2016.06.23,

Նյուսրում

ՌԴ դեսպանատանը տրվող ռադիոհաճախականությունը «մեր իմացածը» չէ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 22-ի նիստում որոշել է բավարարել հայտը և ռադիոհաճախությունների օգտագործման թույլտվություն տրամադրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը: Սա հատկապես սոցմեդիայում տարընթերցումների տեղիք է տվել, թե վերաբերում է ռադիոհաղորդումների հեռարձակման ( եթերային) հաճախականության տրամադրմանը:

Մինչդեռ, նախ՝ դատելով որոշման նախագծից, մեկ տարի ժամկետով թույլտվությունը վերաբերում է Երևան քաղաքում և մերձակա բնակավայրերում շարժական ռադիոկապի ցանցի համար տրամադրվող համապատասխան հաճախականություններին:

Իսկ դատելով կողմերի միջև կնքվելիք պայմանագրի նախագծից, դեսպանատունը պարտավոր է շարժական ռադիոկապի ցանցը շահագործել միայն ներարտադրական նպատակների համար, իրավունք չունի իր ներարտադրական ցանցը փոխկապակցել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին կամ ներարտադրական ցանցի միջոցով մատուցել հատուցելի կամ անհատույց էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ:

Հարցը նիստում զեկուցել է հանձնաժողովի աշխատակազմի՝ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, որից մեկնաբանություն Media.am-ը փորձում է ստանալ:

Մինչ այդ նշենք, որ ռադիոկապի նման թույլտվություն տալու իրավասությամբ օրենքով օժտված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ( Էլեկտրոնային հաղորդակցության մասին ՀՀ օրենք):

Ինչ վերաբերում է եթերային ռադիոհաղորդումների հաճախականությունների տրամադրմանը, այդպիսին տրամադրելու իրավունք ունի ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող, այլ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ( Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենք) :

                                                                                                                                                                                                                 Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *