2022.07.27,

Նյուսրում

Երկիր Մեդիան ՀՌՀ-ի դեմ դատական հայց է ներկայացրել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Եթեր հեռարձակված հայհոյանքի համար ՀՌՀ-ի տուգանքի որոշումը Երկիր մեդիա հեռուստաընկերությունը վիճարկում է դատարանում։

Հուլիսի 7-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հերթական նիստի ժամանակ հայտնեց Երկիր մեդիա հեռուստաընկերության հանդեպ վարչական ակտի մասին, որը ենթադրում է տուգանք նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովը հեռուստաընկերության եթերում նկատել է խախտումներ։  Մասնավորապես, Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում գռեհկաբանություն և հայհոյախոսություն, համամարդկային արժեքների նսեմացման ու վարկաբեկման կադրեր, ինչպես նաև ծաղր Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեական հավատքի  խորհրդանիշ խաչի, Հիսուսի կերպարի նկատմամբ։

Ըստ ՀՌՀ-ի արձանագրության, հայհոյանք է հնչել «Բողոքի ակցիաները Երևանում և մարզերում շարունակվում են» խորագրով ուղիղ եթերի ժամանակ։ Տեղում աշխատող լրագրողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կանխել, կամ առավել ևս զգուշացնել իրավախախտման հեղինակին արարքի անթույլատրելիության մասին։

Կառույցը կարծում է, որ տեղում աշխատող լրագրողը կարող էր հայցել «Հանձնաժողովի ներողամտությունն իր կամքից անկախ նշված դիպվածի համար»։

Ուղիղ եթերում հնչած հայհոյանքի հետ կապված Երկիր մեդիա-ի տնօրեն Բագրատ Եսայանը ի պատասխան ՀՌՀ հարցմանը, ափսոսանք է հայտնել դեպքի համար և վստահեցրել, որ իրենք ամեն կերպ պայքարելու են հայհոյախոսության դեմ․ «ընդգծել եմ, որ դեպքը տեղի է ունեցել շատ լարված իրավիճակում, կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց, և հայհոյանքը հնչել է ինը վայրկյանի  ընթացքում»։

Սահմանադրագետ, այս գործով «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր մեդիա հեռուստաընկերություն) լիազոր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ասում է, որ հանձնաժողովի տուգանք նշանակելու մասին որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ և իրենք այս որոշումը վիճարկում են վարչական դատարանում, որովհետև խախտվել են հեռարձակողի իրավունքները։

Գրիգորյանի խոսքով, Երկիր մեդիայի եթերում հեռարձակված ֆիլմում հայհոյանք չի հեռարձակվել։ Գուցե այն հնչել է յութուբյան ալիքում, ինչը հանձնաժողովի դիտարկման տիրույթում չէ «Եթե ՀՌՀ իրեն այդպիսի լիազորություններ է վերապահում, ապա լավ կանի հետևի բոլոր հեռուստատեսությունների յութուբյան ալիքներին և ինտերնետ պրովայդերներին. սակայն ամեն դեպքում դա պաշտոնեական լիազորությունները անցնել կդիտարկվի»։ 

Իսկ ինչ վերաբերում է ուղիղ եթերում հնչած հայհոյանքին, ըստ Գրիգորյանի, այն արվել է քաղաքացու և ոստիկանի կողմից, ինչը նշանակում է, որ մի պետական մարմինը մյուսի պետական մարմնի ներկայացուցչի հայհոյանքը դնում է որոշման հիմքում և փորձում է այդ կերպ հեռուստատեսությանը տուգանել։ 

Վարչական մարմինն այս գործով պետք է լսումներ անցկացներ, սակայն հեռուստաընկերության շահերի պաշտպանն ասում է, որ միայն դրա ձևական կողմն է պահպանվել, հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասել է՝ «մենք կտուգանենք, դուք էլ գնացեք բողոքեք»։ 

«Այստեղ խախտվել է հեռուստաընկերության՝ վարչական մարմնի կողմից լսված լինելու Սահմանադրական իրավունքը։ Մյուս կողմից հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրական կարգավորումներին, սա վարչական պատասխանատվություն է և օրենքի տեսանկյունից տարբերվում է պատիժ հասկացությունից»,-ասում է Վահե Գրիգորյանը։ 

ՀՌՀ տնօրեն Տիգրան Հակոբյանը Media.am-ին ասաց, որ այս գործի հետ կապված նոր ասելիք չունի, որովհետև թեմային տարբեր առիթներով անդրադարձել է։ Նրա խոսքով, տարբեր գրությունների, անձնական զրույցների միջոցով տեղյակ են պահել հեռարձակողներին, որ ուղիղ եթերում, տարբեր հաղորդումների ժամանակ սեռական բնույթի հայհոյանքը պետք է բացառել։

Առավոտի հետ զրույցում Հակոբյանն ասել է, որ եթե նույնատիպ հայհոյանքներ նորից հնչեն Երկիր մեդիայի եթերում, ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ ամեն ինչ կանի, որ նրանք զրկվեն լիցենզիայից։

Երկիր մեդիա հեռուստաընկերության տնօրենը սա համարում է սպառնալիք, գնահատում քաղաքական պատվեր հեռուստաընկերության դեմ։

Հակադարձելով Եսայանին, Հակոբյանն ասում է, որ տասնյակ ձեռնարկներ կան, թե ինչպես ուղիղ եթերի ժամանակ խուսափել գռեհիկ արտահայտություններից։

«Հանրային մուլտիպլեքսն այն սուվերեն տարածքն է, որտեղ մտնելու համար բոլորը պարտավորություն են վերցնում գործել ի շահ հասարակության։ Ուզում եք կուսակցական քարոզիչ լինել, այսօր տեխնիկական միջոցները թույլ են տալիս գնացեք տասնյակ կայքեր բացեք, տեսալսողական հոլովակներ սարքեք, բայց հանրային մուլտիպլեքսը զերծ պահեք կուսակցական և քաղաքական քարոզչությունից»,-ասել է հանձնաժողովի նախագահը։

Լրատվամիջոցը ՀՌՀ որոշումը վիճարկել է դատական կարգով, առաջին դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *