Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Մինչև 2020-ի պատերազմը մայիսի 8–ին Հայաստանում նշվում էր Երկրապահի և Շուշիի ազատագրման տոնը։ 2018-ի մայիսի 8-ին, որպես թավշյա հեղափոխության հաղթանակ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում առաջին անգամ ընտրվեց ՀՀ վարչապետ։ 2026-ի մայիսի 8–ին մեկնարկեց հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը, ու երկիրը մինչև քարոզարշավի ավարտը ապրելու է չհայտարարված արտակարգ դրության ռեժիմով․ քարոզարշավին մասնակցելու նպատակով ՔՊ–ական նախարարները գնացին արձակուրդ, Կառավարություն–ԱԺ նախորդ հարցուպատասխանը չկայացավ, առաջիկան նույնպես տեղի չի ունենա։Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։

Մինչև քարոզարշավը արդեն հայտնի էր, որ «Հայաստանի» քարոզչական թիմը Ռոբերտ Քոչարյանի մասին երկմասանոց «Մեծ ֆիլմ» է նկարել՝ «Ինչպես որ կամ» ենթավերնագրով։ Ամենօրյա հանդիպումներից բացի՝ քարոզչությունն իրականացվում է նաև այս ֆիլմից պատրաստված ռիլեր, փոքրիկ դրվագներ տարածելու միջոցով։ «Սուտն ու խաբեությունը միասին մերժելու ժամանակն է»․ քարոզարշավի առաջին օրը «Հայաստանը» այս խորագրով հավաք էր կազմակերպել Վաղարշապատում։

«Հայաստան» դաշինքը Նիկոլ Փաշինյանի հայտարարած «եռագլուխ պատերազմի հրեշի» գլուխներից մեկն է՝ «Ուժեղ Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Մայիսի 9-ին Քոչարյանը Եռաբլուրում հակադարձեց․ «Եռագլուխը Փաշինյանն է՝ Ալիևի ու Էրդողանի հետ միասին»։

Տրամաբանորեն՝ «Ուժեղ Հայաստանը» պետք է քարոզարշավն սկսեր Էջմիածնից. hենց Մայր Աթոռի բակում արված «մեր ձևով» արտահայտությունը պատճառ դարձավ, որ ռուսաստանցի գործարարը ազատազրկվի ու հայտարարի քաղաքականություն մտնելու մասին։ Բայց մայիսի 8-ին «Ուժեղ Հայաստանի» թիմն ու կողմնակիցները երեկոյան հավաքվել էին «Հաղթանակ» զբոսայգում։

Շուտով պարզվեց, թե ինչու՝ որոշել էին հավաքից հետո այցելել Սամվել Կարապետյանին․ նրա առանձնատունը զբոսայգու մերձակայքում է։ «Վարչապետ Սամվել Կարապետյան»․ այս հայտարարությունից հետո հանդիսավոր բացվեցին առանձնատան դռները, և դուրս եկավ Սամվել Կարապետյանը՝ տիկնոջ հետ՝ ճերմակ հագած։ Կարապետյանը կարճ ելույթ ունեցավ, ողջագուրվեց հավաքվածների հետ։ Նրա խոսքից համացանցում քննարկվեց հատկապես դժվարությամբ արտասանված «հաղթարշավ» բառը։

«Հաղ–թար–շավ», «ար–կա–ծա–խընդ–րութ–յուն»․ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ընտրական հանդիպումների արանքում հաջողացնում է ռիլեր նկարել։ Այս անգամ նա վանկարկելով կրկնում էր Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի սխալ արտասանած բառերը։

Քարոզարշավի առաջին օրերը Նիկոլ Փաշինյանն սկսեց Սյունիքից։

Հանդիպումների ժամանակ բաժանում էր «բրյոշուր՝ արածների վերաբերյալ», իրական Հայաստանի մակետը ու թխվածքաբլիթ՝ փաթեթավորված սրտիկի նկարով։ Գորայքում կառավարության արածներից առանձնացրեց առողջապահական ապահովագրության ներդրումը՝ որպես «դարակազմիկ փոփոխություն»։ Նախարար Ավանեսյանն էլ հավելեց, թե «մի՛ հավատացեք ընդդիմախոսներին, ընտրություններից հետո էլ համակարգը գործելու է»:

ՔՊ–ի հիմնական քարոզիչը Փաշինյանն է՝ հարցեր տվողը, լսողը, մեկնաբանողն ու պատասխանողը միայն ինքն է։

«Ազատությունը» անդրադարձել է քարոզարշավի առաջին օրվան՝ հիշեցնելով, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2021-ի, և ինչ՝ 2026–ի ընտրություններից առաջ։ Թեման Ղարաբաղի հարցն է։

«Լուսավոր Հայաստանը» նախօրեին ասուլիս հրավիրեց։ Ներկայացրին իրենց նախընտրական երգը, զինանշանը ու կարգախոսը՝ «Պահպանիր քո ինքնությունը»։ Իսկ քարոզարշավն սկսեցին Երասխից՝ Ադրբեջանի կրակոցների պատճառով չկառուցված մետալուրգիական գործարանի տարածքից։ Նպատակ ունեին ցույց տալու, թե ինչպես է Ադրբեջանը միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ ««Ռեմոնտադա»–վերադարձ մեր ակունքներին լինելու է»,- հայտարարեց Կարպիս Փաշոյանը։

Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկը 6-ն է։ Թիմը խաղարկել է այս 6-ն ու ՔՊ–ի 16–ը։ Երևանի փողոցներում հանդիպող Թաթոյանի նկարի տակ գրված է՝ «Արդարությունը գալիս է»։ Մայիսի 8-ին տարածված փոքրիկ հոլովակում Թաթոյանը նստում է մեքենա ու գնում։ Մեքենան հարվածում է իր դեմ կանգնած 16 թվին։ 1-ը ոչնչանում է, մնում է 6-ը։ «Այս ռոլիկով համարենք քարոզարշավն սկսված» գրել է Թաթոյանը։