Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Տիգրան Ավինյան

ՍիվիլՆեթը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։  

Տիգրան Ավինյանը նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ անդրադառնալով իր ընտանիքի վերաբերյալ ՍիվիլՆեթի և Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության լուսաբանման նախագծի (OCCRP)՝ «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածին, այն անվանել էր «սուտ»։  

Բանավեճի ժամանակ քաղաքապետը նաև հայտարարել է, թե «մեդիան դարձել է մի մեծ աղբանոց»։ Հաղորդավարի նկատառումից հետո քաղաքապետն ասել էր, թե խոսքը որոշների, ոչ թե բոլորի մասին է։

Media.am-ի հետ զրույցում ՍիվիլՆեթ-ի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն ասաց, որ Տիգրան Ավինյանն այդ հայտարարությունը արել է ՍիվիլՆեթի հոդվածի քննարկման կոնտեքստում, և «ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ», ուստի լրատվամիջոցը որոշել է հայց ներկայացրել նրա դեմ։  

Խոսելով այն կարծիքների մասին, որ քաղաքապետի հայտարարությունն ընդհանրական է և նրա պաշտպանությունը կարող է արդարացվել այդ հիմքով, Կարեն Հարությունյանը կրկնեց, որ իրենք կարծում են, որ հայտարարությունն «իսկապես ուղղված էր ՍիվիլՆեթին, եթե անգամ ընդհանրական էր»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իսկապես դժվար կլինի դատարանում ապացուցել, որ քաղաքապետի միտքն ուղված էր հենց ՍիվիլՆեթին։ «Իրավաբանական տեսանկյունից հայցը թույլ հիմքեր ունի։ Վիրավորանքը կամ զրպարտությունը հասցեական պետք է լինեն, որպեսզի դատարանը բավարարի այն։ Մյուս կողմից, իհարկե, լրատվական դաշտը չէր կարող չարձագանքել պաշտոնիայի կողմից հնչեցրած նման հայտարարությանը»,- նշեց ԽԱՊԿ նախագահը։ 

Նա հիշեց, որ իշխող ուժի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ լրատվամիջոցների հայցը արդարացի էր, որովհետև օրենսդիրի ներկայացուցիչը հասցեական հայտարարություն էր արել, կոնկրետ անուններ էր թվարկել, իսկ Տիգրան Ավինյանի դեպքն այդպիսին չէ։