2022.05.21,

Նյուսրում

Աուդիտի արդյունքներ․ Հայաստանում հեռուստատեսային չափումները չեն կարող համարվել վավեր

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներ կատարում է միայն մեկ ընկերություն՝ «Ադմոսֆեր Արմենիա» տեղական կազմակերպությունը, որի գործընկերն է չեխական «Նիլսեն Ադմոսֆեր» չափող ընկերությունը։

Եվ արդեն վաղուց մեդիա շուկայի ներկայացուցիչները պնդում էին, որ հասունացել է պահանջ՝ այդ ընկերության աշխատանքն ավելի մանրամասն ուսումնասիրելու։ 

Աուդիտի մասին հայտնի էր երկու տարի առաջ, կար որոշում՝ կառավարության պահուստային ֆոնդից հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին հատկացնել 26,6 մլն դրամ՝ «Ադմոսֆեր Արմենիա»-ում միջազգային աուդիտ անցկացնելու համար։ ՀՀ վարչապետն էլ վստահեցրել էր, որ պետք է վերջ դրվի հեռուստադաշտի մենաշնորհին։ 

Ի վերջո, աուդիտի պատվիրատուն դարձավ «Մեդիահաուս Արմենիա» գովազդային և մարքեթինգային կենտրոնը (սեյլզ հաուսը), որը զբաղվում է հեռուստատեսային գովազդի և մի շարք հայաստանյան հեռուստաալիքների գովազդային եթերաժամանակի վաճառքով: 

Այն երկրորդ սեյլզ հաուսն է Հայաստանում է, որը ստեղծվել էր 202о-ին՝ նպատակ ունենալով հավասարակշռել 2013-ից Հայաստանում գործող միակ սեյլզ հաուսի Media International Service-ի մենաշնորհային դիրքը։ Սեյլզ հաուսը միջնորդ է գովազդատուների ու հեռուստաալիքների միջև, և առավելագույն թափանցիկ ու արժանահավատ չափումները առաջին անհրաժեշտության գործիք են, որով կարելի է աշխատել այդ դաշտում։

«Մեդիահաուս Արմենիա»-ի պատվերով աուդիտը կատարել է մասնագիտացած միջազգային աուդիտորական «3M3A» ընկերությունը։

Կայացած աուդիտի արդյունքներով՝ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիայի» համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: 

«Այն հիմնովին թերի է, և անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա՝ որպես շուկայական արժույթի: Այս եզրակացության համաձայն՝ «Ադմոսֆեր Արմենիայի» հեռուստալսարանի չափումները չեն կարող համարվել օբյեկտիվ և վավեր, ուստի, պետք է անհապաղ դադարեցնել սխալ տվյալների տրամադրումը հեռուստաշուկային»,- ասված է վերջնական եզրակացությունում։

Օրինակ, աուդիտը հայտնաբերել է «կրիտիկական թերություններ» տվյալներ հավաքագրող հիմնական պանելում և մեծ թվով տնային տնտեսությունների տվյալներ համարում է հավաստիությունը կորցրած։ 

Քանի որ Հայաստանի տնային տնտեսություններից ստացվող տվյալները «Ադմոսֆեր Արմենիայի» սերվերներից առանց միջամտության (հետևաբար՝ մանիպուլյացիայի) հնարավորության ուղարկվում են Չեխիա ու մշակվում «Նիլսեն Ադմոսֆեր»-ում, կասկած է հարուցել, թե ինչպես են հավաքագրվում այդ տվյալները։

Ըստ ստուգումների ստացվում է, որ խախտումների հիմքում ոչ այնքան տեխնիկական, որքան մարդկային գործոնն է։ Պատկերավոր ասած՝ ոչ թե մարդաչափ սարքը (peoplemeter-ը), այլ հենց մարդը։

Կա մտահոգություն, որ սկսած սկզբնական փուլից՝ չափող ընկերությունը միջամտել է տնտային տնտեսությունների հարցազրույցներին ու դրանք չի կարելի համարել ազնիվ։ Պարզ է դարձել, որ չափող ընկերությունը կապ է հաստատել տնային տնտեսությունների մոտ 20%-ի հետ (կամ այցելել է կամ զանգահարել)՝ հուշումներ անելով նրանց, ինչը անթույլատրելի է։

Լուրջ խնդրո առարկա են դարձել պանելին միացողները։ Այսինքն, ընտրությունը, թե ում տանն է տեղադրվելու մարդաչափ սարքը։

Ապացուցվել է, որ շատ տնային տնտեսություններ տեղափոխվել են նախկինում (դեռևս այլ չափողի «Տելեմեդիակոնտրոլ»-ի և նրա գործընկեր, շվեյցարական GFK-ի) կազմված տնային տնտեսությունների ցանկից, մինչդեռ 2015-ին «Ադմոսֆեր Արմենիա»-ն պնդում էր, որ բոլորովին նոր ցանկ է կազմել՝ հիմնված նոր հետազոտության վրա։ 

Աուդիտորական ընկերությունը գտել է նախորդ և հիմա գործող պանելին միացած մարդկանց ծննդյան տարեթվերի, հասցեների համընկնումներ։ Եվ այդպես է 132 տների դեպքում, որոնք «Ադմոսֆեր Արմենիա»-ն «ժառանգել» է «Տելեմեդիակոնտրոլ»-ից։

(«Տելեմեդիակոնտրոլը» արագ դուրս եկավ շուկայից 2015-ին ու նույնքան արագ էլ կազմավորվեց «Ադմոսֆեր Արմենիա»-ն, հակառակ դեպքում Հայաստանը մնալու էր առանց չափողի)։

Հաստատվել է, որ առնվազն 41 տների ինքնության գաղտնիությունը վտանգվել է, քանի որ նրանց մասին տեղյակ են եղել երրորդ անձինք։ Այդ դեպքում «Ադմոսֆեր Արմենիա»-ն պարտավոր էր հեռացնել այդ տնային տնտեսություններին պանելից և փոխարինել նորերով։ Կամ դադարեցնել չափումները, մինչև խնդիրը չլուծվի։ Եվ բոլոր դեպքերում պետք է այդ մասին տեղեկացներ իր հաճախորդներին։ Ինչը չի արել։

Բացի դրանից՝ պանելին միացողները ստել են իրենց հավաքագրման մասին աուդիտորներին տեղեկություն տալու ժամանակ, և իմացել են, թե ինչպես է պետք «ճիշտ» պատասխանել։

Արդյունքում, առնվազն 91-94 տուն վարկաբեկված է, քանի որ նրանց ուղղորդել են կամ ենթարկել որոշակի ազդեցության։ Պանելի ճնշող մեծամասնությունը՝ 231 տուն, պատշաճ հաշվառված չէ, բացակայում է գրանցումը։ Սա թույլ է տալիս աուդիտորներին համարել, որ մնացած տների ընդգրկվածությունը ևս վստահելի չէ։ 

Ընտրանքի փուլում ևս կան բացթողումներ։ Օրինակ, քիչ են երկու հեռուստացույց ունեցող տները, բացակայում են ընտանիքներ, որտեղ ապրում է միայնակ մարդ, երեխաների դիտումների չեն հաշվառվել և այլն։ 

Պարզվել է նաև, որ մի քանի տարի առաջ հավաքագրված տվյալները կամ վնասվել են կամ անհետացել, իսկ «Ադմոսֆեր Արմենիա»-ն ֆայլերի կրկնօրինակներ չի արել, ինչը խանգարում է կազմել ամփոփ պատկեր։

Բոլոր դեպքերում՝ աուդիտը պնդել է, որ պանելը պետք է վերակազմել, քանի որ այն հիմնովին վարկաբեկված է։ Հետևաբար, վստահելի չեն նաև տվյալները։ 

Նման կոշտ եզրակացությունը խնդրահարույց է դարձնում նաև նախկինում արված չափումների որակը։ 

Սխալ տվյալները կարող են խեղաթյուրել գովազդատուների ծախսերի և դրանց արդյունքում ձևավորված եկամուտների իրական հարաբերակցությունը։ Թույլ չեն տալիս ներդրումների և գովազդից ստացած արդյունքի հիման վրա կառուցել ճշգրիտ բիզնես պլան։ Ի վերջո, հեռուստահաղորդումների վարկանիշներն են հայտնվում կասկածի տակ։

Եվ ամենից կարևորն այն է, որ գովազդի շուկայում հնարավոր չէ խոսել արդար մրցակցության մասին։

«Մեդիահաուզ Արմենիա»-ն տարածել է այս փաստաթուղթը ու կոչ արել հեռուստագովազդային գործունեության հետ առնչվող բոլոր ընկերություններին հետևություններ անել այս ամենից:

Թե ինչպիսին կլինեն հետևությունները, բարդ է ասել։ Մենաշնորհները կարելի է քանդել, բայց փոխարենը կարելի է ստեղծել նաև մեկ այլ մենաշնորհ։ «Մեդիահաուզ Արմենիա»-ն, որը հիմա աշխատում է Հանրային ու «Շանթ» հեռուստաընկերությունների հետ, հայտնել է նաև, որ դիմել է ԱԺ ու սպասում է իրավական կարգավորման նպատակով քննարկումների։

«Ադմոսֆեր Արմենիա»-ն արձագանքել է աուդիտի արդյունքներին և պատասխանելով թերևս ամենալուրջ մեղադրանքին (վարկաբեկված տնային տնտեսությունների մասին) ընդունել, որ եղել է տեղեկատվական արտահոսք։ Բայց դա կապել է ոչ թե միտումի կամ անփութության հետ, այլ փաստաթղթերի «հափշտակության»։ 

Եվ այժմ ընկերությունը պատրաստվում է տնային տնտեսությունների մասին ողջ ինֆորմացիան պահպանել միայն վիրտուալ տարածքում՝ հրաժարվելով տպագիր տարբերակներից։

Նաև պնդել է, որ 41 վարկաբեկված տները հեռացվել են պանելից, իսկ 24-ն արդեն փոխարինվել։ Եվ ընդհանրապես պատրաստ է այսուհետ ավելի խստորեն հետևել միջազգային կանոններին։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *