2024.05.14,

Նյուսրում

Երևանում բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու նոր դեպքեր են գրանցվել

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Երևանում շարունակվում են լրագրողների նկատմամբ բռնություններն ու աշխատանքը խոչընդոտելու միջադեպերը սահմանազատման և սահմանագծման դեմ ընթացող բողոքի ակցիաների ժամանակ, որոնք վերածվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով շարժման։  

Միջադեպերը տեղի են ունենում մասնավորապես անհնազանդության ակցիաների ժամանակ, երբ քաղաքացիները փակում են փողոցների երթևեկելի մասը, իսկ ոստիկանները ուժ են գործադրում՝ դրանք բացելու համար։ Այդ գործողությունների ժամանակ էլ տուժում են նաև իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողները։  

Մայիսի 13-ին հայտարարվեց, որ կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24news․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։  

Այս դեպքերի մասին հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները և Ներքին գործերի նախարարությունից պահանջել են․ 

  • հանդես գալ հաղորդագրությամբ և տրամադրել տեղեկություններ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված բռնությունների դեպքերի քննության վերաբերյալ, 
  • գործուն միջոցներ ձեռնարկել զանգվածային ակցիաների ընթացքում լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու, նրանց դեմ բռնությունները բացառելու ուղղությամբ։ 

Մայիսի 14-ին էլ ոստիկանական մեքենան քշել է MediaHub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանի վրա՝ վերջինիս կողմից իր պարտականությունները իրականացնելու ժամանակ, ընդ որում՝ հետիոտնային անցման վրա։

Միջադեպերի մասին մանրամասները Media.am-ին պատմում են լրագրողները։  

Մերի Մանուկյան, 24news.am-ի լրագրող 

Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում էի, լուսաբանում էի քաղաքացիների երթը։ Նրանք քայլում էին մայթեզրով, ոչ երթևեկելի հատվածով, երբ ոստիկանության զորքերի տղաները արագ եկան ու սկսեցին բերման ենթարկել մարդկանց։ Մենք հեռարձակում էինք իրավիճակը ուղիղ եթերում։ Գնացինք դեպի այն մեքենան, որտեղ նստեցնում էին բերման ենթարկած քաղաքացիներին ու հենց այդտեղ ենթարկվեցի բռնության։  

Նախ պարեկային ծառայողներից մեկը ձեռքը գցեց վզիս ու քաշեց ինձ, շունչս կտրվեց։ Մի քանի անգամ զգուշացրեցի, որ լրագրող եմ, որ իմ նկատմամբ բռնություն չկիրառեն, ոստիկանն էլ ասաց, որ լրագրող է, բայց կարմիրբերետավորը ինձ այնուամենայնիվ հրեց, ընկա գետնին ու գիտակցությունս կորավ։  

Զավեշտալին այն է, որ հետո երբ դիտում էի տեսանյութը, տեսա, որ ինձ գալիս է օգնելու հենց այն ոստիկանը, ով ինձ հրում է ու գցում գետնին։ Ի դեպ, մեկ այլ կարմիրբերետավոր էլ այդ ընթացքում փակում էր օպերատորի տեսախցիկը, որպեսզի մենք չտեսանկարահանենք այդ ամենը, ուստի կարծում եմ, որ տեղի ունեցածը պատահական չէ։ 

24news.am-ի խմբագրությունը հայտարարել էր, որ տեղի ունեցածի մեջ դիտավորություն կա, մեզ փորձում են լռեցնել։  

Ամենայն հարգանքով իմ գործընկերների նկատմամբ, բայց պետք է ասեմ, որ մեր խմբագրությունը շատ ակտիվ է լուսաբանում այս գործընթացը շարժման մեկնարկից ի վեր և շատ շրջանակների, հավանաբար, դուր չի գալիս, թե ինչ ենք մենք հրապարակում ու փորձում են մեզ չեզոքացնել։ 

Տեղեկացնեմ, որ երբ Շտապ օգնության մեքենայի մեջ էի, առաջին բուժօգնությունն էի ստանում, ինձ զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հարցրին, թե ինչպես է միջադեպը տեղի ունեցել։ 

Մհեր Դավթյան, ABCmedia.am-ի օպերատոր  

Միջադեպի պահին լուսաբանում էինք անհնազանդության ակցիան Բժշկական համալսարանի մոտ։ Փորձում էի վազելով հասնել ու նկարահանել, թե ինչպես են կարմիրբերետավորները բերման ենթարկում ցուցարարներին։ Այդ պահին, երբ վազում էի, ի դեպ, ուղիղ եթեր էի ապահովում, հանկարծ աստիճանների վրա թիկունքից հարված զգացի ու ընկա։ Չհասկացա, թե ինչ կատարվեց։ Մտածում էի տեխնիկայի մասին, որ չվնասվի, բայց ավելի ուշ հասկացա, որ այն նույնպես վնասվել է։  

Երբ ընկա, ուղիղ եթերը անջատվեց։ Ստացա ձեռքի վնասվածք, նաև՝ ծնկներս էին վնասվել։ 

Նկարահանումների ընթացքում ես էլ, գործընկերներս էլ խնդիրների բախվել ենք, անգամ փորձել են բերման ենթարկել այդ պահին ինձ հետ աշխատող գործընկերուհուս, փորձել են մեզ հրելով հեռացնել փողոցից՝ ցուցարարների նման։ Ամենաակնառու դեպքը, սակայն, տեղի է ունեցել Կիրանցում, երբ ոստիկանությունը պարզապես մեզ թույլ չտվեց մտնել գյուղ ու նկարահանումներ իրականացնել։ 

Նարե Գևորգյան, MediaHub.am-ի լրագրող  

Ես վստահ եմ, որ ինձ հարվածող ոստիկանության մեքենան դիտավորությամբ կատարեց այդ քայլը։ Ես գտնվում էի հետիոտնային անցման վրա, մեքենան դանդաղ էր քշում և երբ ինձ տեսավ արագացրեց իր ընթացքը, ոտքը դրեց գազին, իսկ ինձ հարվածելուց հետո արգելակեց։ Կարծում եմ, որ այդպիսով ուզում էր ինձ վախեցնել։ Եթե տասը բալանոց սանդղակով չափեմ հարվածի ուժը, ապա կասեմ, որ այն 10-ից 4 էր, հարվածը շատ ուժեղ չէր։ Ես վնասվածք չեմ ստացել, բայց վախեցել եմ։  

Աչքերիս առաջ սևացավ, ինձ մոտեցավ ոստիկանության մայորը, բռնեց, օգնեց դուրս գալ ճանապարհի երթևեկելի մասից, ապա ջուր տվեց։ Միջադեպից հետո շարունակել եմ աշխատանքս, հարցազրույց եմ անցկացրել, և այդ ժամանակ զգացել եմ, որ ծնկիս հատվածում ցավ կա։ Անցել եմ ռենտգեն հետազոտություն, պարզվել է, որ նյարդային հանգույցների խնդիր կա և նշանակվել է բուժում։  

Ոստիկանությունն ինձ առաջարկել է ռենտգեն հետազոտության ուղեկցել իրենց մեքենայով, բայց ես հրաժարվել եմ, քանի որ մեր խմբագրության մեքենան մոտակայքում էր։ Ստացել եմ զանգ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Ինձ հարցրել են, թե ինչպես է պատահել միջադեպը։  

Ինձ տեսակցել են քննչական կոմիտեից, որտեղ լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տվյալներս են վերցրել, որպեսզի հետո հրավիրեն ցուցմունք տալու։  

Կրկնում եմ, որ իմ կարծիքով միջադեպը դիտավորյալ է եղել, քանի որ ես այն լրագրողներից էի, որ արձանագրեցի, որ անկախ նրանից՝ մարդը երթևեկելի հատվածում է, թե մայթեզրին, պետք է բերման ենթարկվի։ Մենք ուղիղ եթերում ցույց էինք տվել, թե ինչպես են քաշքշում պատգամավորներին, ոլորում ձեռքերը։ 

2021 թվականից սկսած լուսաբանում եմ բողոքի ցույցերը, բայց նման ագրեսիվ վերաբերմունք չեմ տեսել։ Երթերը ուղեկցող ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունք չեմ նկատել, հակառակը, նրանք ապահովում են անվտանգությունը, բայց կարմիր բերետավորները խոչընդոտում են աշխատանքը։  

Տիգրանուհի Մարտիրոսյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *