Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2025» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։
Տասնմեկերորդ անգամ անցկացվող «Թվապատում» մրցույթին, այս տարի դիմել էին 91 լրագրող 34 լրատվամիջոցից ու ներկայացրել՝ 141 հայտ։
Այս անգամ փոփոխություն էր տեղի ունեցել հանձնաժողովի կազմի ձևավորման աշխատանքներում։ Հրավիրվել էին Թվապատման՝ 10 տարիների ընթացքում ամենաշատ մրցանակներ ստացած լրատվամիջոցների՝ «Հետք»-ի, «Մեդիամաքս»-ի և «Ինֆոքոմ»-ի ներկայացուցիչները։ Շահերի բախումից խուսափելու համար էլ այս խմբագրությունների լրագրողները չէին մասնակցել մրցույթին։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն ասաց, որ մոտեցումը պահպանվելու է և ռոտացիոն կարգով մասնագիտական հանձնաժողովի կարզմը փոփոխվելու է։
Մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը։ Ու պատահական չէ, որ անվանակարգերից մեկը կոչվում է հենց «Գործող անձ» (Homo Agendi)։
Այստեղ առանցքում հերոսն է՝ իր նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրն ու իրավիճակը փոխելու և բարելավելու, մարդկանց օգնելու փորձով և օրինակներով։
Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի՝ 4 տարի, 1454 պարկ աղբ․ Հակոբ Միկոյանի մաքուր պայքարը պատմությունը։
Թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը, յուրաքանչյուրը պարգևատրվեցին 250.000-ական դրամով:

Նարինե Ղալեչյանը և Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը
Այս անվանակարգում հատուկ մրցանակի և 150․000 դրամ պարգևի արժանացավ նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանը՝ իր «Հունց ապրինք» շարքի համար։
«Իմ բոլոր հերոսները տալիս են այն հարցի պատասխանը, որը 2020 թվականից հետո բոլորս փնտրում ենք․ ինչպե՞ս ապրել այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ։ Իմ հերոսները կյանքը զրոյից սկսող արցախցիներն են։ Եվ ես փորձում եմ նրանց «ինչպես ապրելու» բանաձևը տալ»,- ասաց Հասմիկ Սմբատյանը։

Հասմիկ Սմբատյանը
Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի և 50․000 դրամ պարգևի արժանացավ երիտասարդ լրագրող Լուսինե Հակոբյանը՝ Պայքար երկու ճակատում․ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն Անդրանիկ Ավետիսյան պատմության համար։
«Ազատություն» ռադիոկայանը «Թվապատում 2025»-ի ընթացքում արժանացավ 3 մրցանակի։ Ազատության խմբագիր Հեղինե Բունիաթյանի Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի նյութը Դիտակ հետաքննական լրագրության անվանակարգում ճանաչվեց լավագույնը և պարգևատրվեց 200․000 դրամով։
Հանձնաժողովի անդամ Տիրայր Մուրադյանը ներկայացրեց, թե մրցանակակրին ընտրելիս ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել։
«Առաջին հերթին գնահատվել է հրապարակման ազդեցիկությունը և հանրության համար թեմայի արժեքավոր լինելու հանգամանքը։
Հեղինակը, պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները, իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի օգնությամբ, բացահայտել է Հայաստանի հանրային քաղաքական կյանքի ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած բանակցությունների փուլերից մեկը։ Հաշվի առնելով նաև լուսաբանված թեմայի առանձնահատկությունը և հավասարակշռություն, բալանս ասվածը պահպանելու անհրաժեշտությունը՝ կարծում եմ շատ ցանկալի ու արժեքավոր կլինի, եթե հեղինակը անդրադառնա նաև բանակցությունների մյուս փուլերին»,-ասաց Հետքի լրագրող Տիրայր Մուրադյանը։
«Ականջօղ» անվանակարգում, որը խրախուսում է կնոջ ու տղամարդու հավասարության, նրանց դերերի ժամանակակից ընկալումների լուսաբանումը, հանձնաժողովը հաղթող ճանաչեց և 200․000 դրամով պարգևատրեց Ամփոփ մեդիայի լրագրող Լիլիթ Հովհաննիսյանին՝ Դատարկ աթոռներ, լռեցված ձայներ․ Գենդերային հավասարության պայքարը ՏԻՄ-երում նյութի համար։

Լիլիթ Հովհաննիսյան
Հանձնաժողովի անդամ, Ինֆոքոմի խմբագիր Սևակ Մամյանը մրցանակը հանձնելիս պատմեց, որ իրեն հատկապես տպավորել էր այն, որ ավագանու անդամ կնոջ պատմությունը ներկայացնելուն զուգահեռ, հեղինակը նաև տվյալների մեծածավալ վերլուծություն էր իրականացնել ու ներկայացրել նաև մյուս համանքներում ավագանու աշխատանքներին կանանց մասնակցության ցուցանիշները։
«Այս մրցանակաը նաև այն բոլոր կանանց աշխատանքի գնահատականն է, որոնք, չնայած ճնշումներին, իրենց նկատմամբ տարածվող գենդերային ապատեղեկատվությանը, այդուհանդերձ, շարունակում են համառորեն պայքարել հանրային քաղաքական կյանքում իրենց ներկայությունը ունենալու համար»,- ասաց Լիլիթ Հովհաննիսյանը ։
Այս անվանակարգում հանձնաժողովն առանձնացրեց և գնահատեց նաև Բուն TV-ի լրագրողներ Լիլիթ Մուսյուկի և Արեն Ոսկանյանի հեղինակած «Ազատագրված տղամարդիկ» շարքը։
Հաջորդ երեք անվանակարգերում հաղթող ճանաչվեցին ՍիվիլՆեթի լրագրողները։

ՍիվիլՆեթի մրցանակակիրները
«Տուն և տեղ» անվանակարգում հաղթող ճանաչվելու մասին փաստող արձանիկն ու 200․000 դրամ պարգևատրումը ստացավ ՍիվիլՆեթի լրագրող Լուսինե Վարդանյանը՝ Դիսկո «Զարթոնք»․ տիեզերք հասած հայկական կոլխոզը տեսանյութի համար։
Այս անվանակարգում ներկայացվում են քաղաքային ու գյուղական համայնքերի զարգացման մասին պատմությունները:
Ճգնաժամերի և հակամարտությունների մարդասիրական խնդիրներին առնչվող «Արտակարգ գրություն» անվանակարգը իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։ Եվ այս անվանակարգում հաղթողին ընտրելու համար մասնագիտական թիմին էր միացել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Հաղթողը՝ ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը, ընտրվել էր միաձայն։ Սեպտեմբերի 25․ վերջին «կրակը» մարող Արցախում տեսանյութի համար Հայկն արժանացավ 200․000 դրամ պարգևատրման։
Այս անվանակարգում հանձնաժողովը հատուկ մրցանակ շնորհեց և 150․000 դրամով պարգևատրեց Մեդիալաբի լրագրող Վահե Ներսիսյանին՝ Ջեկո ձի պատմությունը կոմիքսների միջոցով ներկայացնելու համար։

Վահե Ներսիսյան
«Լուսաբանելով գիտությունը» անվանակարգի աջակիցն էլ «Գիտուժ» նախաձեռնությունն է։ Այս անվանակարգի գնահատմանն էլ մասնակցել է «Գիտուժ»-ի Հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը։
Այս անվանակարգում հանձնաժողովն այս տարի հիմնական մրցանակ չշնորհեց։ Հատուկ մրցանակ և 150․000 դրամ պարգև ստացավ ՍիվիլՆեթը՝ գիտական թեմաները հետևողականորեն և շարունակական կերպով հանրահռչակելու համար։