Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) հավաքել, ամբողջացրել ու տեսակավորել է, թե տարվա առաջին եռամսյակում լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտման ի՞նչ դեպքեր են տեղի ունեցել։
Հունվար-մարտ ամիսներին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, բռնության դեպքերի բացակայությունը պայմանավորված է այդ ամիսների ընթացքում երկրում տիրող համեմատաբար հանդարտ հասարակական-քաղաքական իրավիճակով։ Չեն եղել բազմահազարանոց ցույցեր ու երթեր, լայնածավալ բողոքի ակցիաներ, որոնք սովորաբար զուգորդվում են նաև տարատեսակ բախումներով, ինչի արդյունքում էլ տուժում են նաև լրագրողներն ու օպերատորները։ Անցած տարվա առաջին եռամսյակում ևս չէին արձանագրվել լրագրողների ֆիզիկական բռնության դեպքեր։
Ի տարբերություն այս ցուցանիշի, աճել է լրատվամիջոցների և լրագրողների դեմ ներկայացվող դատական հայցերի թիվը։ Անցած տարվա առաջին եռամսյակում կար 9 հայց, այս տարի արդեն 12։ Այդ հայցերից 5-ը ներկայացվել են պետական պաշտոնյաների, 6-ը՝ գործարար շրջանակների և միայն 1-ը՝ շարքային քաղաքացու կողմից։
«Սա բավականին բարձր ցուցանիշ է։ Կարծում եմ, որ հատկապես պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն ավելի հանդուրժող պետք է լինեն, բայց տեսնում ենք, որ բավականին ակտիվորեն հենց նրանք են դատական հայցեր ներկայացնում։ Կարծում եմ տարատեսակ հայցերով, ֆինանսական պահանջներով փորձում են ճնշում գործադրել լրագրողների վրա, և համարում են, որ դա գործուն մեխանիզմ է»,- ասում է Աշոտ Մելիքյանը։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել լրագրողների նկատմամբ գործադրված տարատեսակ ճնշումների թիվը՝ այն կրկին 17 է։ Դրանք դրսևորվել են անվայելուչ վերաբերմունքի, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, օնլայն տիրույթում լրագրողների հասցեին հնչեցված սպառնալիքների միջոցով։
ԽԱՊԿ նախագահն ասում է, որ լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարծես, թե տխուր ավանդույթ է դարաձել։ Հաճախ լրագրողների նկատմամբ այս կամ այն վերաբերմունքը գեներացվում է նաև ելնելով այն փաստից, թե տվյալ լրատվամիջոցը, որտեղ աշխատում է լրագրողը, որ քաղաքական ուժի հետ է ասոցացվում։
«Շատ են ակտիվացել նաև լրագրողների նկատմամբ հարձակումները սոցիալական ցանցերում։ Վերջերս 2 լրագրող դիմեցին դատարան հենց այդ պատճառով, հիմա դատական գործընթացներ են ընթանում»,-ասում է Մելիքյանը։
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով ևս պատկերը բավականին մտահոգիչ է։ Դիտարկված ժամանակահատվածում գրանցվել է նմանօրինակ 41 դեպք։ Շատ տարածված երևույթ է, երբ պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետները խախտվում են, հարցումներին ոչ պատշաճ, լղոզված պատասխաններ են տրվում, անհարկի մերժում են պատասխանել հարցմանը՝ պատճառաբանելով, որ պետական գաղտնիք է։
«Հաճախ լրագրողների հարցմանն ի պատասխան պետական կառույցները պահանջում են լրացուցիչ 30-օրյա ժամկետ, իսկ այդ ժամկետի ավարտին մերժում են տեղեկության տրամադրումը, կամ պատասխանում են մասնակի կամ թերի»,-ասում է Աշոտ Մելիքյանը։
Դիտարկված ամիսներին ներկայացվել է 2 հայց, որոնցով հարցումների հեղինակները դիմել են դատարան՝ տեղեկությունների տրամադրմանը պարտավորեցնելու պահանջով։
Աշոտ Մելիքյանն ասում է, որ տարեսկզբին խնդիրը քննարկվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ։ Թեպետ, պետական մարմինների պաշտոնյաները, լրագրողական ու իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարները փորձել են միասին քննարկել ու հասկանալ խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, առայժմ ոլորտում բարելավում չի նկատվում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: