Տաթև Հովհաննիսյան
Միջազգային լրագրող և դասախոս

Մի քանի տարի առաջ արտերկրից աշխատող լրագրողները դեռ բացառություն էին թվում։ Նրանք հեռանում էին իրենց երկրներից, բայց շարունակում էին աշխատել դրսից՝ պահպանելով կապն այն իրականության հետ, որի մասին գրում էին։

Այդ շրջանում «արտաքսման լրագրությունը» հիմնականում ընկալվում էր որպես ժամանակավոր կամ ճգնաժամային երևույթ, որը բնորոշ էր պատերազմների կամ կոշտ բռնաճնշումների պայմաններում հայտնված երկրներին։

Այսօր իրավիճակն այլ է։ Արտերկրից աշխատող լրագրողն այլևս բացառություն չէ։ Շատ դեպքերում հենց այդ ձևաչափով է գոյատևում անկախ լրագրությունը։

Սակայն տեղի ունեցող փոփոխությունը միայն աշխարհագրական չէ։ Փոխվում է նաև լրագրության կառուցվածքը, և այս պայմաններում ձևավորվում է հիբրիդային լրագրությունը։

Խմբագրություն՝ առանց հասցեի

Եթե նախկինում խմբագրությունը ֆիզիկական տարածք էր, ապա այսօր այն վերածվում է ցանցային համակարգի, որտեղ լրագրողները, խմբագիրները, աղբյուրներն ու լսարանը հաճախ տարբեր երկրներում են, իսկ խմբագրությունը հստակ աշխարհագրություն չունի։

Լրագրողը կարող է լինել Երևանում, խմբագիրը՝ Բեռլինում, աղբյուրը՝ Թեհրանում, հրապարակումը՝ Փարիզում, իսկ լսարանը՝ աշխարհի տարբեր երկրներում։

Նյութերը ստեղծվում են կոդավորված հաղորդակցման հավելվածներով, խմբագրվում հեռավար և հրապարակվում այնպիսի միջավայրերում, որտեղ ֆիզիկական ներկայությունն այլևս պարտադիր չէ։ Շատ դեպքերում խմբագրությունը ոչ թե մեկ վայր է, այլ տարբեր կետերից աշխատող մարդկանց ցանց։

Այն միջավայրերում, որտեղ լրագրողի տեսանելիությունը վերածվել է ռիսկի, որոշ լրագրողներ աշխատում են անանուն, որոշ թեմաներ հրապարակվում են միայն արտերկրում, իսկ որոշ պատմություններ երբեք ամբողջությամբ չեն հրապարակվում։

Արդյունքում փոխվում է ոչ միայն աշխատանքի ձևը, այլև լրագրողի կապն այն երկրի և իրադարձությունների հետ, որոնց մասին նա շարունակում է գրել։

Նա կարող է ֆիզիկապես բացակայել երկրից, բայց մշտապես ներկա լինել դրա տեղեկատվական տարածքում։

Երբ լռությունը դառնում է աշխատանքային գործիք

Ավտորիտար միջավայրերում աշխատող լրագրողները հաճախ ստիպված են մտածել ոչ միայն ինչ գրել, այլև ինչպես գրել։ Որոշ բառեր կամ թեմաներ կարող են վտանգավոր լինել ոչ միայն լրագրողի, այլև աղբյուրների և խմբագրության համար։

Այդ պատճառով լրագրությունը սկսում է խուսափողական լեզու օգտագործել։ Փոխվում են բառերը և շեշտադրումները, որպեսզի նյութը հնարավոր լինի հրապարակել։

Այս պայմաններում լռությունը հաճախ ոչ թե թեմայից հրաժարում է նշանակում, այլ դրա զգուշավոր վերաձևակերպում։

Բայց որքան երկար է լրագրությունը գործում այս տրամաբանությամբ, այնքան ավելի դժվար է դառնում հասկանալ՝ խոսքը ժամանակավոր ինքնապաշտպանության մասին է, թե արդեն նոր մասնագիտական նորմայի։

Ո՞վ է պատասխանատու այս դեպքում

Հիբրիդային լրագրությունը փոխում է նաև պատասխանատվության մասին պատկերացումները։

Եթե նյութը ստեղծվում է միաժամանակ մի քանի երկրում, լրագրողը ներկայանում է կեղծանունով, իսկ խմբագրական որոշումները կայացվում են հեռավար, ապա դժվար է հասկանալ, թե կոնկրետ ով է կրում պատասխանատվությունը։

Այս համակարգում ռիսկերը ևս հավասարաչափ բաշխված չեն։ Հաճախ ամենամեծ վտանգը կրում են այն լրագրողները կամ ֆիքսերները, որոնք շարունակում են ապրել ներսում, մինչդեռ խմբագրական որոշումները կայացվում են հարաբերական անվտանգության պայմաններում։

Այս մոդելը ստեղծում է նաև նոր անհավասարություններ, որոնց մասին մեդիա դաշտում դեռ քիչ է խոսվում։ Որքան ավելի ցանցային է դառնում խմբագրությունը, այնքան ավելի անտեսանելի են դառնում այն մարդիկ, որոնք կրում են ամենամեծ ռիսկը։

Երբ տեսանելիությունն էլ է վերահսկվում

Արտերկրում գործող կամ Սփյուռքի մեդիաները հաճախ դառնում են այն քիչ հարթակներից, որոնք շարունակում են լուսաբանել մարդու իրավունքների խախտումները կամ քաղաքական բռնաճնշումները։ Բայց ժամանակի ընթացքում այստեղ ևս խնդիրներ են առաջանում։

Ֆիզիկական հեռավորությունը երբեմն վերածվում է իրականությունից հեռանալու վտանգի։ Արտերկրում գործող խմբագրությունները հաճախ սկսում են աշխատել միջազգային լսարանի կամ դրամաշնորհային առաջնահերթությունների տրամաբանությամբ։ Արդյունքում որոշ թեմաներ դառնում են չափազանց տեսանելի, իսկ մյուսները՝ գրեթե անհետանում։

Այս պայմաններում գրաքննությունը գործում է ոչ միայն արգելքի, այլև տեսանելիության վերահսկման միջոցով։

Որոշ թեմաներ ավելի հեշտ են դառնում հրապարակելի, որովհետև դրանք հնարավոր է ներկայացնել որպես հումանիտար կամ մշակութային խնդիրներ։ Օրինակ, որոշ երկրներում գենդերային բռնության մասին հնարավոր է գրել միայն այն դեպքում, երբ խուսափում են «գենդեր» բառից։

Մյուս թեմաները մնում են ստվերում, քանի որ դրանց հրապարակումը չափազանց վտանգավոր է։

Այս պայմաններում լրագրողները հաճախ ստիպված են ընտրել ոչ թե ճշմարտության և ստի, այլ տեսանելիության և լռության տարբեր ձևերի միջև։

Հիբրիդային լրագրությունը դարձել է անկախ մեդիայի նոր իրականություններից մեկը։ Բայց այդ գոյատևման ընթացքում փոխվել է նաև հենց լրագրության բնույթը։