2020.03.17,

Նյուսրում

Արցախում քարոզարշավ է, լրագրողներն աշխատում են սովորական ռեժիմով

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախում դեռևս կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, խուճապ չկա։

Մինչ Հայաստանում վերջին օրերին ուշի-ուշով հետևում են կորոնավիրուսի դեպքերի զարգացմանը, Արցախում նախընտրական ակտիվ քարոզչությամբ են զբաղված նախագահի ու պատգամավորների թեկնածուները՝ նախընտրական հանդիպումների տեսքով ու սոցցանցային ակտիվությամբ։

Ֆեյսբուքում մի քանի օգտատերեր իշխանություններին հորդորել են չեղարկել մարտի 31-ին նախատեսվող ընտրությունները, այս մասով դեռևս պաշտոնական կարծիք չի հնչել։

Նախագահի 14 թեկնածուներից ոչ բոլորն են ակտիվ քարոզչություն ու հանդիպումներ անցկացնում։ Այս պահի դրությամբ մի քանիսն են  անդրադարձել կորոնավիրուսի թեմային։

Մարտի 16-ին հայտարարությամբ հանդես է եկել ամենաակտիվ քարոզչություն իրականացնողներից մեկը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ «հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը կդադարեցվեն նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում»։

«Նախընտրական քարոզչությունն արդյունավետ շարունակելու նպատակով մենք հիմնականում կօգտագործենք հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները և բաց երկնքի տակ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ հանդիպումները, որոնց ժամանակ էլ նախատեսում ենք տարբեր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել»,-ասվում է հայտարարության մեջ:

Արայիկ Հարությունյանը իշխանություններին նաև հորդորել է կանխարգելիչ աշխատանքներ կատարել վիրուսի ներթափանցման ու տարածման համար։

Կորոնավիրուսի թեմայով հայտարարություն է տարածել նաև նախագահի թեկնածու Բելլա Լալայանը, որը դիմել է ընտրապայքար մտած բոլոր թեկնածուներին և հորդորել, որ դադարեցնեն փակ տարածքներում նախընտրական հանդիպումները և համերգները։

Նա նաև դիմել է պետական մի շարք մարմիններին՝ հորդորելով համապատասխան քայլեր իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման համար։

Բելլա Լալայանը նախընտարակն հանդիպումներ չի անում․ քարոզչությունը բացառապես իրականացնում է լրատվամիջոցներով ու սոցցանցերով։

Ակտիվ քարոզչություն իրականացնող թեկնածուներից է նաև Վիտալի Բալասանյանը, որը երեկ կոչով դիմել է Արցախի նախագահին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ և նշել մի քանի քայլեր, որ պարտավոր է անել նախագահը։

Նախագահի այս թեկնածուն ինքը նախորդ օրերին շարունակել է նախընտրական հանդիպումները, այդ թվում՝ փակ տարածքներում։

Մնացած թեկնածուների ֆեյսբուքյան էջերում կորոնավիրուսին անդրադարձ չկա, և նրանք շարունակում են ընտրողների հետ իրենց հանդիպումները, այդ թվում՝ փակ տարածքներում։

Բացառություն է նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանի տարածած նյութը, որում նա ասում է՝ «Ո՛չ կորոնավիրուսն է այս պահին խանգարում Արցախի ընտրություններին, ո՛չ էլ Ադրբեջանը»։

Այս օրերին թեկնածուների հետ հավասար աշխատում են Արցախի հանրային հեռուստառադիոընկերության լրագրողներն ու օպերատորները, որոնք լուսաբանում են թեկնածուների հանդիպումները։

Հեռուստառադիոընկերության տնօրեն Մերի Դավթյանն ասում է, որ լրագրողները պետք է լուսաբանեն այդ հանդիպումները՝ անկախ նրանից, թե հանդիպման ինչ ձև է ընտրվում։

«Նրանք սովորական ռեժիմով են աշխատում՝ որոշակի զգուշավորությամբ, առայժմ արտակարգ քայլերի անհրաժեշտություն չկա»,-ասում է տնօրենը։

Չնայած դրան՝ ընկերության շենքում առկա են ախտահանիչ նյութեր, իսկ դիմակներ լրագրողներն ու օպերատորները կրում են իրենց հայեցողությամբ։ Այսօր կքննարկեն նաև տարեց աշխատողներին ժամանակավոր տուն ուղարկելու հարցը։

Ի դեպ, նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է  մի շարք կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու մասին՝ կապված մարտի 31-ին նախատեսված ընտրությունների պատշաճ անցկացման համար։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *