Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ
44227780_311743956288961_7189565534545903616_n

Այսօր Հայ մամուլի օրն է, որը Հայաստանի հանրապետությունը պաշտոնապես նշում է 2004 թվականից։ Տոնը ավելի քան 200 տարվա նախապատմություն ունի։

1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել առաջին հայկական տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», և այդ օրը դարձել է ազգային մամուլով հպարտանալու տոն:

Հարություն Շմավոնյանի հիմնադրած «Ազդարար» ամսագիրը հրատարակվել է մինչև 1796 թվականն ու հասցրել է 18 համար թողարկել, որոնց էջերում տեղ են գտել ոչ միայն լուրերն ու ամփոփ իրադարձությունները, այլև գեղարվեստական ստեղծագործությունները, թարգմանություններն ու պատմական ակնարկները։

Փաստորեն, մեդիայում աշխատող հայաստանցիները երկու մասնագիտական տոն ունեն՝ ազգային և համաշխարհային։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության համաշխարհային օր։

Այդ օրը ոչ միայն մամուլի ազատության գնահատման, այլև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրն է:

Իսկ հոկտեմբերի 16-ը ավելի շատ հպարտության ու մեծարման օր է։

18-րդ դարի վերջում տպագիր լրատվամիջոցի հայտնությունը վկայում է պահի թելադրանքի սթափ գիտակցման ու իննովացիոն տեխնոլոգիայի հմուտ գործածման մասին։

Իհարկե, այսօր հաղորդակցության գործիքներն ու տպագրման տեխնոլոգիաները աննկարագրելիորեն փոխվել են, սակայն առաջին հայալեզու տպագիր ամսագրի մասին հիշելը լավ առիթ է շնորհավորելու այն բոլոր մարդկանց, որոնք դարերի ընթացքում կուտակել, գեներացրել ու հանրության սեփականությունն են դարձրել ինֆորմացիան։

Շնորհավորում ենք լրագրողներին, խմբագիրներին, սրբագրիչներին, էջադրողներին, լուսանկարիչներին, տպագրիչներին և այն բոլոր մարդկանց, ում շնորհիվ տարիներ շարունակ անխափան գործում է լրատվական շղթան, նույնիսկ եթե որոշ մասնագիտություններ արդեն պատմության գիրկն են անցնել։

Նունե Հախվերդյան