2023.06.30,

Նյուսրում

Երկիր Մեդիան վերադարձավ հանրային մուլտիպլեքս

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Վերգետնյա հեռարձակման դադարեցումից 5 ամիս անց Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը կրկին հանրապետական եթերում է: Հանրային մուլտիպլեքսում նույն սլոթի վրա՝ այսինքն 7-րդ ալիքով, հունիսի 30-ի կեսգիշերից արդեն հնարավոր էր հետևել Երկիր Մեդիայի աշխատանքին:

Ինչու՞ դադարեցվեց Երկիր Մեդիայի հեռարձակումը վերգետնյա թվային հեռուստատեսությամբ

2021 թ-ի հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն (ՀՌՀ) ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի արդյունքները: Հաղթողներն էին «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա ՀԸ), «Շանթ» ՍՊԸ-ն, «Ա-Թիվի» ՍՊԸ-ն և «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ն (Կենտրոն ՀԸ):

Այդ մրցույթում պարտված «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն (Հ2) դիմեց դատարան։ Դատարանն էլ բավարարեց Հ2-ի պահանջը և անվավեր ճանաչեց մրցույթի արդյունքները:

2022 թվականին  ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման նոր մրցույթ հայտարարեց։

Այս անգամ ՀՌՀ-ն սլոթերի քանակը 5-ի փոխարեն սահմանեց 4, քանի որ Հ2-ը մեկ այլ դատական հայցով պահանջում էր իրեն ճանաչել մրցույթի հաղթող։ Դատական գործընթացն ընթացքի մեջ էր և տեսական հնարավորություն կար, որ դատարանը կարող էր  հօգուտ Հ2-ի վճիռ կայացնել․ հեռուստաընկերությունը դատարանից խնդրել էր ՀՌՀ-ին պարտավորեցնել մեկ սլոթ ազատ պահել։ Դատարանն էլ սառեցրել էր մեկ սլոթի մրցույթը՝ թույլատրելով հինգի փոխարեն չորս սլոթի մրցույթ անցկացնել:

Նոր մրցույթում  մասնակից 6 հեռուստաընկերություններից 4-ը հաղթող ճանաչվեցին։ Երկիր Մեդիան ու Հ2-ը հեռարձակման լիցենզիա չստացան։

Արդյունքում այս տարվա հունվարի 21-ից դադարեցվեց Երկիր Մեդիա հեռուսաընկերության հանրապետական հեռարձակումը: Սակայն հինգերորդ սլոթը, որը, կարող էր զբաղեցնել Երկիր Մեդիան, դեռ վիճարկվում էր դատարանում։

Ի՞նչ փոխվեց օրենքում

Մրցույթների ու դատական  որոշումների արդյունքում ստեղծվել էր իրավիճակ, երբ կար դատարկ սլոթ, որի օգտագործման իրավունքը վիճարկվում էր դատարանում։

2023-ի մարտին Ազգային ժողովը փոխեց «Տեսալսողական մեդիայի մասին օրենքը» և հնարավորություն տվեց լուծել այս  իրավիճակը։

Օրենքով սահմանվեց, որ եթե․

ա․ հեռարձակողը ունի վերգետնյա հեռարձակման լիցենզիա
բ․ լիցենզիայի համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները  դատարանը ճանաչել է անվավեր,
գ․ հեռարձակողը շարունակում է օգտագործել սլոթը մինչև այդ սլոթի համար նոր մրցույթի արդյունքների ամփոփումը։

Օրենքի այս փոփոխությունը ունի հետադարձ ուժ և օգնեց Երկիր Մեդիային վերադառնալ եթեր։

«Օրենսդրական կարգավորումը հնարավորություն ստեղծեց, որ այն դատարկ 5-րդ սլոթը, որի վրա մրցույթ չէր անցկացվել, այդ սլոթի վրա վերականգնվի մեր հեռարձակումը»,- ասում է Երկիր Մեդիայի տնօրեն Բագրատ Եսայանը:

Զուգահեռաբար Վարչական դատարանը վերացրել է հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման մեկ սլոթի համալրմանն ուղղված մրցույթ իրականացնելու արգելանքը։

ՀՌՀ-ն նոր մրցույթի հայտարարություն է տարածել։ Հայտերը կընդունվեն հուլիսի 3-24-ը ներառյալ։ ՀՌՀ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Պետրոսյանն ասում է, որ նոր մրցույթի հաղթողը հայտնի կլինի աշնանը։

Ժամանակավորապես հանրապետական եթեր վերադարձած Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը ևս մասնակցելու է հայտարարված մրցույթին:

«Երկիր Մեդիան նոր մրցույթին ներկայանալու է նոր փաթեթով, նոր տեխնիկական միջոցներով, նոր բովանդակությամբ։ Տեխնիկական վերազինում ենք իրականացրել, առաջիկայում այն շարունակվելու է»,- ասում է Բագրատ Եսայանը:

Երկիր Մեդիան հետ է վերցրել Վարչական դատարան ներկայացրած հայցը, որով պահանջում էր վերականգնել հանրային մուլտիպլեքսում իր հեռուստածրագրերի եթեր հեռարձակումը:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *