2026 թվականին Հայաստանում միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) անցկացված հանրային կարծիքի նոր հարցման համաձայն՝ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոցը Հանրային առաջին ալիքն է։
Հնգյակում են նաև «Արմենիա», «Շանթ», «Ազատություն» և «5-րդ ալիք» հեռուստաալիքները։
Հարցվածներ 29%-ն ասել է, թե «ոչ մի» ալիք չի համարում առավել հուսալի՝ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար:
Հարցման արդյունքները հասանելի են նաև ըստ տարիքային խմբերի։ 56+ տարիքի մարդկանց 40%-ը քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոց են համարում Հանրայինը։ Այս տարիքային խմբի 20-ը հուսալի են համարել «Արմենիա»-ի և «Շանթ»-ի քաղաքական ուղղվածության լրատվությունը։

18-35 տարեկան հարցվածների 25%-ն է համարում Հանրային առաջին ալիքը քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոց։ «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների պարագայում 18-35 տարեկան հարցվածների 16 և 10 %-ներն են համարել առավել վստահելի։
Այս տեսակետից ՄՀԻ նախորդ տարի անցկացրած հարցման համեմատ պատկերը չի փոխվել․ 2025-ին էլ «Հանրային առաջին ալիք», «Արմենիա», «Շանթ», «Ազատություն», «5-րդ ալիք» աղբյուրները քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար առավել հուսալի լրատվամիջոցներն էին։
Հարցման արդյունքներով նաև պարզ է դառնում, որ Հանրային առաջին ալիք դիտողների 45%-ը Հայաստանի ընդհանուր ուղղությունը ճիշտ է համարում և միայն 15%-ը՝ սխալ։ «Արմենիա»-ի հեռուստադիտողներից 21%-ը սխալ են համարում Հայաստանի ուղղությունը, Շանթ ալիքի հեռուստադիտողներից 11%-ը ևս սխալ են համարում ՀՀ ուղղությունը։ «5-րդ ալիք»-ի պարագայում հարցվածների ընդամենը 2 %-ն է ճիշտ համարում Հայաստանի ուղղությունը, 12 %-ը այն սխալ են համարում։
Հարցման՝ «Լրատվամիջոցներ և տեղեկատվության ստացման աղբյուրներ» բաժնում այս տարի նոր հարց է ավելացել, որը նախորդ տարիներին չի եղել․ քաղաքական տեղեկատվություն ստանալու համար սոցիալական ցանցերի ո՞ր հավելվածներն են ամենաշատն օգտագործում։
Առաջատարը՝ Ֆեյսբուքն է (55%), որին հաջորդում են Յություբը (21%), Ինստագրամը (16%), Տելեգրամը (14%), ապա ՏիկՏոկը (7%)։
