Այս տարի աշնանը Հայաստանում անցկացվելու է COP 17-ը՝ կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Էկոլրագրող Մարիամ Տաշչյանը այդ իրադարձությանն ընդառաջ երկու լրագրողական հետաքննություն է հրապարակել։
«COP 17-ի շեմին Հայաստանը դեռ վայրի կենդանիների «լվացքատուն»»-ը պատմություն է վայրի կենդանիների կասկածելի շրջանառության մեջ Հայաստանի ներգրավվածության մասին։ Իսկ «Հայաստանի վտանգված կենդանիները և հնդիկ միլիարդատիրոջ «ոսկե վանդակները»»-ում Մարիամ Տաշչյանը ներկայացնում է, թե ինչպես են Երևանի կենդանաբանական այգուց Հայաստանի Կարմիր գրքում ներառված գորշ արջերն ու սպիտակագլուխ անգղները տեղափոխվել Հնդկաստան՝ միլիարդատեր Անանտ Ամբանիի «Վանտարա» անվանումով մասնավոր տարածք։