Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս
Հայաստանի Հանրապետության նոր կենսաչափական անձնագրերի էսքիզը

Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացը եզրափակիչ փուլում է։ Սպասվում է նոր անձնագրերի տպագրություն և շրջանառություն։ Փոխվել է արտաքին գույնը, դիզայնը, նույնիսկ անձնագրի իրավական տեքստը։

Նախկին «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը», փոխարիվել է չեզոք և ոչինչ չասող «Այս անձնագիրը տրվել է Հայաստանի հանրապետության կողմից և հանդիսանում է միջազգային ճամփորդական փաստաթուղթ»։

Ցանկացած երկրի անձնագիր նույնականացման ու իրավական փաստաթուղթ լինելուց զատ, նաև այդ երկրի պատմության, մշակույթի ու քաղաքական ինստիտուների միջազգային սիմվոլն է։ Այդ իմաստով, տարիօրինակ չէ որ նոր անձնագրի սևագիր տարբերակում ներառվել են հայոց պատմության, մշակույթի, արվեստի, կրոնին վերաբերվող գործեր, որոնք պետք է տարբեր երկրներում անձնագրի հետ առնչվողներին ներկայացնեն Հայաստանն ու նրա անցյալը։

Պատահական չէ, որ այն սկսում է լեգենդար ժամանակներից՝ Հայկից ու ժայռապատկերներից, որպես անկախության ու պայքարի խորհրդանիշ։ Հետո Ուրարտուով որպես հայկական պետականության առաջին հիշատակում, ապա Արտաշեսյան սահմանաքարերով, որոնք պետք է խորհրդանշեն ներկայիս իշխանության՝ 29743կմ/ք սեփական սահմաններ ճանաչելու ու արտաքին պահանջատիրություն չունենալու մոտեցումը, ապա հայկական ինքնության մյուս առանցքով՝ կրոնով՝ ի դեմս Էջմիածնի Մայր տաճարի։

Հաջորդ էջերն արդեն պետության քաղաքական ու իրավական սիմվոլներն են նախագահական, կառավարության, ԱԺ և ՍԴ շենքեր։ Հետո անցում է կատարվում հետանկախական Երևանի նոր մշակութային ու քաղաքային կյանքի սիմվոլին՝ Կասկադի համալիրին, ապա ավարտվում քառագագած Արագածով ու Խոր Վիրապով։

Հետո կրկին վերադարձ ոչ նյութական մշակույթին՝ ի դեմս կոնտեքստից կտրված ու աղավաղված բացօթյա թոնրատան, ապա մի քանի բերդեր, ամրոցներ ու կամուրջներ, Գյումրու տեսարան և ավարտվում Ջերմուկի ջրվեժով։ Անձնագիրն այդ իմաստով յուրատիպ մեդիում է՝ վիզուալ ու տեքստուալ ձևաչափող իմաստներ ու մեսիջներ փոխանցող՝ թե՛ կրողին, թե՛ դրա հետ առնչվողին և թե՛ աշխարհին, որպես ՀՀ ներկայացուցչական փաստաթուղթ։

Օրինակ բացօթյա թոնրատան՝ աջից խաղողի վազերի, ձախից շարված նռները գաղափարական վերնիսաժացման օրինակ են։

Երբ բոլոր հնարավոր իրար հետ կապված ու անկապ սիմվոլները մեկտեղվում են՝ դառնալով դասական վերնիսաժ՝ ցուցադրական միջավայր առավելապես տուրիստական տրամաբանությամբ, բայց որ երբեք մշակույթը կրողի աչքերով, այնինչ անձնագիրը նախևառաջ ՀՀ քաղաքացու փաստաթուղթն է, որը վերնիսաժի կարիք չունի, քանի որ տուրիստ չէ սեփական երկրում ու անձնագրում։

Հանրային քննարկումներում հատկապես բուռն արձագանքի արժանացավ Խոր Վիրապ եկեղեցական համալիրի նկարն առանց հետնաբեմի Արարատի պատկերի։ Այս քայլը հատկանշական է նաև այն իմաստով, որ նախորդ ամիսներին անձնագրերի մուտքի և ելքի կնիքից հանվել էր Արարատ լեռան պատկերը և դրա առկայությունը իշխանությունները մեկնաբանում էին որպես Թուրքիայի դեմ պահանջատիրության դրսևորում։

Այդ տրամաբանությամբ, հատուկ ընտրել Խոր Վիրապի այն պատկերը որտեղ պետք է Արարատ լեռը լինի ու այն հատուկ ցույց չտալ, ընդգծված ժեստ է Թուրքիայի հասցեին ցույց տալու, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, այսօրվա Հայաստանի կառավարությունը ոչ միայն պահանջատիրությունը չի ճանաչում, ոչ միայն Թուրքիայի դեմ չէ, այլև նույնիսկ բնական, աշխարհագրական ռելիեֆը պատրաստ է կեղծել՝ ի ցույց դնելու իր այդ բարիդրացիության սկզբունքներն ու ամեն կերպ համոզելու, որ սահման բացելն ու հարաբերությունների վերականգնումը անվտանգ է Թուրքիայի համար։ Կատարվածն, իհարկե ոչ թե պատահական քայլ է, այլ Արարատի՝ որպես թուրք-հայկական կոնֆլիկտի սիմվոլիկայից հրաժարվելու ցուցադրական ակտ՝ հավատարմության ու խոնարհության ժեստ։ Սա Փաշինյանի «կարմիր շապիկի ու զայրացած ցլի» անալոգիայի ինստիտուցիոնալ, անձնագրային դրսևորումն է։

Մյուս վիզուալ քայլը, Արարատն Արագածով փոխել էր անձնագրում։ Կրկին, կարող էր Խոր Վիրապի փոխարեն ընտրվել մեկ այլ վանք կամ վանական համալիր, նույն կերպ կարող էր Արագածի փոխարեն ընտրվել Խուստուփը կամ Աժդահակը. Բայց ոչ։ Հատուկ, ինչպես նախորդ դեպքում ընտրվել է Արագածը` անձնագիրը վերածելով ոչ թե ՀՀ քաղաքացիների, ՀՀ պետականության սիմվոլի, այլ գործող իշխանության քարոզչական նարրատիվի «Իրական Հայաստանի» մարմնացման։ Իդեոլոգիաների պայքարում վիզուալ պատկերները պակաս կարևոր չեն, որքան տեքստը, ելույթներն ու խոսքները։ Հատկապես համացանցի, կարճ տեսանյութերի հաղթարշավի վերջին տարիներին, վիզուալը դարձել է առաջնային տեքստի համեմատ։ Սակայն, ցավալին այն է, որ այդ ամենը պարտադրում են քաղաքացիների, որոնք կարող են չկիսել իշխանության գաղափարները, որոնց համար Խոր Վիրապն Արարատի ֆոնին անզեղչելի է, որոնց համար Արագածը Արարատի հակոտնյան չէ։

Այդ իմաստով անձնագրի դատարկ էջերը, կամ վիզուալ իմաստով չեզոք պատկերներն ու խորհրդանիշները կարող էին ավելի ընդունելի լինել, կոնսենսուսային՝ ներքին համերաշխություն, ոչ թե ներքաղաքական ու դիվանագիտական ազդակներ փոխանցելու իմաստով։ Ի վերջո, անձնագիրը ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականությունն է՝ անկախ քաղաքական հայացքներից ու նախասիրություններից։