։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանն էլ media.am-ին ասաց, որ չցուցադրելու հրահանգ չի եղել, պարզապես, ինչպես արդեն նշվել է, ֆիլմը չի հանձնվել համապատասխան ժամկետներում։ «Բանսարկությունը մեկնաբանելու ցանկություն չունեմ։ Դատարանի վճիռ կա, Հանրայինի հայցը ներկայացվել է, մենք մասնակցություն չունենք այս գործընթացին, մենք չենք կարող շրջանցել դատարանի վճիռը ու պարտադրել Հանրայինին ցուցադրել ֆիլմը»,- ասել է Դարբինյանը։

Media.am-ը գրավոր հարցում է ուղարկել նաև Հանրային հեռուստաընկերություն։ Պատասխանները ստանալուն պես լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգանք։