ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից հետո Capital One մարզադահլիճում ստորագրում է իր առաջին հրամանագրերը։ 20 հունվարի, 2025թ․։ Լուսանկարը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի X-ի էջից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ ԱՄՆ-ի արտաքին ֆինանսական աջակցության ծրագրերի կասեցումը բարդ ու անորոշ իրավիճակ է ստեղծել ինչպես համաշխարհային մեդիադաշտում, այնպես էլ Հայաստանում։

«Լրագրողներ առանց սահմանների»-ին, հղում անելով ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) 2023թ․-ի զեկույցին, գրում է, որ գործակալությունը միայն այդ տարի աշխարհում ֆինանսավորել է 6200 լրագրողների վերապատրաստումը, աջակցել է 707 խմբագրությունների աշխատանքին, աջակցել է մեդիաոլորտում աշխատող 279 հասարակական կազմակերպությունների՝ անկախ մեդիայի ամրապնդման և դաշտի բարելավման ջանքերին։ Ըստ նույն հոդվածի, ԱՄՆ Կոնգրեսն 2025թ․-ի համար ավելի քան 268 միլիոն դոլարի օժանդակություն էր տրամադրելու տարբեր երկրներում գործող անկախ լրատվամիջոցներին։

Հայաստանում ժողովրդավարության կայացմանը նպաստելու համար պետական կառույցներից բացի, ԱՄՆ ՄԶԳ-ից աջակցություն էին ստանում նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տարատեսակ սոցիալական նախաձեռնություններն ու անկախ լրատվամիջոցները։

Նյուսրում

Անկախ մեդիային աջակցելու համար գրեթե 2 տարի առաջ մեկնարկել էր ԱՄՆ ՄԶԳ -ից ֆինանսավորվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը» (Media Program in Armenia)։ 15 մլն ԱՄՆ դոլար բյուջե ունեցող հնգամյա ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից երբևէ տրամադրված ամենախոշոր ներդրումն էր հայաստանյան մեդիադաշտում։

Ծրագիրն աջակցում էր անկախ լրատվամիջոցների նորարարական նախագծերին, տեխնիկական վերազինմանը, ռազմավարական զարգացմանը և այլն։ Մեդիաոլորտի հասարակական կազմակերպությունները «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի շրջանակներում շարունակում էին աշխատել Հայաստանում մեդիադաշտի առողջացման ու որակյալ տեղեկատվական միջավայրի կայացման, մեդիաոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ։

ԱՄՆ ՄԶԳ այլ ոլորտներում ծրագրերի մեդիա բաղադրիչները ևս աջակցություն էին Հայաստանի անկախ լրատվամիջոցների համար։ Օրինակ, հակակոռուպցիոն ծրագրերում կարևոր էր հետաքննող լրագրողների դերը՝ հանրային գնումների գործընթացում չարաշահումները բացահայտելու համար։ Սոցիալական կամ էներգետիկ բարեփոխումներին աջակցող ծրագրերում լրագրողները մասնակցում էին հանրության տեղեկացվացությանն ուղղված բովանդակություն ստեղծելով և այլն։

ԱՄՆ-ի տարբեր գործակալությունները միակ դոնորները չեն լրատվամիջոցների համար։ Բազմաթիվ Եվրոպական, պետական և մասնավոր հիմնադրամներ, կազմակերպություններ շարունակում են իրենց աջակցությունը լրատվամիջոցներին, այդ թվում Հայաստանում։ Սակայն աշխարհի խոշորագույն աջակցություն տրամադրող երկրի այդ օգնության սառեցումը լուրջ ազդեցություն կունենա։

Մեդիափորձագետների ու շահառու լրատվամիջոցների ղեկավարների կարծիքով մեր հասարակությունը կարող է կանգնել ինֆորմացիոն լուրջ մարտահրավերների առաջ։ Կնվազի անաչառ ու որակյալ լրատվության ծավալը, ինչն անմիջականորեն կազդի նաև ժողովրդավարության մակարդակի վրա, խնդիրներ կառաջանան թվային անվտանգության ոլորտում։

Ոչ թափանցիկ ֆինանսավորման հոսքերի աճ

Այս որոշումը թե՛ մեդիաոլորտի, թե՛ տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների օրակարգի վրա շատ բացասաբար է ազդելու։ Բացասական կարող է ազդել ժողովրդավարական ինստիտուտների վրա։ Ժողովրդավարությունը ընդհանրապես հիմնված է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածության վրա, իսկ դա անհնարին է առանց համապատասխան տեղեկատվական միջավայրի, առանց հետաքննական, առանց որոշումներին նպաստող լրագրության ժանրերի կայացման։

ԱՄՆ ֆինանսական աջակցության դադարեցման արդյունքում թիրախում են հայտնվել մեր անկախ և համեմատաբար որակյալ լրատվամիջոցները։ Ֆինանսական դժվարություններից ելնելով՝ նրանք կնվազեցնեն իրենց գործունեության ծավալները, ինչն անմիջականորեն կազդի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։

Եթե շատ կոպիտ ներկայացնենք մեր լրատվական դաշտը, ապա կարող ենք ասել, որ ունենք երեք տեսակի լրատվամիջոց։ Առաջինը քաղաքականացված լրատվամիջոցներն են, որոնք անմիջապես հարում են այս կամ այն քաղաքական ճամբարին, ֆինանսական ռեսուրսներ են ստանում նրանցից, օգտագործում են քարոզչության բավականին կոշտ, եթե չասեմ դաժան միջոցներ։

Երկրորդը դեղին մամուլի սկզբունքներով առաջնորդվող լրատվամիջոցներն են, որոնք չեն հետևում մասնագիտական, էթիկական որևէ կանոնի, չեն կրում հանրային պատասխանատվություն և հաշվետու չեն հասարակության առաջ։ Նրանց միակ նպատակը ֆինանսական հոսքեր ապահովելն է։

Երրորդ խումբն անկախ լրատվամիջոցներն են, որոնց եկամտի հիմնական աղբյուրը դրամաշնորհներն են։ Եթե այս երրորդ խումբը թուլանում է, բնականաբար մեծանում է նախորդ երկուսի դերակատարությունը։ Ստեղծված իրավիճակում մեծ է հավանականությունը, որ այս տարբերակը կարող է տեղի ունենալ և հենց այս 2 տեսակի լրատվամիջոցներն էլ կձևավորեն տեղեկատվական միջավայրը։ Սա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել 2026-ի ընտրությունների նախաշեմին։ Բնականաբար այս ամենը չի բխում քաղաքացիների շահերից։

Որոշման արդյունքում նաև կարող է հետևյալ խնդիրն առաջանալ․ իրենց գոյությունը պահպանելու համար լրատվամիջոցները կարող են գայթակղվել ոչ այնքան թափանցիկ ու ոչ այնքան ազնիվ ֆինանսական աղբյուրներով։ Սրանք կարող են լինել ոչ միայն ներքին ոչ թափանցիկ աղբյուրներ, այլ նաև՝ արտաքին։

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Խոցելի թվային անվտանգություն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի ֆինանսավորման մոտ 70%-ը սառեցված է։ Շատ ծրագրեր կիսատ են մնացել, շատերի աշխատավարձերը չենք վճարել։ Աշխատակազմը սկսել ենք կրճատել։ Դա նշանակում է, որ թվային անվտանգության ոլորտում մեր աջակցության մակարդակը կրճատվելու է։ Սա էլ նշանակում է, որ մեդիադաշտում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում թվային անվտանգության մակարդակն է նվազելու։

Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու սրանից հետո։ Ռուս, ադրբեջանցի, պակիստանցի և մյուս ազգերի ցանցահեններն արդեն գիտեն, որ ամերիկյան ֆինանսավորումից սնվող կազմակերպությունները ֆինանսական խնդիրներ ունեն և բավականաչափ ռեսուրս չունեն անվտանգային ոլորտին տրամադրելու համար։

Դա նշանակում է, որ հարձակումների ինտենսիվությունը մեծանալու է, այդ հարձակումները, ոչ թե կասեցվելու են, այլ հասնելու են իրենց նպատակին, քանի որ պաշտպանողների կարողությունները կտրուկ թուլացել են։ Սա անմիջականորեն ազդելու է ամբողջ հասարակության վրա։

Եվ խնդիրն այն է, որ եթե անգամ այդ դրամաշնորհային ծրագրերը վերականգնվեն, շատ դժվար կլինի մեր կազմակերպության աշխատանքը նույնությամբ, նույն ռիթմով շարունակել, որովհետև թիմի առումով արդեն կրճատումներ ու կորուստներ ունենք, որը լուրջ խնդիր է։

Արթուր Պապյան, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի գործադիր տնօրեն

Հետաքննական լրագրության ծավալի կրճատում

Ինչպես մյուս բոլոր անկախ լրատվամիջոցներում, այնպես էլ Հետքում եկամտի հիմնական աղբյուրը դրամաշնորհային միջոցներն են։ Իհարկե, մենք փորձում ենք սեփական հոսքեր ապահովել, բայց դրանք շատ փոքր տոկոս են կազմում։

Այս տարիների ընթացքում մենք իհարկե դիվերսիֆիկացրել ենք մեր ֆինանսական հոսքերը, սակայն միևնույն է ԱՄՆ-ի ֆինանսավորումը բավականին մեծ տոկոս էր կազմում մեր բյուջեում։ Ծրագրեր ունենք, որոնք այս պահին դադարեցված են։ Դրանցից մեկն օրինակ վերաբերում էր տեխնիկական ինստիտուցիոնալ աջակցությանը, փաստերի ստուգմամբ զբաղվող լրատվամիջոցների և անդամ լրագրողների աջակցության ծրագիր ունեինք, որը նույնպես դադարեցված է։

Հասկանալի է չէ՞, թե օրինակ փաստերի ստուգման ոլորտի զարգացումը որքան կարևոր է մեր հասարակության ու պետության համար և նմանատիպ ծրագրերի դադարեցումը որքան լուրջ վնասներ է հասցնելու նաև ամբողջ հանրությանը։

Ամենամեծ խնդիրը, որն ունենք այս պահին, կապված է Հետք Մեդիա Գործարանի գործունեության հետ, քանի որ այն ամբողջությամբ ԱՄՆ պետական դեպարտամենտի ֆինանսավորմամբ էր իրականացվում։ Մեդիա Գործարանի աշխատանքն իսկապես կարևոր է հետաքննական, փաստերի ստուգման, տվյալների լրագրության ոլորտներում երիտասարդ որակյալ կադրեր պատրաստելու առումով։ Մենք չենք կարող ուսումնական տարվա կեսից ծրագիրը դադարեցնել։ Այն խնդիրներ է առաջացնում նաև հանրային պատասխանատվության առումով։ Հիմա փորձում ենք վարձակալության գումարը գտնել և ապահովել կրթական գործընթացի շարունակականությունը։

Փորձում ենք տարբեր շտապ օգնության ֆոնդեր գտնել։ Սեփական ֆինանսական միջոցները գեներացնելու համար կարծում եմ կգնանք ծառայությունների մատուցման ոլորտում մեր ունակությունները մոնետիզացնելու ուղղությամբ։

Քրիստինե Բարսեղյան, Հետքի տնօրեն

Թիրախում անկախ մեդիան է

Թիրախում հենց այն լրատվամիջոցներն են, որոնք տարբեր տեսակի, գույնի և որակի տերեր չունեն։ Այս խնդիրն ունեն այն կազմակերպությունները, որոնց միջոցները տարբեր տնտեսական շահառուներից, Հայաստանյան քաղաքական դերակատարներից անկախ են։

Բուն TV-ն հեռարձակվում է հանրային մուլտիպլեքսի միջոցով, ամեն ամիս մենք 1,5 միլիոն դրամ պետք է վճարենք ՀՀՌՑ-ին՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար և էլի բազմաթիվ ադմինիստրատիվ ծախսեր ունենք, որոնք անխուսափելի են։ Հիմա փորձում ենք որոշակի օպտիմալացումներ իրականացնել։ Տասը տարբեր կազմակերպությունների հետ էինք աշխատում, որոնք էլ այս կամ այն կերպ ԱՄՆ ՄԶԳԻ-հետ էին աշխատում։ Մեր բյուջեի մոտավորապես 45%-ը գոյանում էր ամերիկյան ֆինանսական միջոցներից։

Կարծում եմ՝ պետությունը պետք է քաղհասարակությանը, անկախ մեդիային որոշակի ուղղություններով աջակցի՝ առանց ակնկալելու համախոհություն տվյալ օրվա իշխանության նկատմամբ։ Իհարկե, մեր նման պետություններում մի քիչ դժվար է դա պատկերացնել, բայց դա ճիշտ ճանապարհն է։

Ինձ թվում է լուծումներից մեկը խոշորացումն է: Այսինքն, նույն ուղղվածությունն ունեցող մի քանի կազմակերպություններ կմիավորվեն, որ կարողանան շարունակել աշխատել։ Կարող ենք անկախ մեդիաներով նաև սեյլս հաուս բացել, այդպես մենք ավելի հետաքրքիր կլինենք գովազդատուին։

Գեմաֆին Գասպարյան, Բուն TV-ի գործադիր տնօրեն

Մեդիայի՝ վերասհկող ու զսպող դերի նվազում

ԱՄՆ ՄԶԳ -ից ֆինանսավորվող «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագիրը շատ կարևոր էր հայկական մեդիայի ռազմավարական զարգացման համար։ Գուցե, եթե այն ամբողջությամբ իրականացվեր, նման կասեցում չլիներ, հայաստանյան անկախ խմբագրությունները զարգացման նոր մակարդակ ձեռք կբերեին և ավելի դիմակայուն կլինեին նմանատիպ իրավիճակներում։

Այս փոփոխության արդյունքում կնվազեն խմբագրությունների ռեսուրսները, կնվազի նաև այն մեդիաբովանդակությունը, որն ուղղված էր պետական համակարգի աշխատանքն ավելի թափանցիկ ու հաշվետվողական դարձնելուն։ Մեդիաները պետական մարմինների կառավարման արդյունավետությանը հետևող առաջնային օղակն են։ Կառավարող ուժին զսպող հիմնական գործոններից մեկն են, ինչը կարծում եմ այս դեպքում որոշակիորեն կթուլանա։ Իհարկե, այստեղ մեծ է նաև քաղհասարակության դերակատարումը, սակայն կարծում եմ մեդիայի դերակատարումն ամենաառաջնայինն է։

Մեդիայի աշխատանքի արդյունքում է հանրությունը հնարավորություն ստանում կարծիք կազմել ու գնահատել կառավարման արդյունավետությունը, դիրքորոշումներ ձևավորել՝ հիմնվելով տարբեր հետաքննությունների, տարբեր վերլուծական հոդվածների ու հրապարակումների վրա։ Այս դեպքում հանրություն էլ է կանգնում լուրջ խնդիրների առաջ։ Առանց անկախ մեդիայի, քաղաքացին միշտ չէ, որ ինքնուրույն կարող է կշռադատված որոշումներ կայացնել։ Եվ առաջիկա նախընտրական շրջանում անկախ կամ հետաքննող մեդիայի խնդիրները, ըստ էության դառնալու են հանրության խնդիրները։ Այս շրջանում կառավարող ուժը առավել ազատ գործելու, երբեմն էլ առանց վերահսկողության գործելու հնարավորություն է ստանալու։ Ես հուսով եմ, որ ինչ որ մի փուլից մեր հանրությունը կունենա այն գիտակցումը, որ այս կարևոր գործառույթ իրականացնող մեդիայի առաջնային ֆինանսավորողը հենց ինքը պետք է լինի։

Սևակ Մամյան, Ինֆոքոմի խմբագիր

Մարտահրավեր մեդիա դաշտի համար

Ամերիկյան օգնության սառեցումը լրջագույն խնդիր է բազմաթիվ երկրների տարբեր ոլորտների համար՝ առողջապահությունից, սննդամթերքի մատակարարումից հետպատերազմյան վերականգնումից և փախստականներից մինչև ճանապարհաշինություն, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարում և այլն։

Այդ ցուցակում լրատվամիջոցները վերջին տեղը չեն գրավում, հատկապես այն երկրներում, որտեղ շուկան չի ապահովում, իսկ պետությունը հաճախ խոչընդոտում է ազատ մամուլի գործունեությունը։ 2023-ին 30 երկրի մեդիային է օգնություն տրամադրվել միայն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից՝ ֆինանսական, տեխնիկական, խորհրդատվական, իրավական։ Այդ երկրների թվում նաև Հայաստանն է, որտեղ «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում անցած մեկուկես տարվա ընթացքում 63 լրատվամիջոց օգտվել է դասընթացների, թվային, իրավաբանական ու հոգեբանական աջակցությունից, ստացել է խորհդատվություն։ 16 խմբագրություն ստացել է դրամաշնորհ։

Այդ աջակցության մաս է միշտ կազմել շուկայական մեխանիզմների զարգացումը՝ համապատասխան գործիքներ, գիտելիքներ, պայմաններ ստեղծելու համար։ Այդ ուղղությունը 1995 թվականից դրամաշնորհային ծրագրերի լուրջ բաղադրիչ է եղել։ Չմոռանամ նշել, որ աջակցության ծրագրերը միշտ բաց և թափանցիկ են եղել, և պահանջել են լրատվամիջոցներից լրջագույն աշխատանք, ստեղծագործական մոտեցում և նորարարություն, ոչ պակաս ջանք, քան ցանկացած այլ աղբյուրից գումար հայթայթելը։

Սակայն չեն կարող լրատվամիջոցները լինել ինքնաբավ և կայուն մի երկրում, որը ինքը կայուն չէ։ Մեդիան երկրի տնտեսության մաս է, և անցնում է նույն ճանապարհը, որն անցնում են այլ ոլորտները։ Սրան ավելացնենք վերջին 30 տարվա բոլոր քաղաքական ցնցումները, լրատվամիջոցների առջև կանգնած համաշխարհային մարտահրավերները, Հայաստանում հեռարձակման թվայնացման բարդությունները, պատերազմերը։ Ի վերջո մեդիան բիզնես է, սակայն յուրահատուկ բիզնես, այսպես կոչված «բիզնես+», որի վրա ազդում են բոլոր քաղաքական փոփոխությունները։ Որպես հետևանք՝ համատեղել անաչառ, սուր, քննադատական, հետաքննական լրագրությունը (իսկ առանց սրության, հետաքննության, քննադատության ժուրնալիզմը, մեդիան մեղմ ասած իմաստ չունի) կոմերցիոն գործունեության հետ չափազանց բարդ է։ Սակայն ոչ անհնար։

Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր է Հայաստանի լրատվական դաշտի համար, բայց նաև հնարավորություն, որը պահանջում է որոշ քայլեր ձեռնարկել՝ համախմբում, ոչ ավանդական լուծումներ, մոնետիզացման գործիքների և ձևերի դիվերսիֆիկացիա, հնարավոր է նաև այլ, ռադիկալ լուծումներ։ Եւ ամենակարևորը՝ ռազմավարական միտք, քննարկումներ, զարգացման սցենարների մշակում։

Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Այս իրավիճակը հարցեր է առաջացնում նաև պետության համար, որը կարող է օգնել լրատվամիջոցներին հաղթահարել ճգնաժամը։ Աջակցությունը կարող է լինել դրամաշնորհների, որոշակի արտոնությունների, հարկերի վերադարձի մեխանիզմների մշակման, հանրային հեռարձակողի գովազդային եկամուտի վերաբաշխման կամ այլ տեսքով։ Աշխարհում մեդիայի աջակցության տարբեր մեխանիզմներ կան, որոնք կարող են կիրառվել Հայաստանում։ Քննարկելու, որոշելու և գործելու դաշտ կա։ Սակայն պետք է շատ զգույշ լինել և ստեղծել պայմաններ, երբ պետությունը աջակցում է մշակված քաղաքականության հիման վրա, սակայն չի կառավարում և չի ազդում լրատվամիջոցների խմբագրական ազատության և ստեղծվող բովանդակության վրա։