2022.04.04,

Նյուսրում

Հայաստանում մեդիաաշխատողների իրավունքները թույլ են պաշտպանված․ հետազոտություն

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Կարևոր բացահայտումներ

  • Մեդիա ոլորտում երբեմն գործատու-աշխատող հարաբերությունները հաստատվում են բանավոր համաձայնությամբ՝ առանց որևէ պայմանագրի:
  • Շատ հաճախ խախտվում են մեդիաաշխատողների հանգստի և հանգստյան օրերին կրկնակի վարձատրվելու իրավունքները։
  • Հայաստանում մեդիաաշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը բարձր չէ:
  • Հարցմանը մասնակցած մեդիաաշխատողներից կեսի աշխատավարձը չի գերազանցում 200.000 դրամը:

Լրագրողներն ու մեդիա ոլորտի աշխատակիցներն այն մարդիկ են, որոնք մշտապես բարձրաձայնում են այս կամ այն խնդիրը` հաճախ երկրորդ պլանում թողնելով սեփական ոլորտի բացթողումներն ու ինչու ոչ նաև անօրինությունները:

Դրանց ներսից անդրադառնալու համար Մեդիա նախաձեռնությունները կենտրոնը սոցիոլոգ Անահիտ Ղարիբյանի հետ իրականացրել է «Աշխատանքային փոխհարաբերությունների հիմնախնդիրները մեդիա ոլորտում» հետազոտությունը։

Հետազոտության շրջանակներում կազմված առցանց հարցմանը մասնակցել է շուրջ 100 լրագրող: Իրականացվել է 20 հարցազրույց ոլորտի գործատուների հետ, որոնցից 9-ը առցանց մեդիայից է, 7-ը՝ հեռուստատեսությունից, և երկուական ներկայացուցիչ տպագիր մամուլից ու ռադիոյից։ Դրանց հիման վրա եզրակացություններ են արել 14 մեդիափորձագետներ։  

Իրավական կողմ, փաստաթղթեր

Առցանց հարցմանը մասնակցած 100 մեդիաաշխատողներից 6-ը չունեն գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիր: Փաստաթղթավորման մասով ընդունված է նաև ծառայությունների մատուցման պայմանագիրը, որով իրենց գործատուների հետ համագործակցում են հարցվածների 1/3-ը: Եվ չնայած վերջինիս տարածվածությանը՝ մեդիաաշխատողների մի մասը չի տարբերում աշխատանքային պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագրից: 

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունն (74%) ասում է, որ լիովին տիրապետում է կնքված պայմանագրի բոլոր դրույթներին, սակայն դա չի օգնում խախտումների դեպքում պաշտպանել իրենց իրավունքները. պատճառն այն է, որ չկան վստահելի կառույցներ և մեխանիզմներ, որոնց աջակցությամբ կկարողանան վերակագնել իրենց խախտված իրավունքները:

Գործատուները հաճախ աշխատանքային պայմանագիր չեն կնքում հատկապես սկսնակ մասնագետների հետ, շահագործում են նորավարտ մասնագետներին, ովքեր գործնական գիտելիքների և կարողությունների ձեռք բերման կարիք ունեն. գործատուն ուսանողներին չվճարվող փորձաշրջանի է ընդունում 3 ամիս և ավել ժամկետով, ինչն արգելված է օրենքով:

Ֆինանսեր

Աշխատավայրում  գործատուի կողմից ապահովված պայմաններից հարցվածները հիմնականում գոհ չեն վարձրատրության չափից. մեդիաաշխատողներից կեսի (52%) աշխատավարձը չի գերազանցում 200.000 դրամը: 

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ որոշ խմբագրություններում աշխատակիցների փաստացի աշխատավարձը տարբերվում է աշխատանքային պայմանագրում ֆիքսված աշխատավարձից, որը սովորաբար նվազագույն աշխատավարձի չափով է սահմանվում: Արդյունքում ոլորտում կան մասնագետներ, ովքեր աշխատավարձ են ստանում կանխիկ՝ առձեռն ծրարներով: 

Համավարակի պայմաններում մի շարք խմբագրությունների աշխատողների վճարումներն իրականացվել են ուշացումներով, նկատվել են ինչպես աշխատավարձի, այնպես էլ հաստիքային կրճատումներ:

Աշխատանքային գրաֆիկ

Հարցվածների մոտ ամենատարածված իրավունքի խախտումը աշխատաժամանակի առավելագույն տևողության չհստակեցումն է գործատուի կողմից (թվով՝ 37): Մեդիաաշխատողների շուրջ 1/3-ը օրական աշխատում է 8 ժամից ավել ծանրաբեռնվածությամբ:

Ըստ հարցման մասնակիցների՝ հաճախ խախտվող իրավունքներից է նաև մեդիաաշխատողներին հանգստյան օրերին կրկնակի վարձատրվելն ու հենց հանգիստը։ Հարցվածների կեսից ավելին գտնում են, որ աշխատելաժամանակի և հանգստի ժամանակի միջև հավասարակշռությունն իրենց ոլորտում խախտված է՝ ի շահ գործատուների։

Անվտանգություն

Հայաստանում մեդիաաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են կյանքի համար վտանգավոր պայմաններում (պատերազմ, արտակարգ իրավիճակներ, համավարակ և այլն), մինչդեռ չունեն իրենց անվտանգության ապահովման երաշխիքներ թե՛ գործատուների, թե՛ պետության կողմից: Գործատուները լրագրողներին բժշկական ապահովագրություն են տրամադրում միայն բացառիկ դեպքերում։

Պատերազմական իրավիճակներում գործատուները չեն ապահովում աշխատողներին անհրաժեշտ պաշտպանիչ հագուստով՝ զրահաբաճկոններով, արտահագուստով և սաղավարտներով: Բացի այդ գործատուների գերակշիռ մեծամասնությունն իր աշխատողների համար չի կազմակերպում դասընթացներ՝ իրազեկելով նրանց ինքնապաշտպանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև վտանգավոր իրավիճակներում հագուստի ընտրության, վարքագծի կանոնների և այլն մասին:

Լրատվամիջոցի ներսում փոխհարաբերություններ

Հարցվածների մեծամասնությունն (55%) աշխատավայրում ծագած խախտման դեպքերի և գործատուի հետ տարաձայնությունների առաջացման ժամանակ հակված է բարձրաձայնել խախտման մասին և խնդիրները քննարկել գործատուի հետ, որոշ դեպքերում էլ (12%)  նախընտրում են հեռանալ և/կամ փոխել աշխատանքը՝ ռանց քննարկելու և բանակցելու գործատուի հետ: 

Հարցմանը մասնակցած լրագրողներից միայն մեկն է հիշատակել աշխատավայրում սեռական բռնության և/կամ չարաշահման մեկ դեպքի մասին, որի արդյունքում նա դիմել է դատարան:

Ամփոփում

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում մեդիաաշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը բարձր չէ: Հարցվածների գրեթե կեսն իրենց պաշտպանվածությունը գնահատել են միջին՝ 3 գնահատականով, իսկ 1/3 մասը՝ ոչ բավարար, այսինքն՝ 1 և 2: 

Հայաստանում նկատվում է լրագրողների այնպիսի արհմիության անհրաժեշտություն, որը կիրազեկեր և աջակցություն կցուցաբերեր աշխատանքային իրավունքների խախտումների ժամանակ, կտրամադրեր իրավաբանական խորհրդատվություն, կզբաղվեր մեդիաաշխատողների շահերի պաշտպանությամբ և աշխատավայրում կամ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կստեղծեր անվտանգության երաշխիքներ: Թեպետ նման կառույց արդեն իսկ կա, այդուհանդերձ ոլորտի ներկայցուցիչների մեծամասնությունը (95%) տեղյակ չէ արհմիության գործունեությունից, իսկ տեղյակներն էլ վերջինիս գործունեությունն անարդյունավետ են համարում:

Արդյունքում, լրատվամիջոցների ֆինանսական անկայունությունը հանգեցնում է լրագրողների աշխատանքային այնպիսի իրավունքների խախտումների, ինչպիսիք են՝ աշխատավարձերի կրճատում և ուշացումներ, պատվիրված քաղաքական և տնտեսական թեմաներով հոդվածներ, աշխատողների շահագործում և չարաշահում, աշխատանքից ազատում և այլն:

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հայաստանում մեդիաաշխատողների իրավունքները թույլ են պաշտպանված․ հետազոտություն”
  1. Taguhi says:

    Զարմանքով կարդացի, որ հարցվածների 52 տոկոսի աշխատավարձը չի գերազանցում 200 հազար դրամը: Խմբագրություններում շաբաթը 6-7 օրՙ ժամը 10-19-ը, աշխատանքի դիմաց, վճարում են լավագույն դեպքում 100-120 հազար դրամ աշխատավարձ, ընդ որումՙ աշխատակցի փորձը, գիտելիքները հաշվի չեն առնվում, բարձր են վճարվում խմբագրի հետ տարբեր պայմանավորվածությունների մեջ մտնող լրագրողները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *