Էկրանապատկերը՝ ԿԸՀ-ի կայքից

Իշխող քաղաքական ուժը Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը անցկացնում է «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Ընտրություններին մասնակից ուժերից մեկն էլ ծրագրում է ազատագրել Արցախն ու Նախիջևանը։ Մեկ ուրիշ ուժ պատրաստվում է պարտադիր զինվորական ծառայությունը աստիճանաբար կրճատել ու հասցնել 90 օրվա։

Ինչպե՞ս են ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններն ու դաշինքները պատկերացնում մեր երկրում խաղաղությունը ամրապնդելու, անվտանգությունն ապահովվելու հնարավորութուններն ու ուղիները։

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի սկզբում Նիկոլ Փաշինյանը դիմում է քաղաքացուն ու հորդորում տեր կանգնել խաղաղությանը։ Վերջում գրված է՝ «Ձեր Նիկոլ»։ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կոչը անցնում է ՔՊ–ի ծրագրի բոլոր էջերով ու բաժիններով։

Ծրագրում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2024–ին սկսված պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի, 2025–ին Վաշինգտոնում ստորագրված տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքների հաստատման, խաղաղության նախաստորագրված փաստաթղթերի մասին։ Թվարկվում են խաղաղության ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը, TRIPP նախագծի իրագործումը՝ 2025 թ. օգոստոսի 8–ի Վաշինգտոնի հռչակագրի և 2026 թ. հունվարի 14–ին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների կողմից ընդունված TRIPP-ի իրականացման շրջանակի բովանդակությանը համապատասխան։

Ըստ ծրագրի՝ դրանք կհանգեցնեն տարածաշրջանային կապուղիների լիարժեք ապաշրջափակման։ Նշվում են նաև Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը և վավերացումը, դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը։

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ կարևորում են «Տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն, և Կուսակցությունը գնալու է այս ճանապարհով»։

ԵԱՏՄ-ի և ԵՄ–ի անդամակցության մասին ծրագրում գրված է․ «Քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»։

«Հայաստան» դաշինքը, ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի, հանձնաժողով նախընտրական ծրագիր չի ներկայացրել․ կայքում ծրագիրը դրված չէ։ Խաղաղության պայմանագրի, արտաքին քաղաքականության, Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին դաշինքի անդամները խոսում են ասուլիսներում ու հարցազրույցներում։ Նախընտրական ցուցակի առաջին անունը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Հայաստանի անվտանգությունը պետք է կառուցվի ուժեղ բանակի, դաշնակիցների և զսպման մեխանիզմների վրա։ «Մեծ քաղաքականություն» փոդքաստում նա նշում է, որ խաղաղությունը չի կարող կախված լինել «մի մարդու բարի կամքից», և պետք են միջազգային երաշխիքներ ու երաշխավորող պետություններ։ Երաշխավոր համարում է Ռուսաստանին, բայց նշում է, որ միայն մեկ ուժային կենտրոնից կախվածությունը ճիշտ չէ։ Ըստ Քոչարյանի՝ պետք է փորձել հասնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, որովհետև մշտական պատերազմը լուծում չէ։ Նշում է նաև, որ դժվար է վստահել Ադրբեջանի իշխանությանը, որը անդադար խոսում է սպառնալիքի լեզվով։

«Ուժեղ Հայաստանի» նախընտրական ծրագիրը 7 բաժին ունի․ վերջին երկուսը վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու անվտանգության ռազմավարությանը։ Երաշխավորված և հարատև խաղաղությունը համարում են տարածաշրջանային կայունության կարևոր բաղադրիչ։ Նշվում է, որ «խաղաղությունը հնարավոր է միայն բարձր իրավաբանական ուժ ունեցող և փոխլրացնող պայմանագրերի առկայությամբ»։

«Ուժեղ Հայաստանի» ծրագրով խաղաղության երաշխավորները պետք է ունենան հստակ սահմանված պայմանագրային պարտավորություններ և իրավունքներ, իսկ իրավաբանական հիմք ունեցող վերջնական պայմանագիրը պետք է հիմնված լինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կիրառման և դրա սպառնալիքի բացակայության սկզբունքների վրա։ Ծրագրում գրված է․ «Խաղաղությունն ամրագրող պայմանագրի երաշխավորների բացակայությունը կամ միայն մեկ երաշխավորը խոցելի կդարձնի խաղաղության հարատևությունը»։

Երաշխավոր չլինելու դեպքում, ըստ «Ուժեղ Հայաստանի», Ադրբեջանը կարող է սպառնալ ուժի կիրառմամբ և տարածքներ կորզել ՀՀ–ից։

Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը հրամայական է համարում երաշխավորված կայուն խաղաղության հաստատումը Ադրբեջանի հետ, բայց ծրագրում նշվում է, որ այդ խաղաղությունը պետք է ապահովվի մեկից ավելի երաշխավորների ներգրավվմամբ։

«Ուժեղ Հայաստանը» կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը, բայց առանց նախապայմանների և բացառելով պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության զիջումը։

«Ռեֆորմիստների կուսակցությունը», որպես նախընտրական ծրագիր, ներկայացրել է 6 առաջնահերթությունից կազմված տեքստ՝ «Ռեֆորմիստների 7 կետերը» վերնագրով․ 7–րդ կետը ԿԸՀ կայքում չկա։

6 կետերից առաջինը վերաբերում է անվտանգությանը․«Ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ»։

Խաղաղության պայմանագիր, հարաբերություններ հարևանների հետ, բանակ, պաշտպանություն․ այս հարցերը որևէ կերպ ներկայացված չեն։

Դրանց վերաբերող որոշ մանրամասներ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնում է պաշտպանության նախկին նախարար, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վաղարշակ Հարությունյանը։ Նախաստորագրված խաղաղության պայմանագրի մասին նա ասում է, որ այն չունի «իրավական ուժ, ունենար էլ՝ ոչ մի բան չի նշանակում»։ Անվտանգության երաշխիքը, ըստ Հարությունյանի, ռազմական բալանսն է։

«Միասնության թևեր» կուսակցության ծրագիրն սկսվում է «Մանիֆեստով»։ Դրա պարբերություններից մեկը կայուն խաղաղություն հիմնելու խոստում է։

Եթե այս կուսակցությունը գա իշխանության, կստեղծվի ՀՀ վարչապետին առընթեր Ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որը կմշակի ռազմավարական ծրագիր։ Նշվում է, որ պաշտպանության ծախսերը չեն կարող ՀՆԱ–ի 8 տոկոսից ցածր լինել։ Իր պաշտոնավարման ավարտին «Միասնության թևերը» ծրագրում է ունենալ խելացի սահմաններ ու թվային պաշտպանություն։ Նախատեսում են ռազմական համագործակցություն արևմուտքի ու արևելքի, այդ թվում ԱՄՆ–ի ու Ֆրասիայի հետ։

Տարածաշրջանում արժանապատիվ խաղաղությունը համարում են երաշխիք՝ բանակցված ու ոչ թե պարտադրված անվտանգային ճարտարապետության հաստատման համար։ Բարձր են գնահատում ԱՄՆ վարչակազմի TRIPP նախաձեռնությունը, այլ միջազգային գործընկերների, ԵՄ ու Ռուսաստանի համապատասխան հանձնառությունները։

Ծրագրում գրված է․ «Ազատելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից։ Գերիների, անհայտ կորածների, ինչպես նաև զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությունը լինելու է մեր առաջնահերթությունը»։ Բացառում են միջազգային ատյաններից Հայաստանի ներկայացրած հայցերից, գանգատներից կամ դիմումներից հրաժարվելը՝ առանց հիմնարար իրավունքների խախտումներն արձանագրելու և հատուցում տրամադրելու։

«Ազգային ժողովրդավարական բևեռը» պետական քաղաքականության հիմքում դնում է Առաջին Հանրապետության իրավահաջորդության սկզբունքի լիարժեք կիրառումը, ինչը նշանակում է ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնում՝ Արցախը ներառյալ։ Մերժում են Հայաստանի տարածքով որևէ արտատարածքային միջանցքի տրամադրումը՝ ցանկացած ձևակերպմամբ։ Արցախի բնակչության տեղահանումը գնահատվում է որպես էթնիկ զտում։ Անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի և միջազգային պատասխանատվության ապահովումը համարում են պետության պարտավորություններ։ Ռազմագերիների վերադարձը համարում են առաջնահերթություն, նախատեսում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաիմաստավորում՝ առանց կախվածության։

«Հայ ազգային կոնգրեսի» նախընտրական ծրագիրը կոչվում է «Հայաստանի խելամիտ ուղի»։ Խոստանում են հարգել Հայաստանի ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունները, շարունակել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվում է, որ խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծել Ադրբեջանից և Թուրքիայից միակողմանի կախվածությունը բացառող հաղորդակցման ուղիների ենթակառուցվածք։ Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։ «Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն»,- գրված է ՀԱԿ–ի ծրագրում։

Կոնգրեսում, ըստ ծրագրի, համոզված են, որ այս պարագայում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կլինի արդյունավետ և հավասարակշռված դիրքերից։

«Հանրապետությունը» ծրագրում է դուրս գալ ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից մինչև 2026-ի դեկտեմբերի 1-ը: Մեկ տարվա ընթացքում էլ ուզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ հնարավորություն տալով այլ պետությունների հետ դաշինքներ ձևավորել։ «Հանրապետության» իշխանության գալու դեպքում մինչև 2031թ․ Հայաստանը դուրս կգա նաև ԱՊՀ-ից և ԵԱՏՄ-ից՝ տնտեսության անցնցում անցում ապահովելով: ՌԴ-ի հետ կկնքեն իրավիճակին համապատասխան, համագործակցության նոր և ընդգրկուն համաձայնագիր՝ չեղարկելով անկախացումից հետո կնքված համաձայնագրերը, դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կլինի ՀՀ–ի լիակատար ապաշրջափակում: Կարևորում են TRIPP-ի իրականացումը՝ որքան հնարավոր է՝ արագ։ Այս կուսակցությունը նախատեսում է անցում պրոֆեսիոնալ բանակի․ «5 տարում՝ ինտենսիվ տարբերակով, ամեն տարի կրճատելով զորակոչը, կամ ծառայության ժամկետը 20 տոկոսով, վերջնական արդյունքում հասնելով 90-օրյա ուսումնավարժական ծառայության։ Կրճատումը իրականացնել օդում և ցամաքում մարտական հերթապահության զինծառայողներին փոխարինող նոր տեխնոլոգիական սարքերի ներդրումով»։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» անունով նորաստեղծ կուսակցության ծրագիրը ևս ԿԸՀ կայքում ներկայացված չէ։ Կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանը ԶԼՄ–ների հետ զրույցներում խոսում է իրենց մի քիչ անսովոր ծրագրերից։ «Հետքի» հետ զրույցում նա ասում է՝ Հայաստանը պետք է զարգացնի ստորգետնյա ռազմարդյունաբերությունը, իսկ անվտանգության ապահովման համար պետք են բարձր տեխնոլոգիաներ ու վարձկաններ։ Նրա խոսքով՝ կարող են Աֆրիկայից բերել 80.000–անոց մասնավոր բանակ և ազատագրել Հայաստանի ինքնիշխան տարածքներն ու Արցախը։