Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս
Պատկերը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ

Հայաստանում նախընտրական քարոզարշավն ակտիվ ընթացքում է։ Իշխանությունը գործի է դրել տարածված նախընտրական-քարոզչական տեխնոլոգիաներից մեկը՝ «վախի քաղաքականությունը»։

«Վախի քաղաքականությունը» ռազմավարություն է, երբ գործող իշխանությունները, քաղաքական գործիչները, կուսակցությունները կամ լրատվամիջոցները օգտագործում են վախ ներշնչող, վախ տարածող հռետորաբանություն։ Նպատակը հասարակական կարծիքը մանիպուլացնելն է, «թշնամիներ» ստեղծելը, վախ տարածելը, հասարակությունը ճամբարների բաժանելն ու այդ բևեռացման ֆոնին սեփական էլեկտորատը մոբիլիզացնելը՝ պարալիզացնելով հակառակորդներին։

Այդ ճանապարհն են ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցներն ու իշխանության քաղաքական և գաղափարական գիծը կիսող հանրային շրջանակները։ Ընդ որում նույն ստրատեգիան կիրառվեց նաև 2021թ, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում էին վերադարձի ու պատերազմ հրահրելու մեջ։ Հիմա նույնպես, իշխանության կողմից առաջ է մղվում թեզը, թե ընդդիմության հաղթանակի դեպքում հավանական է նոր պատերազմ։ Խոսվում է նույնիսկ Հայաստանի պարտության, խաղաղապահների (հավանաբար նկատի է առնվում Ռուսաստանը)  մուտքի ու «գուբերնիայի» վերածման հեռանկարի մասին՝ ամբողջական շղթաներով քարոզչությունը գրավիչ է։ Ըստ այդ տրամաբանության, ընդդիմությունը հաղթելու դեպքում չեղարկելու կամ վերանայելու է Օգոստոսի 8-ի համաձայնությունները՝ պատերազմի առիթ տալով Ադրբեջանին ու Հայաստանը ներքաշելով նոր պատերազմի մեջ։ Փաշինյանը նույնիսկ ժամկետներ  է նշում՝ աշուն, սեպտեմբեր։

Ստացվում է, որ իշխանությունը բացահայտ հայտարարում է որ Ադրբեջանի ռազմական սպառնալիքի ներքո է իրականացնում այդ համաձայնությունները, այդ թվում՝ անկախության հռչակագրի դուրս բերումը նոր սահմանադրությունից, և եթե դա տեղի չունենա, ապա կլինի պատերազմ, և, որ ամենակարևորն է, այդ պատերազմի պատասխանատուն կլինի ոչ թե պոտենցիալ ագրեսոր կողմը՝ Ադրբեջանը, այլ Հայաստանի հանրապետությունն ի դեմս ընդդիմության և նրա  «տեսական» հաղթանակի։

Եթե կարծում եք, թե այսպիսի խոսույթը՝ «պատերազմի շանտաժը», նորություն է մեր քաղաքական իրականության համար, ապա դուք լավ չգիտեք նորանկախ Հայաստանի քաղաքական պատմությունը և այս հոդվածը հենց ձեզ համար է։

Նորանկախ Հայաստանի դեպքում այս խոսույթն առաջին անգամ առաջ է քաշվել 1988-1990թթ.֊ին։ «Սփյուռքից եկածները մի հերթապահ հարց ունեն՝ «Սահմանի վախ չունի՞ք»։ Ունենք։ Վախ ունենք, բայց սարսափից չենք կապտել։ Բայց այդ վախից ավելի լուծվելուվերանալու վախ ունենք»,այս խոսքերով, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից, ՀՀՇ հիմնադիրներից Վանո Սիրադեղյանը պատասխանում էր իրենց շարժման քննադատներին։ 1990թ. գարնանը խորհրդային Հայաստանում սպասվում էին Գերագույն Խորհրդի (Պառլամենտի) ընտրություններ։ Վանո Սիրադեղյանը «ՀԱՅՔ» թերթի մարտի 25-ի համարում ծավալուն հոդվածով պատասխանում էր բոլոր քննադատություններին՝ անկախությունից վախի՝ Սփյուռքի կուսակցությունների քննադատությանը՝ թե Հայաստանը անկախանալով վտանգում է իր գոյությունը եւ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, որ Ռուսաստանն է մեր միակ նեցուկն ու պաշտպանը։ Սիրադեղյանը պատասխանում էր անցյալի ու ապագային հարցերին, իրենց տեսլականին, անդրադառնում Ղարաբաղյան շարժման մասնակիցների ու ղեկավարների հավաքական վախերին ու հեռանկարներին։

1996թ նախագահական ընտրություններին արդեն գործող նախագահ ու իշխող ՀՀՇ նախագահի թեկնածու Լևոն Տեր֊Պետրոսյանն էր մեղադրում ընդդիմությանը՝ շատ ավելի կոշտ բառապաշարով։ Իշխանության կարգախոսն էլ էր խոսուն՝ «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց»։  Հայտնի ելույթը, որտեղ Տեր֊Պետրոսյանը կոչ էր անում. «Թույլ մի տվեք, որ ձեզ նորից գցեն դժոխք», տեղի ունեցավ 1996թ օգոստոսի 25-ին՝ Կապան քաղաքի մարզադաշտում։ Ընտրությունները նախատեսված էին սեպտեմբերի 22-ին և դեռ նոր էր սկսել նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Պետրոսյանը հայտարարում էր.
«…Ում ուզում եք ընտրեք, բայց ես ուզում եմ ասել հետևյալը, դուք կարող եք ընտրել մի մարդու(հավանաբար նկատի ունի այդ ժամանակի ընդդիմության ամենաուժեղ թեկնածու Վազգեն Մանուկյանին), որի կողմնակիցները այստեղ նստած են։ Ես ձեզ խոստանում եմ, վաղը, մյուս օրը, դուք կկորցնեք Հայաստանի անկախությունը, դուք կկորցնեք Ղարաբաղը, ձեր կեսը կլինի սիբիրներում, ինչպես նրանք անում էին և շատ լավ էին անում այդ գործը։ Վաղը հակառակորդը նորից կգակկանգնի ձեր օդանավակայանի վրա։ Խնդրեմ ձեր ձեռքն է, եթե ուզում եք այդ ճակատագիրը, դուք կարող եք ընտրել այդ ճակատագիրը։ …Ուզո՞ւմ եք այդ նույնը բախտը, թույլ մի տվեք որ սրանք, այս անցյալի հանցագործները նորից ձեզ գցեն դժոխք, շնորհակալություն»։

Եվ սա միայն այս ելույթով չէր, 1996թ վճռորոշ էր նաև Ռուսաստանի «նախկինների վերադարձով»։ Կոմունիստ Զյուգանովը համարվում էր Բորիս Ելցինի հիմնական հակառակորդը և ռեալ շանսեր ուներ հաղթանակի։ Նույն ռուսական խոսույթը, նույն «կարմիր վտանգի» դիսկուրսը տարածվել էր նաև Հայաստանում, թեև Հայաստանի կոմունիստները վաղուց հեղինակազրկված էին և նրանց առաջնորդ Սերգեյ Բադալյանը հաղթանակի շանս չուներ։ Իսկ «Առավոտ»֊ի խմբագիր Արամ Աբրահամյանն էլ արձագանքում, որ. «…Հասարակության այս արհեստական բաժանումը լավագույն դեպքում բոլշևիկյան անհաջող շանտաժի տպավորություն է թողնում» (Առավոտ, 9 Օգոստոս, 1996): 1998թ արդեն Տեր֊Պետրոսյանը իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում ներիշխանական հեղաշրջում անողներին անվանում էր «պատերազմի», իսկ իրեն ու իր կողմնակիցներին «խաղաղության կուսակցություն»։

Նույն քարոզչական տրամաբանությամբ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմն էին ընդդիմությանը ի դեմս Ստեփան Դեմիրճյանին մեղադրում անփորձության, պատերազմին անպատրաստ լինելու ու պատերազմի հնարավոր վտանգներ բերելու մեջ։

Նմանապես, 2013թ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցներն էին խոսում պատերազմի հավանականության և Րաֆֆի Հովհաննիսյանի անհամարժեքության մասին՝ նրան մեղադրելով արկածախնդրության ու պատերազմ հրահրելու մեջ, երբ վերջինս հայտարարում էր թե կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Սարգսյանն ասում էր. «…դա ապտակ է լինելու ոչ միայն բանակցող մյուս կողմին, այլ նաև համանախագահներին: Առավել ևս, երբ մենք հրապարակից վիրավորական խոսքեր ենք հնչեցնում Մինսկի համանախագահներին, այդ երկրների ղեկավարներին: Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու»։

Նմանապես, 2018թ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները մեղադրում Փաշինյանին հակառուսականության, Ղարաբաղը հանձնելու և պատերազմ բերելու մեջ, նշելով որ Սերժ Սարգսյանը լավագույն բանակցողն է և նրա հեռանալով պատերազմի վտանգը մեծանում է։

Ամփոփելով, պատմության մեջ հաճախ է հանդիպում այս նախընտրական տեխնոլոգիան՝ «վախի քաղաքականություն» (politics of fear): Այս մարտավարությունն օգտագործողները հանրությանը կանգնեցնում են երկընտրանքի առաջ. կամ իրենց վերընտրել և վերահաստատել «կայունությունն ու անվտանգությունը» կամ ընտրել ընդդիմությանը ստանալով «պատերազմ ու քաոս»։