Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
rus-image

Հայաստանի սոցիալական դիսկուրսում ժամանակակից Ռուսաստանի կերպարը բնութագրելու, դրա ընդհանուր ուրվագծերը ցույց տալու համար 2014թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը 8 ինտերնետային լրատվամիջոցների՝  news.am, 1in.am, panorama.am, aravot.am. lragir.am, ilur.am, 7or.am, yerkir.am հետազոտություն է իրականացրել:

Հետազոտությունը պարզել է, որ Ռուսաստանի մասին հրապարակումների մեծ մասում՝  61%-ում, իրադարձությունները նկարագրվել են չեզոք դիրքերից: Սակայն մեդիայում արտահայտված գնահատականներն ավելի շատ բացասական են եղել, քան դրական: Հետազոտված կայքերում Ռուսաստանի նկարագրությունների 29%-ում կա բացասական վերաբերմունք, եւ միայն 10%-ում՝տրամադրվածությունը դրական է:

«Ռուսաստանի կերպարը հայասատանյան մեդիայում» անվանումով հետազոտության հեղինակները հաշվարկել են այսպես կոչված ագրեսիվության ինդեքսը (բացասական եւ չեզոք նշաններով հրապարակումների հարաբերակցությունը) եւ բարյացկամության ինդեքսը (դրական եւ չեզոք նշաններով հրապարակումների հարաբերակցությունը):  Նշված ութ կայքերում Ռուսաստանի նկատմամբ  ագրեսիվության ինդեքսը կազմել է 0.48, բարյացկամության ինդեքսը՝ 0.15:

Կենտրոնը նմանատիպ մի հետազոտություն իրականացրել է 2004-2005թթ. եւ այն ժամանակ ագրեսիվության ինդեքսը կազմել է 0.32, բարյացկամության ինդեքսը՝ 0.24: Ստացվում է, որ տասը տարվա ընթացքում ագրեսիվության ինդեքսն աճել է, իսկ բարյացկամությանը՝ նվազել:

Կենտրոնի տնօրեն եւ հետազոտության ղեկավար Լաուրա Բաղդասարյանն ասում է, որ փոփոխություններն աննշան են եւ չի կարելի ասել, թե հայաստանյան մեդիայում Ռուսաստանի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա:

Հետազոտության արդյունքներում երեւում է, որ բացասական նկարագրությունների քանակով առաջատարներն են եղել  lragir.am-ը (52%), aravot.am-ը (40%) եւ 1in.am-ը (36%):

Aravot.am-ը առաջատար է դրական նկարագրությունների քանակով (19%): Այստեղ երկրորդն է  panorama.am (14%) 1in.am (13%):

Գեղամ Վարդանյան