2024.11.25,

Նյուսրում

Ինչ դեր է խաղացել մեդիան Լատվիայի՝ ԵՄ-ին անդամակցելիս

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Երևանում տեղի ունեցավ «Լատվիայի եվրաինտեգրման փորձը․ դասեր Հայաստանի համար» թեմայով համաժողով, որն իրականացվում է Հայաստանում Լատվիայի դեսպանության աջակցությամբ և Լրատվամիջոցների գերազանցության բալթյան կենտրոնի ու Լատվիայի անդրատլանտյան կազմակերպության հետ համագործակցությամբ։ 

Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Լատվիան բազում փորձություններ ու մարտահրավերներ է հաղթահարել։ Որպես 20 տարվա ԵՄ անդամ-պետություն՝ Լատվիան արտաքին քաղաքականության ընտրության հարցում կարևորում է քաղաքացիական հասարակության և մեդիայի դերը։ 

Լատվիան օրինակ է, թե ինչպես փոքր երկիրը դարձավ գլոբալ քաղաքականության մեջ դերակատար, անդամակցեց ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, ձեռք բերեց ազդեցություն։ 2025թ․-ն էլ  Լատվիայի համար կարևոր տարի է լինելու, քանի որ այն մասնակցելու է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) անդամության ընտրություններին։ 

Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին ընդգծեց ԶԼՄ-ների դերը փաստական տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու գործում: Նա նշեց, որ հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում, երբ երկիրը բախվում է անվտանգության հետ կապված մարտահրավերներին, հանրային ավելի խորը ըմբռնման համար բոլոր փոփոխությունները պետք է բացատրվեն։ 

Դեսպանը հայտնեց Լատվիայի` որպես ԵՄ-ում իրավահավասար խաղացող, գիտելիքի և օգնության դոնոր, անցումային գործընթացում ձեռք բերած փորձով կիսվելու պատրաստակամությունը։  

Լատվիայի անդրատլանտյան կազմակերպության՝ LATO-ի փորձագետ Իննա Շտեյնբուկան ներկայացրեց կատարված բարեփոխումների ճանապարհը Լատվիայի անվտանգության, տնտեսական բարգավաճման և համաշխարհային ազդեցության բարձրացման ճանապարհին։ 

Ըստ նրա՝ առաջին քայլը, որը հարթեցրեց այդ ճանապարհը, մակրոտնտեսական կայունությունն էր, արագ կառուցվածքային բարեփոխումները։   

«2000-2006 թվականները մենք անվանում ենք վարկային բումի տարիներ։ Վարկերի տրամադրումը տարեկան 37-64% ընդլայնվեց: 2000թ․-ին ՀՆԱ-ի վարկը կազմում էր ընդամենը 18%, իսկ 2007թ․-ին այս թիվն աճել էր հասնելով 88%-ի։ Մինչև 2005 թվականը ազգային խնայողությունների հարաբերակցությունը կազմում էր ՀՆԱ-ի 23%-ը, իսկ 2007թ.-ին այն իջավ մինչև15%, քանի որ էժան փողը լցվեց Լատվիայում>,- ներկայացրեց Իննա Շտեյնբուկան՝ նշելով, որ տրամադրված վարկը ծառայեց սպառման և անշարժ գույքի խթանմանը, ոչ թե տնտեսական կարողությունների ընդլայնմանը։  

Զուգահեռաբար կառավարությունը խնայողություններ արեց առողջապահության, կրթության և պետական կառավարման ոլորտներում, մրցունակ դարձան աշխատավարձերը, ստեղծվեց սոցիալական ապահովության ցանց, բարելավվեց առևտրային բանկերի և ոչ ռեզիդենտ ավանդատուների նկատմամբ վերահսկողությունը։ Շտեյնբուկան կարևորեց նաև Լատվիայի ոչ շտապողականությունը՝ նշելով, որ երկիրը միայն 2014 թվականի հունվարի 1-ին միացավ եվրոյի գոտուն՝ դառնալով ԵՄ 28 անդամ երկրների կազմում 18-րդ երկիրը,ինչն օգնեց իրենց խուսափել արևմտյան ֆինանսական ճգնաժամից։ 

«Ճգնաժամից ելք միշտ կա։ Համարձակ որոշումները պետք է կայացվեն առանց ուշացման: Այդ որոշումների կայացման մեջ կարևոր է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների դերը»,- շեշտեց փորձագետը։

Լատվիացի մեդիափորձագետ Մարթա Ռիբելեն պատմում էր, թե ինչ մեծ աշխատանք են տարել լատվիական լրատվամիջոցները՝ ԵՄ անդամակցությունից առաջ ու դրա ժամանակ։ Նա ասաց, որ այդ տարիներին լատվիական մեդիան այդքան էլ զարգացած չէր, բայց դերն անփոխարինելի էր։   

«Գոյություն ունի եվրոպական օրենսդրություն, որտեղ կան բազմաթիվ գլուխներ, օրինակ՝ ձկնաբուծություն, գյուղատնտեսություն, սննդի անվտանգություն։ Տարվում են բանակցություններ, որոնց ժամանակ օրենսդրության բոլոր գլուխները պետք է բանակցվեն։ Ամենայն մանրամասներով քննարկվում է՝ իրավունք կա՞ ձուկը վաճառել օտարերկրացիներին, թե ոչ, ինչպիսին պետք է լինի ձկան որակը և այլն։ Ազգային օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ օրենսդրությանը։   

Ես՝ որպես նախկին լրագրող, ակտիվորեն լուսաբանում էի այս ամենը, բայց վստահ եմ, որ ոչ բոլոր ընթերցողներն էին հասկանում, թե ինչու է այս ամենը կարևոր, ինչ է դա իրենից ենթադրում։ Լրագրողներն իրենց հոդվածներում օգտագործում են բարդ ժարգոն՝ բանակցային ժարգոն, որն ընթերցողին հասկանալի չէ։ Մենք բարձրացրինք այս հարցը, որպեսզի մեզ տրվի ավելի մատչելի ու հասկանալի լեզվով տեղեկատվություն, քանի որ խոսքը գնում է մարդկանց ապագայի մասին, պետք է հասկանան, թե իրենց ինչ է սպասվում ԵՄ անդամակցությունից հետո»,- պատմեց Մարթա Ռիբելեն։  

Ըստ նրա՝ Հայաստանը հիմա գտնվում է ավելի շահեկան վիճակում, քան 20 տարի առաջ Լատվիան, քանի որ կա համացանց, որը հնարավորություն է տալիս տեղեկատվությունն ավելի արագ տարածել, ընտրել տեղեկատվության տարածման ավելի ժամանակակից ֆորմատներ, որոնք կօգնեն մարդկանց ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում։   

Հաջորդ փուլը, որի առաջ կանգնեցին լատվիական լրատվամիջոցները՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի փուլն էր։ Մարթա Ռիբելեն հիշեց, որ Լատվիայի կառավարությունը լայնածավալ արշավ կազմակերպեց, նկարահանվեցին բազմաթիվ տեսանյութեր՝ ի օգուտ և ի դեմ ԵՄ անդամակցությանը, որպեսզի մարդիկ կարողանան ընտրություն կատարել։ Ըստ նրա՝ արվեց ամեն ինչ, որպեսզի իսկապես ապահովվի բազմակարծություն և մարդկանց տրվի համակողմանի ինֆորմացիա ԵՄ անդամակցության դրական ու բացասական կողմերի մասին։  

Տեղեկատվական արշավը չկանգնեց անգամ ԵՄ-ին Լատվիայի անդամակցությունից հետո․ սկսվեց երրորդ փուլը, քանի որ առաջացան խնդիրներ, պարզվեց, որ Լատվիան դեմ է որոշակի օրենսդրական կարգավորումների ընդունմանը։ 

«Մարդիկ կոնկրետ ակնկալիքներ ունեին, ուզում էին իմանալ՝ անդամակցությունից հետո ինչքան կդառնա իրենց աշխատավարձը, ինչպես կլինի գյուղմթերքի արտահանումը և այլն։ Նրանք կոնկրետ պատասխաններ էին ուզում։ Եվ շատ կարևոր էր մարդկանց տալ այս հարցերի պատասխանները երկու համատեքստում էլ՝ ինչպիսին կլինի այդ ամենը անդամակցությունից հետո և ինչ կլինի, եթե անդամակցություն չլինի։ Լրատվամիջոցները պարտավոր են ձևավորել պատշաճ ընկալում»,- մանրամասնեց Մարթա Ռիբելեն։ 

Ինչպես է աշխատում եվրոպական համակարգը, որոնք են ԵՄ կառույցները, փորձել պարզել ԵՄ ներքին խոհանոցը, հասկանալ՝ հանձնաժողովի, խմբերի տարբերությունը, ովքեր են որոշում կայացնում և ինչպես, քանի որ անդամակցությունից հետո ԵՄ կյանքը դառնալու է երկրի կյանքը, այս հարցերի պատասխանները լրագրողների օգնությամբ պետք է փոխանցվեն մարդկանց՝ համոզված է Մարթա Ռիբելեն։ 

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմայով ԵՄԱ հետազոտության արդյունքները։ Այն անցկացվել է երկու տարի առաջ, սակայն դեռ արդիական է։ Ըստ հետազոտության, մինչև 2021 թվականի ավարտը լրատվամիջոցների հրապարակումներում ընդհանուր առմամբ արտաքին խաղացողների նկատմամբ հասարակության վստահության անկման միտում կար։ Առկա էին անվտանգության հարցերի շուրջ մտահոգություններ, ծայրահեղ փոփոխական են եղել միջազգային համատեքստի վերաբերյալ դիրքորոշումները, իսկ արտաքին գործընկերների հետ համագործակցությունները կախված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում նրանց միջնորդության արդյունավետությունից։   

«Հանրային կարծիքի այն առաջնորդների դիտարկումները, որոնք ձգտում էին անաչառորեն ներկայացնել իրադարձությունների պատկերը, ավելի քիչ էին գրավում հայկական լսարանի ու լրատվամիջոցների ուշադրությունը, քան՝ քաղաքական որոշակի օրակարգ ունեցող անձանց կարծիքները: Այսօր էլ ավելի լայն է ներկայացվում այն մարդկանց կարծիքը, ովքեր Եվրամիության և առհասարակ միջազգային խաղացողների մասին հստակ քաղաքական կողմնորոշում ունեն: Նրանք, ովքեր փորձում են հավասարակշռված պատկեր ներկայացնել, ավելի քիչ տեղ ունեն լրատվամիջոցներում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:   

Բորիս Նավասարդյանը նկատել է, որ հայաստանյան լրատվամիջոցներն ուշադրություն չեն դարձնում ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարմանը։  

«Պայմանագրի կատարման վերաբերյալ համարյա ոչ մի լուսաբանում չկա։ Սա լուրջ թերություն է, քանի որ հենց սա է կենդանի գործընթացը, որն այսօր կա կողմերի միջև։ Փոքր ուշադրություն կա նաև բարեփոխումների օրակարգի վրա։ Խոսվում է, որ մենք եվրոպական ազգ ենք, եվրոպական քաղաքարկրթությամբ, բայց վերլուծությունները, թե ինչ է պետք անել խորացնելու համար կապերը, չկա։ Հռետորաբանության մակարդակով ակտիվ է նաև Եվրամիության անդամակցության գաղափարը, բայց դրա համար ինչ է պետք, խորը և հետևողական քննարկում չկա»,- մանրամասնեց Բորիս Նավասարդյանը։  

Համաժողովի վերջին հատվածում լատվիացի մեդիափորձագետ Ռիտա Ռուդուսան լատվիական մեդիայից դեպքերի հիման վրա մեդիա էթիկայի ու հանրային շահի թեմայով կարճ դասընթաց վարեց տեղացի լրագրողների համար։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *