Header

2019.09.13,

Նյուսրում

«Արմենիա» հեռուստաընկերությունը տուգանվեց բռնության տեսարաններ ցուցադրելու համար

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Mobile

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի նիստում հրապարակել է «Արմենիա Թի-Վի» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին որոշումը։

Հեռուստաընկերությունը տուգանվել է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարանները, որն արգելված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով։

Այս դրույթից ելնելով հանձնաժողովը սահմանել է նաև էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչներ։

Տույժ կիրառելու առիթը հեռուստասերիալի օգոստոսի 22-ի ժամը 21։54-22։44 հեռարձակված սերիան էր, որի «ամբողջ ընթացքում տղամարդը կնոջը ենթարկում է կտտանքների, բռունցքներով, ոտքերով հարվածներ է հասցնում անպաշտպան վիճակում գտնվող կնոջը, փորձում է խեղդել նրան, սպառնում է մկրատով կտրել արդեն արյան մեջ շաղաղված կնոջ քիթը, վերջում նույն մկրատով սպանում է այդ կնոջը»։

«Հանձնաժողովը գտնում է, որ ընտանեկան բռնության հանդեպ անհանդուրժողականության ձևավորման հիմնական խոչընդոտներից մեկն էլ հենց սա է՝ առնականության վերաբերյալ պատկերացումներում կնոջ հանդեպ իշխանության բռնի դրսևորումն ընդունելի համարելու հանգամանքը: Տղամարդու կողմից նման ընկալումն ու դրանից բխող վերաբերմունքը հանգեցնում են նոր բռնությունների՝ բռնարարի մոտ ստեղծելով իր վարքի ու արարքների անպատժելիության ընկալում: Եվ այս ամենի հերթական օրինակը «Արմենիա Թի-ՎԻ» հեռուստածրագրի «Անհասցե ծնվածները» ամբողջ հեռուստասերիալն է, այլ ոչ թե միայն քննության առնված սերիան»,- նշված է որոշման մեջ:

Միաժամանակ ընդգծվում է, որ բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ մեդիայում և հատկապես սերիալներում արտացոլած կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունը անմիջականորեն ազդում են հանրային կյանքում բռնության օջախների բռնկման և դրանց քանակի, ինչպես նաև դաժանության աստիճանի վրա:

Սերիալներում բռնության տեսարանների ավելացմանը զուգահեռ, ավելացել են նաև իրական բռնության դեպքերը:

Թեմայի շուրջ վերջերս հայտարարություն էր տարածել Ընդդեմ կանանց  նկատմամբ բռնության կոալիցիան՝ հրավիրելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունը։

Հայտարարության մեջ նշվում է․ «Թեև վերջին շրջանում կանանց նկատմամբ բռնության խնդիրը դարձել է հանրային դաշտում ամենաքննարկվողներից մեկը, այնուամենայնիվ ԶԼՄ-ներում շարունակվում են հայտնվել ակնհայտ խտրական և բռնության տեսարաններով լեցուն գովազդներ, սերիալներ և լուսանկարներ։ Հերթական օրինակը օրերս համացանցը ողողած «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի լուսանկարն էր, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Թեև բարձրացրած աղմուկից հետո հեռուստաընկերությունը ջնջել է տեսանյութը յութուբյան իր ալիքից, սակայն այդքանով խնդիրը լուծված համարել չի կարելի։ Բազմաթիվ սերիալներ շարունակում են վերարտադրել վտանգավոր կարծրատիպեր և բռնություն՝ այդպիսով հանրությանը հրամցնելով վարքային մոդելներ»։

Կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ  տարիներ առաջ կոալիցիայի անդամ կազմակերպություններից մեկը՝ «Հասարակություն առանց բռնության», մեկ սերիալի դիտարկում արեց, որի արդյունքներից ելնելով կարելի է ասել, որ սերիալներում գենդերային բռնությունը բավականին ընդգծված է.

«Կարծրատիպային, գենդերային դերաբաժանում կա, որը կազմում է սյուժետային հիմքը»։

Զարուհին փաստում է, որ մշտապես ասվում է, թե իրավական հիմքեր չկան կարգավորման, կամ դա մեդիայի անկախությանն ու խոսքի ազատությանը միջամտություն է․ «Բայց հայտարարության մեջ մենք մեջբերում ենք այն օրենքները, որոնց վրա հիմնվելով կարելի է գենդերային բռնությունը վերահսկել մեդիայում։ Դա ամենևին մեդիայի ազատությունների սահմանափակում չի կարող դիտվել, այլ օրենքների շրջանակներում կարգավորում»։

Ըստ նրա՝ սեքսիսզմը, խտրականությունը անգամ գովազդներում է շատ տարածված․ կան օրինակներ, որտեղ կնոջ մարմինը կամ կինը ինքնին համեմատվում է սանհանգույցի տարբեր մասերի հետ և հիմնականում շեշտադրվում է, թե ինչպես է նա ծառայում ընտանիքին կամ հասարակությանը:

Կնոջ դերը դիտարկվում է որպես ծառայություն մատուցող անձ, ավելի ճիշտ՝ իր։

Այդ ամենը կա որպես հետազոտական հիմք, բայց մեդիադաշտի ամբողջական հետազոտություն դեռևս չի արվել։ Դա, Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, պատրաստվում է անել Ընդդեմ կանանց  նկատմամբ բռնության կոալիցիան՝ կենտրոնացնելով գենդերային խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների ռեսուրսները։

Ծրագիրը քննարկման փուլում է, հստակեցվում է նաև լրատվամիջոցների ցանկը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *