2024.03.05,

Նյուսրում

Մեդիայում հրապարակված օրը Զելենսկին չժամանեց Հայաստան

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Մի քանի օր շարունակ հայաստանյան մեդիա տիրույթը, և ոչ միայն, հնարավոր բոլոր ֆորմատներով ակտիվորեն քննարկեց Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին լուրը։ 

Անանուն աղբյուրները նշում էին, որ այցը նախատեսված է մարտի 4-ին և այն տեղի կունենա Բաքու այցելելուց հետո։ Մարտի 4-ին Վլադիմիր Զելենսկին ոչ Հայաստան, ոչ էլ Ադրբեջան չայցելեց։ 

Լուրը հայաստանյան դաշտում հայտնվեց փետրվարի 23-ին, երբ Factor TV-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Զելենսկու այցը Հայաստան նախապատրաստվում է և որ ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։  

Փետրվարի 26-ին, հղում անելով սեփական աղբյուներին, նման տեղեկություն հայտնեց նաև Ազատություն ռադիոկայանը՝ գրելով, որ այցը հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։ 

Լուրը ոչ հերքվում էր, ոչ էլ հաստատվում։ ՀՀ ԱԳՆ խոսնակը լրատվամիջոցի հարցմանն ասել էր, որ բարձրաստիճան այցերի մասին տեղեկատվությունը պատշաճ ժամկետներում իրազեկվում է։ Նմանաբովանդակ մեկնաբանություն էր արել նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմը՝ ասելով, որ նախագահի այցերի մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է կայքում։  

Անանուն աղբյուրներով դաշտ նետված ու չհաստատված տեղեկությունը չէր խանգարում քաղաքական ու փորձագիտական շրջանակներին չճշտված տեղեկության մասին կարծիք հայտնել՝ այսպիսով այն ներկայացնելով որպես կայանալիք իրողություն։ 

Այս հանգամանքը չէր խանգարում նաև արտաքին խաղացողներին։ Մասնավորապես ռուսական կողմից գուժում էին, որ Ուկրաինայի նախագահի այցը Երևան կարող է անդառնալի կետ դառնալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում։ 

Մարտի 1-ին Radar Armenia կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ Զելենսկին տարածաշրջան չի այցելի, քանի որ Բաքուն այն չեղարկել է, ինչը շատ արագ տարածվեց ռուսական ու ուկրաինական մամուլում։  

Իրականում միայն մի քանի հոգի կարող է պատասխանել այն հարցին, թե այցն իսկապես չեղարկվել է, թե այն նախատեսված չի էլ եղել ու մեդիա դաշտ է նետվել այլ նպատակներով։  

Եթե ելնենք այն կանխավարկածից, որ լուրի սկզբնաղբյուր կայքերը՝ Factor TV-ը և Ազատությունը, չեն չարաշահում սեփական աղբյուրներին հղում անելու պրակտիկան, գուցե այցն իսկապես չեղարկվել է։  

Բայց խնդիրն այլ տեղում է․ քննարկել չհաստատված լուրը որպես իրողություն։ Մասնագիտական գրականության մեջ կասկածելի, չհաստատված տեղեկատվությունը կամ որևէ մեկի կարծիքը որպես փաստ ներկայացնելու երևույթը կոչվում է ֆակտոիդ։ Ֆակտոիդ տերմինը ներմուծվել է 1973 թվականին ամերիկացի արձակագիր Նորման Մեյլերը Մերիլին Մոնրոյի կողմից։ Մեյլերը սահմանեց տերմինը որպես «փաստեր, որոնք գոյություն չունեին նախքան ամսագրում կամ թերթում հայտնվելը»:  

Նման մի պատմություն տեղի ունեցավ 2016 թվականին, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, ինչից հետո լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն այն մասին, որ վերջինս այցելելու է Ռուսաստան ու հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի՝ նախագահ ընտրվելու մեջ, ամերիկյան քաղաքական որոշ շրջանակներ տեսնում էին Պուտինի մասնակցությունը և այս թեզը շարունակելով պնդում էին, որ վերջինս այցելելու է Մոսկվա՝ «շնորհակալություն» հայտնելու համար։  

Ռուսական մամուլն էլ պարբերաբար գրում էր, թե Դոնալդ Թրամփը տրամադրված է երկխոսել Ռուսաստանի հետ և նրան՝ նախագահ ընտրելու պարագայում, կան դրական ազդակներ կարգավորելու համար ռուս-ամերիկյան սրված հարաբերությունները։ 

Թեզն այնքան էր շրջանառվել, որ նույնիսկ ԱՄՆ ու ՌԴ սահմաններից դուրս էր քննարկվում որպես իրողություն։ Այդ թվում հայաստանյան մամուլում դրա հիման վրա վերլուծություններ էին անում ու գրում, որ նորընտիր նախագահի այցը ՌԴ Հայաստանի համար էլ ճակատագրական կլինի։  

Տարիներ անցան, բայց Դոնալդ Թրամփն այդպես էլ չայցելեց Ռուսաստան, իսկ վերլուծությունները, կանխատեսումները, գնահատականները, որոնք հյուսվել էին չճշտված տեղեկատվության շուրջ, ապակողմնորոշեցին հանրության մի մասին, վստահաբար ազդեցին Թրամփի իմիջի վրա ու մնացին համացանցային պատմության մեջ։  

Նման ֆակտոիդները կիրառվում են հաճախ քարոզչական նպատակներով։ Դրանք կարող են սկսվել ինչպես անանուն աղբյուրներից, այնպե էլ կեղծ թեզերի մեջ հակառակորդին մեղադրելուց, ինչը ստիպում է նրանց արդարանալ ու ըստ այդմ լեգիտիմացնել կեղծ թեզի գոյությունը 

Հանրությունը մտածում է, որ եթե որևէ բան քննարկվում է, դրա շուրջ կարծիքներ են հայտնում մասնագիտական շրջանակները, ապա տեղեկությունը ճշտված է։  

Խորհրդային տարիներին, երևույթը, երբ նման լուրերը հայտնվում էին միտումնավոր, անվանում էին «ուտկա»։  

Բելգիացի Ռոբերտ Կոռնելիսենին ժամանակին որոշել էր ստուգել հանրության դյուրահավատության աստիճանը և ամսագրերից մեկում հոդված էր հրապարակել բադերի շատակերության մասին։ Դրանում նա նկարագրում էր, թե ինչպես է մի բադը ուտում իր 19 ընկերներին, որոնց ինքը նախկինում կտոր-կտոր էր արել։  

Մարդիկ պատմությանը երկար ժամանակ հավատում էին։ Անգամ այն բանից հետո, երբ Կոռնելիսենին մի քանի անգամ գրեց, թե ինչ նպատակ է հետապնդել նման լուրի հրապարակմամբ։ Դրանից հետո մամուլում հայտնված ցանկացած նման տեղեկություն կոչվում է «ուտկա»։  

Դժվար է ասել՝ Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրը ֆակտոիդ է թե չէ, որովհետև հնարավոր է, որ այն իսկապես չեղարկվել է, բայց իրողությունն այն է, որ այն հայտնվե Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։  

Տեղեկությունը հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ France24-ին տված հարցազրույցից ժամեր անց։ Հենց այս հարցազրույցի ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին ու նաև ասաց, որ Հայաստանը ուկրաինական պատերազմի հարցում ՌԴ դաշնակիցը չէ։  

Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին լուրը օգտագործվեց հակառուսական առանց այն էլ սրված տրամադրությունները ավելի սրելու համատեքստում։ Զելենսկու չկայացած այցն արդեն այնպես է լուսաբանվել ու այնքան է մեկնաբանվել, որ թվում է, թե կայացել է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *