2012.02.03,

Նյուսրում

«Հայկական Ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը ակնկալում է լրատվամիջոցների զորակցությունը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, որ իրենց թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորումը «քայլ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության այն լրագրողների, ովքեր ազատ խոսքի իրավունքը համարում են իրենցը»:

Փաշինյանի կարծիքով Հայկ Գեւորգյանը Հայաստանի լրատվական դաշտում, լրագրողների համքարության ամենասիրված եւ ընդունված դեմքերից է եւ Հայկին որպես թիրախ ընտրելը չի կարող ուղղված լինել միայն «Հայկական Ժամանակի» դեմ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը կալանավորվել է այսօր: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի` «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս», եւ 244 հոդվածի` «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»,  հատկանիշներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում լրագրողը կարող է դատապարտվել մինչեւ երկու տարի ազատազրկման:

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողի կալանավորումը «ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի կողմից հրահանգավորված ապօրինի եւ լկտի հետապնդում է, որի նպատակը Գեւորգյանի նկատմամբ անձնական վրեժ լուծելն ու նրա լրագրողական գործունեությունը կասեցնելն է»:

Այսօրվա ասուլիսում  Նիկոլ Փաշինյանը լրագրողների ուշադրությունը դարձրեց «Հայկական Ժամանակի» հունվարի 13-ի եւ 14-ի համարներում Ոստիկանապետ Վլադիմիր [[wysiwyg_imageupload:173:]]Գասպարյանին առնչվող «Եւ Աստված ասաց` Վովա» եւ «Եթե ԱՊՊԱ, ապա Պապա» հոդվածների վրա, որոնց հեղինակը Հայկ Գեւորգյանն է: Թերթի այսօրվա՝ փետրվարի 3-ի համարում էլ «Մի պուճուր նվեր» լուրում Հայկ Գեւորգյանը տեղեկացրել էր, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Վլադիմիր Գասպարյանին «G» դասի «Մերսեդես» ջիփ է նվիրել:

«Մենք հիմքեր ունենք պնդելու, որ ուղղակի Հայկ Գեւորգյանի նկատմամբ գործ է սարքվում»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակի» խմբագիրը ներկայացրեց միջադեպը, որը առիթ է հանդիսացել լրագրողի կալանավորման համար: Հունվարի 14-ին Հայկ Գեւորգյանը եղել է էկոնոմիկայի նախարարությունում: Երբ դուրս է եկել շենքից, նրա մեքենայի հետեւում է կանգնած է եղել մի մարդ, ով չի ցանկացել ճանապարհ տալ: Հայկը մի քանի անգամ ազդանշան է տվել, հետո մոտեցել եւ խնդրել է մեքենայի ճանապարհն ազատել: Մարդը հեռացել է, սակայն երբ Հայկը մեքենայով հետընթաց փորձել է դուրս գալ, սկսել է բղավել, թե իրեն վրաերթի են ենթարկել: «Հայկը հասկանալով ինչ է կատարվում, դուրս է գալիս, ասում է հիմա ոստիկանություն կկանչեմ, էս ի՞նչ ես անում… Հայկը հավաստիացնում է եւ ես իր հավաստիացումներին հավատում եմ, որ որեւէ կոնտակտ չի եղել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժողը Աշոտ Ֆրանգուլյանն է: «Ֆրանգուլյանը բացատրություն է տվել, որ հիշյալ ավտոմեքենան հիշյալ վայրում հետընթաց ընթանալով վրաերթի է ենթարկել իրեն, վարորդը կանգնեցրել է մեքենան, իջել, սպառնացել է ոստիկանություն կանչել, հետո անպատվել է իրեն, ապա նստել մեքենան և իրեն անօգնական վիճակում թողնելով` դիմել է փախուստի:
Ֆրանգուլյանը պատահական ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ու ստացիոնար բուժում ստացել:»,- ասվում է հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատմեց, թե իրենց տեղեկություններով ինչ հայտարարություն է արել տուժող Ֆրանգուլյանը: «Հայկ Գեւորգյանի մեքենան, այպես ինչպես կարելի է մատով կպնել, այ այդպես կպել է իրեն: Քանի որ իր ոտքի վրա մի ջիլ կա, որը շատ թույլ է… թեկուզ մատով կպնեն: Դրա արդյունքում ինքը գնացել է նստել է մոտակա բորդյուրին եւ գլուխը խփել է պատին»,- պատմում է «Հայկական Ժամանակի» խմբագիրը:

«Հունվարի 23-ին Հայկ Գևորգյանին բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գևորգյանը չի հայտնաբերվել: Նույն օրը որոշում է կայացվել Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշվում է Ոստիկանության հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեջբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ «Հետախուզում հայտարարելը» հոդվածը: «Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը` իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին»,- ասվում է հոդվածում: Լրագրող Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ եղած օրերին ակտիվ աշխատել է, լուսաբանել է կառավարության նիստերը: Նրա գտնվելու վայրը հայտնի է եղել բոլորին:

Հետախուզում հայտարարելը հնարավորություն է տվել առանց դատարանի որոշման կալանավորել Հայկ Գեւորգյանին: 72 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշի՝ վերահաստատե՞լ լրագրողի կալանքը, թե՞ ոչ:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *