Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող

ԱՄՆ-ում ՏիկՏոկը ցնցումների մեջ է․ մեկ արգելափակվում է, մեկ վերաբացվում։ Բոլորը սպասումների մեջ են։ Եվրամիության կառույցներում ՏիկՏոկը արգելանքի տակ է, բոլոր աշխատակիցները այն պետք է հեռացնեն իրենց սարքերից` այս որոշումը գործում է դեռ 2023-ի մարտից։ Իսկ 2024 թ․-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ակնարկում էր, որ ՏիկՏոկը հարկավոր է արգելափակել Եվրամիության տարածքում։  

Հիմա ո՞րն է այսքան մեծ ուշադրության պատճառը ՏիկՏոկի հանդեպ և ի՞նչ պետք է ակնկալել մոտ ժամանակներում։  

Բացահայտ և հայտարարվող պատճառն այն է, որ ՏիկՏոկը չինական է, պատկանում է Չինաստանում տեղակայված ByteDance Ltd. ընկերությանը։ Հաշվի առնելով Արևմուտքի և Չինաստանի միջև բացահայտ տնտեսական մրցակցությունը, որի շատ մեծ մաս է կազմում կիբեռլրտեսությունը, կարելի է հասկանալ, թե ինչու է ԱՄՆ և ԵՄ ղեկավարության կողմից հնարավոր թվային լրտեսության վտանգը բերվում առաջնային պլան։ Նաև նշվում է, որ հնարավոր է՝ ՏիկՏոկը գրաքննության է ենթարկում թեմաներ, որոնք դուր չեն գալիս Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: Oրինակ, Տիբեթին վերաբերող քաղաքական քննարկումները։  

Սակայն կան նաև ավելի թաքնված, տնտեսական, սոցիալական և քաղաքական հանգամանքներ։  

Այսպես, ՏիկՏոկը ամերիկյան հարթակների բացահայտ մրցակից է (հիմնականում Meta-ի) հենց նույն ԱՄՆ-ում, որի բնակչության կեսից ավելին օգտվում է ՏիկՏոկից։ Ֆինանսական հոսքերի տեսանկյունից նույնպես ՏիկՏոկը ստանում է գերիշխող դիրքեր Արևմտյան կիբեռցամաքում։ Օրինակ, ընկերությունների կեսից ավելին, 55,5 տոկոսը գերադասում են աշխատել ՏիկՏոկի հայտնի օգտատերերի հետ ինֆլյուենսերային մարքեթինգի շրջանակում, իսկ սա միայն ԱՄՆ-ում 7 միլիարդանոց շուկա է։  

Մյուս կողմից, ՏիկՏոկը շատ ազդեցիկ է։ Այսպես, եթե դիտարկենք ժամանակը, որը միջին օգտատերը կլանված նստած է այն կամ այն սոցիալական ցանցում, ապա ՏիկՏոկը իր հիպնոսացնող ալգորիթմով վաղուց հաղթել է մյուսներին, նույնիսկ Յություբին։

Սոցիալական ցանցերում օգտատերերի միջինում անցկացրած ժամանակը SOAX 

Փաստացի, չինական ՏիկՏոկը ոչ միայն գրավում է արևմտյան շուկաները տնտեսապես, այլև ստեղծում է ազդեցության միջավայր։ Իսկ ռուս-ուկրայինական պատերազմը ակնհայտ ցույց տվեց, որ բացի այս ամենից, ավանդական մեդիան և, հատկապես, սոցիալական մեդիան վերածվում են ազդեցության օպերացիաների (influence operations), հիբրիդային հարձակումների համար հիմնական գործիքներից մեկը։ Հենց այդ պատճառով էլ  սոցիալական ցանցերը ակտիվորեն արգելափակվում են բռնկվող հակամարտություններին և պատերազմներին զուգահեռ։ Ամենայն հավանականությամբ, ՏիկՏոկը դիտարկվում է ԱՄՆ և ԵՄ ղեկավարների կողմից՝ որպես աճող վտանգ Չինաստանի հետ խորացող տնտեսական և քաղաքական ճգնաժամի շրջանակում։

Իսկ մինչ այդ, հենց ՏիկՏոկի արգելափակման մասին լուրը հասավ ԱՄՆ, այնտեղ զանգվածային սկսեցին փնտրել այլընտրանքներ։ Եվ ամենազավեշտալին այն է, որ ԱՄՆ լսարանը այլընտրանքը սկսեց փնտրել կրկին Չինաստանում արտադրված սոցիալական մեդիա հարթակներում

Ամենաբեռնվող հավելվածները iPhone համար ԱՄՆ-ում այն օրերին, երբ պարզ դարձավ, որ ՏիկՏոկը կարող է արգելափակվել, ըստ Similarweb-ի