«Ժողովուրդ» թերթի հիմնադիր Թագուհի Թովմասյանի կարծիքով, թե՛ լրագրությունը, թե՛ պատգամավորի աշխատանքը առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության հետ: Եվ փաստորեն, նախորդ իշխանությունների ամենաթողության դեմ պայքարում էին հենց լրագրողները:
«Լրագրողներն էին սկզբունքային և հետևողական, և հիմնականում օգնել են ընդդիմադիր դաշտին»,- ասում է «Իմ քայլը» ցուցակում ընդգրկված Թագուհին:
«Ժողովուրդ» թերթը, որը աչքի է ընկնում սկանդալային բացահայտումներով՝ նաև անհայտ աղբյուրներից, կշարունակի աշխատել արդեն առանց իր հիմնադրի:
«Ինտերնետը օրվա ընթացքում խժռում է ինֆորմացիայի առյուծի բաժինը: Եթե գնանք օրվա իրադարձության հետևից, կտապալվենք: Այդ պատճառով մեզ մնում է էքսկլյուզիվ դաշտը, որը ծածկում ենք նաև արտահոսքերով», – ասում է նա:
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ ինտերնետում պահանջարկ ունեն իրենց կողմից հրապարակվող կարճ լուրերը, որոնց աղբյուրները գտնվում են ոչ միայն իշխանական դաշտում, այլև ամենուրեք:
«Երբեմն հրապարակում ենք այնպիսի ինֆորմացիան, որին անգամ իշխանությունները չեն տիրապետում», – ասում է նա:
Գեղամ Վարդանյան