2016.06.02,

Նյուսրում

Ինչ են ուզում փոխել լրատվական դաշտում 15 խմբագիրները

Հայաստանում գործող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների 15 ղեկավարներ հունիսի 2-ին տարածած  հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում, որ որպես առցանց լրատվամիջոց հանդես եկողների «մի մասը հայտնվել է անվերահսկելի դաշտում, գործում է օրենքներից ու բարոյական նորմերից դուրս եւ անարգել, անվճար օգտվում է մյուսների աշխատանքի արդյունքներից»։

Հայտարարությունը ստորագրած ղեկավարները օրենսդրական փոփոխությունների միջոցով այդ կայքերին իրավական, այդ թվում՝ հեղինակային իրավունքի դաշտ բերելու կոչ են հղել:

Հարկային մարմիններին նրանք հորդորել են՝ «հսկողություն սահմանել առցանց լրատվամիջոցների գործունեության եւ գովազդային մուտքերից հարկերի վճարման գործընթացի նկատմամբ»։

Իսկ համապատասխան պետական կառույցներին նրանք հորդորել են իրենց միջոցառումների լուսաբանման համար չհավատարմագրել այդ հարթակների լրագրողներին:

Հայտարարությանը միանալ հրաժարվել է նման առաջարկություն ստացած  միայն մեկ կայք. նախաձեռնողները չցանկացան հրապարակել այդ կայքի անունը:

«Մեդիամաքսը» հայտարարությանը միանալու առաջարկ է ստացել և ընդունել այն, «որովհետեւ ամենաթողությունն անցել է բոլոր սահմանները»:

Ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը Media.am-ի հետ զրույցում Ֆեյսբուքի իր անձնական էջում արած «ամենաթողություն» ձևակերպումն այսպես բացատրեց. « Իսկապես, շատ են դեպքերը, երբ մեր հեղինակային նյութերն օգտագործվել են մեր կանոնների խախտումով, և անհնար է եղել գտնել տվյալ կայքից որևէ պատասխանատուի: Նրանց կայքի վրա չկա կոնտակտային ոչ մի տվյալ, իսկ տեխնիկական այլ մեթոդներով գտնելը երբեմն անպտուղ գործ է: Այսինքն, քո հեղինակային նյութը գողանում են՝ դու ցանկանում ես պատասխանատվության կանչել, բայց հնարավորություն չունես գտնելու այդ մարդկանց: Նույնն է, երբ նման կայքերն ապատեղեկատվություն են տարածում կամ բացահայտ սադրիչ հրապարակումներ»:  

Հայտարարության նախաձեռնողներից՝ «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ «համբերության բաժակը» լցվելու առիթն ապրիլյան պատերազմական գործողությունների լուսաբանումն էր. «Այդ օրերին կային կայքեր, որոնք մի քանի տարվա հնության տեսանյութերով, սահմանի վիճակի կամ զոհերի մասին «գայթակղիչ» վերնագրերով «լայք» էին հավաքում, ինչն անթույլատրելի է: Ու այս հայտարարությունը նաեւ նրանց սթափության կոչ է»:

Ի դեպ, «հայտարարությունը ստորագրած լրատվամիջոցների ղեկավարների կոլեկտիվ որոշումն է ըստ էության եղել իրենց միացողների ցանկի ընտրությունը, որն, իհարկե, կարող էր առավել ընդգրկուն լինել կամ հակառակը»: 

Հայտարարության պահանջների մեջ Թովմասյանն առաջնահերթ է համարում օրենսդրական փոփոխությունը, որը համատեղ մշակելու համար արդեն հստակ պայմանավորվածություն ունեն կառավարության և խոհրդարանի հետ, «որպեսզի կայքերը ևս ունենան մշտական գործող հասցե, թողարկող-պատասխանատու, հեռախոսահամար եւ ամենակարեւորը՝ իրավաբանական կարգավիճակ: Առաջիկայում նախատեսում ենք առավել մեծ ֆորմատով քննարկումներ կազմակերպել»:

Ինչ վերաբերում է հայտարարության տեքստում «լրատվամիջոցների» և «բլոգային դաշտի» ներկայացուցիչների տարանջատմանը, Թովմասյանն այսպես բացատրեց.

«Եթե որեւէ կայք չի ցանկանում պահպանել լրատվական գործունեություն ծավալողի համար անհրաժեշտ իրավական ու մասնագիտական նորմերը, ապա պետական գերատեսչությունները նրանց չպետք է հավատարմագրեն՝ որպես լրատվամիջոցի: Բոլորն ազատ են տեղեկություն ստանալու, ստեղծագործելու, իրենց կարծիքն արտահայտելու եւ տարածելու հարցում, բայց լրատվական գործունեություն իրականացնողը պետք է տարբերվի բլոգոլորտից: Սա է մեր մոտեցումը»:

Արդյոք եղե՞լ է նման «լրատվամիջոցի» թղթակցին պետական որևէ մարմնում հավատարմագրելու նախադեպ. Արա Թադևոսյանն ասաց՝ չգիտի, չնայած ավելացրեց, որ հետագայում նաև հավատագրման գործող ինստիտուտի վերանայման և պարզապես «փրեսս քարտի» ներդրման հարց կարող է բարձրացնեն:

«Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ հայտարարությունը ստորագրածներս սրանով փորձում ենք գրաքննություն սահմանել և այլն: Բայց կարծում եմ, որ առհասարակ նման վտանգ չկա, որովհետև քաղաքակիրթ բոլոր երկրներում այս դաշտն ինչ-ինչ կարգավորման ենթարկվում է, ու մեզ մոտ եղած ամենաթողությունն այնտեղ չկա, երբ ցանկացած մեկը նվազագույն գումարով կարող է դոմենային անվանում գրանցել, չգիտեմ՝ 10 կամ 20 դոլարով գնել ամենաէժանագին հոսթինգը Հայաստանի սահմաններից դուրս, ապա տարբեր աղբյուրներից նյութեր քոփի-փեյսթ անել և իրեն անվանվել լրատվամիջոց»:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *