Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին հորդորում է չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը, որն ընդունվել էր մարտի 24-ին։ 

«Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը խրախուսում է տուգանքները, որոնք կարող են սահմանափակել ազատ արտահայտման իրավունքը և սպառնալ երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը»,- ասված է մարտի 26-ին հրապարակված հայտարարության մեջ:

Խոսքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրենքի մասին է, որը Հայաստանում զրպարտության փոխհատուցման առավելագույն չափ է սահմանում 6 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 3 մլն դրամ։

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հաշվի առնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների մտահոգություններն ու չեղարկել օրենքը», – ասված է  Freedom House-ի հայտարարությունում, որի հեղինակը Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտն է:

Կոչի հիմնավորումն այն է, որ չափազանց մեծ տուգանքները կարող են օգտագործվել որպես քաղաքական ճնշման միջոց՝ անկախ մեդիա կազմակերպությունների նկատմամաբ, որոնք կարող են քննադատել քաղաքական գործիչներին և այլ ազդեցիկ հանրային դեմքերին: 

Հայտարարությունը շեշտում է նաև այն հանգամանքը, որը օրենքը ընդունվել է՝ առանց հաշվի առնելու արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կարծիքները և մտահոգությունները:

Նունե Հախվերդյան