Հունիսի 12-ին Երևանում խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների, ինչպես նաև ցուցարարների հետ ոստիկանների բախումների հետևանքով տուժել են նաև տեղում աշխատող լրագրողներ, օպերատորներ և լուսանկարիչներ։
Նրանցից ոմանք շարունակում են բուժում ստանալ բժշկական հաստատություններում, մյուսները դուրս են գրվել ու շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտքը։
Media.am-ը պարզեց, որ դեպքի վայրում աշխատող լրագրողներից ոչ բոլորն ունեն ապահովագրություն։ Նրանք չեն ունեցել նաև հատուկ միջոցներ՝ պաշտպանվելու ոստիկանության հնարավոր գործողություններից, որովհետև «նման սցենարի պատրաստ չեն եղել»։
NEWS.am-ի օպերատոր Վազգեն Եթումյանը, որը ստացել է ոտքի կոտրվածք ու բեկորային վնասվածք, շարունակում է գտնվել Առաջին համալսարանական հիվանդանոցում։
Կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ այս պահին օպերատորի ոտքին գիպս են դրել, բայց շատ հնարավոր է, որ վիճակից կախված կայացնեն վիրահատելու որոշում։
Հովհաննիսյանը նշում է, որ թեև օպերատորը չունի բժշկական ապահովագրություն, բայց ծախսերը պետք է հոգա պետությունը, քանի որ Վազգենը տուժել է ոստիկանության գործողությունների հետևանքով՝ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ։
«Եթե անհրաժեշտություն առաջանա վճարելու, մենք, իհարկե, պատրաստ ենք վճարել, բայց հույս ունենք, որ ամեն ինչ կարվի պետպատվերի շրջանակներում։ Ես զրուցել եմ երեկ օպերատորի հետ, հարցրել եմ՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Հարցրել եմ՝ Վազգեն, լսե՞լ ես որ հայտարարեն, ոստիկանությունը պատրաստվում է հատուկ միջոցներ կիրառել և որ լրագրողները պետք է դուրս գան։ Ասաց, որ ոչ, նման հայտարարություն չի եղել։ Հակառակ դեպքում ինքը այլ վայրից կնկարեր։ Ավելին, Վազգենը պատմում է, որ երբ սկսել են լուսաձայնային նռնակներ կիրառել, ինքը մարդկանց հետ փախել է դեպի Սիրահարների այգի, բայց այնտեղ էլ սկսել են փախչող մարդկանց վրա նետել»,- ասում է փոխխմբագիրը։
Նա նշում է, որ իրենք լրագրողների համար սաղավարտների և այլ հատուկ պաշտպանիչ միջոցների կարիք չեն տեսել, որովհետև նման գործողություններն անակնալ են եղել։
Նույն վայրում բախումների ժամանակ վնասվել է նաև ՍիվիլՆեթի օպերատորի ոտքը։ Նա ունի սալջարդ։
Կայքի խմբագիր Կարեն Հարությունյանը պատմում է, որ օպերատորն ունեցել է բժշկական ապահովագրություն, բայց ինքը տեղյակ չէ՝ արդյոք հիվանդանոցային պայմաններում ստացված օգնությունը ապահովագրության, թե պետպատվերի շրջանակներում է կատարվել։ Նրա փոխանցմամբ, օպերատորը գտնվում է տանը, բայց բժիշկների հսկողության ներքո։
MediaHub.am-ի լրագրող Նարե Գևորգյանն էլ որովայնի շրջանում սալջարդ է ստացել։ Պատմում է, որ բախումները սկսվել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում, երբ Սրբազան հայրն ու ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը ոստիկաններին հորդորում էին բացել պատը, որպեսզի պատգամավորը գնա ԱԺ՝ մասնակցելու նիստին։
«Ոստիկանությունը հայտարարեց, որ եթե ակցիայի մասնակիցները հետ չգնան, հատուկ միջոց է կիրառվելու։ Բայց, քանի որ սարսափելի աղմուկ էր, վստահ եմ, որ ոչ ոք չի լսել, ես լսել եմ, քանի որ անմիջապես իրենց դիմաց էի կանգնած ու լսել եմ շատ ցածր։ Ինչևէ, անհասկանալի ձևով կողմերը սկսեցին իրար հրել, ահավոր ուժով երկու կողմից էլ հրում էին։ Մենք՝ լրագրողներս, էդ հրմշտոցի ժամանակ, բառի բուն իմաստով ճզմվում էինք։ Էդ ընթացքում լրագրողներից շատերն անգամ գետնին ընկան։ Կոնկրետ ես եղել եմ Սրբազանի կողքին, իմ հետևում ABC media-ի լրագրող Նանեն էր ու իր օպերատորը, որի շտատիվն էլ բախման ժամանակ, իհարկե ոչ իր մեղավորությամբ, սեղմվել էր ստամոքսիս։
Ինչ-որ պահի, երևի բախման հինգ կամ վեցերորդ րոպեում շունչս կտրվեց, կիսաուշաթափ վիճակում մի տղամարդ քաշելով ինձ դուրս է հանել, հետո գրկած տարել դեպի Բաղրամյան։ Շնչել չէի կարողանում, ստամոքսս ահավոր ցավում էր, մարդիկ ով ոնց կարողանում, օգնում էին, ջուր լցնում գլխիս, վզիս, որ ուշքի գամ։ Հետո շտապ օգնություն կանչեցին, էդ ժամանակ ես արդեն զանգել էի խմբագրություն ու ասել, որ գան հետևիցս։ Երբ շտապ օգնության մեքենան մոտեցավ, բժշկին ներկայացրի, որ շնչել չեմ կարողանում և որ ստամոքսի հատվածում ցավ կա։ Ես հրաժարվեցի շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելուց։ Խմբագրության մեքենան այդ ժամանակ ինձ մոտեցավ, եկանք Նաիրի ԲԿ, КТ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություն արվեց ու պարզվեց՝ սալջարդ ունեմ»,- պատմում է լրագրողը ու նշում, որ աշխատանքի ժամանակ առաջացած բոլոր վնասների դեպքում բժշկական ծախսերը հոգում է խմբագրությունը։
ABC media–ից էլ դեպքի վայրում երկու թիմ է աշխատել, որոնք փոխարինել են միմյանց։ Երկուսն էլ, ինչպես պատմում է լրագրող Նանե Հայրապետյանը, տուժել են։ Ինքն ու օպերատոր Արման Ղարիբյանը՝ հրմշտոցների ժամանակ, իսկ լրագրող Աղվան Ասոյանն ու օպերատոր Էդիկ Մալաքյանը՝ լուսաձայնային նռնակների կիրառման ժամանակ։ Նա նշեց, որ իրենց հետ էր նաև մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։
«Սրբազանը բեմից իջավ, մոտեցավ ոստիկաններին։ Ոստիկաններն ասացին, որ հեռու մնա իրենցից։ Սրբազանն ասաց, որ բախում չի լինելու։ Քաղաքացիները ձեռքերը վերև բարձրացրին՝ ի նշան նրան, որ գործողություններ չեն լինելու։ Բայց ոստիկանները սաղավարտների ապակիները իջեցրին ու միանգամից սկսեցին հրել։ Մենք ոստիկանների կողքին էինք կանգնած։ Ուժեղ հրում էին, ես ընկա դեպի քաղաքացիները, բայց այն կողմից էլ սկսեցին հրել, ես ու օպերատորը երկու կողմերի արանքում էինք։ Ոտքերս վնասվել են։ Երբ շատ սեղմեցին, աչքերիս դիմաց սևացավ, մոտ տասը վայրկյան չեմ հիշում՝ ինչ եղավ։ Գետնին էի հայտնվել, մի տղա փորձում էր ինձ բարձրացնել։ Եկա գրասենյակ ու տեղափոխվեցին հիվանդանոց։ Այնտեղ առաջարկեցին հոսպիտալացվել, բայց ես հրաժարվեցի, նախընտրեցի մնալ տանը։ Գործընկերներս մնացին հիվանդանոցում, այսօր դուրս են գրվել, իսկ Աբրահամ Գասպարյանը ծանր վնասվածքներով դեռ հիվանդանոցում է»,- ասում է Նանե Հայրապետյանը։
Լրագրողը նշում է, որ իրենք ևս չեն ունեցել բժշկական ապահովագրություն, բայց հետազոտությունների համար գումար չեն վճարել, ու ըստ երևույթին, ամենն արվել է պետպատվերի շրջանակներում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: