2025թ. աշխարհում կես միլիարդից ավելի փոդքասթ սպառող կլինի։ Փոդքասթն իր անմիջականության, զրույցի ֆորմատի ու լսողի/դիտողի հետ կենցաղային՝ ոչ պաշտոնական ոճի շնորհիվ հանրային հաղորդակցության ամենաազդեցիկ ձևերից է դարձել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ԱՄՆ նախագահ Թրամփին իր ասելիքը հասցնում է փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի միջոցով։ Թրամփն ու Մասկը խոսում են ԱՄՆ ընտրողի հետ Ֆրիդմանի ու Ջո Ռոգանի միջոցով։ Փոդքասթային բումից որոշել են հետ չմնալ վարչապետ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։
Լինելով գերակտիվ բոլոր հնարավոր սոցիալական հարթակներում, Փաշինյանը որոշել է նաև այս խողովակն օգտագործել՝ հաղորդակցության «բացերը» լրացնելու ու առաջիկա ընտրություններին էլ ավելի ուժեղ պատրաստվելու համար։ Ընդհանրապես, քաղաքական գործիչներից ընդդիմադիրներ են, որոնք նոր ֆորմատներ են մտածում ընդլայնելու իրենց լսարանը՝ գնալու նորարարության ու ռիսկային փոփոխությունների, քանի որ կորցնելու բան չունեն։ Սակայն Փաշինյանն այստեղ էլ առաջատար է և չի դավաճանում իր ընդդիմադիր ոգուն ու էությանը։
Որպես մեդիայի մարդ, նա երբեք չի մոռացել ու չի մոռանա հանրային խոսքի ու հանրային կերպարի կարևորությունը։
Մարդիկ ընտրում են աչքերով ու ականջներով և ով կտիրանա նրանց ուշադրությանը, կտիրանա նրանց քվեին։ «Քաղաքական գործունեության մեջ հանրային հաղորդակցությունը դա ամեն ինչ է», – նշում է Փաշինյանը հենց բացման եթերում և հավելում, – «պաշտոնական տեքստից զատ, կա ենթատեքստ ու կոնտեքստ որ ես ցանկանում եմ կիսել մարդկանց հետ»։ Իսկ Աննա Հակոբյանն էլ հավելում, որ իրենց փոդքասթի նպատակն է, որ «մարդկանց պատկերացումներն իրենց մասին համապատասխանեն իրականությանը»։
Փաշինյանն ու իր կինը խոսում են իրենց մասին միֆերի, հերյուրանքների դեմ պայքարելու, մարդկանց հետ անմիջական շփման, պաշտոնական վիճակներից զերծ, ուղիղ խոսքի ու ենթատեքստը մարդկանց հասցնելու մասին։ Առանցքը հենց սա է, եթե կա հանրային հաղորդակցության բաց, իսկ Փաշինյանին դա անհանգստացնում է, որովհետև մարդիկ «չեն հասկանում» այն ինչ ինքը նպատակ է դրել բացատրել, որովհետեև «պաշտոնական տեքստերով ամեն ինչ չես ասի», ապա այս մեկ գործիքը ևս դրա համար է։ Ընտրողները պետք է երկիմաստություններ չունենան, ամեն ինչ սկսած խոսքից, դրա տողատակերից ու կոնտեքստից պետք է «ծամել և նրանց բերանը դնել»։
Փաշինյանը նաև հավելում է, որ այս փոդքասթը կօգնի ցույց տալ որ իրենք հանրային են ու, իրենց տրամաբանությամբ, ավտորիտար չեն, որ իրենց հասցեին ավտորիտարիզմի մեղադրանքներ կան։
Համաձայնեք, երբ ժողովրդավար հորջորջվող երկրում գործադիրի ղեկավարը սմս-ով աշխատանքից ազատում է դատական մարմնի ներկայացուցչին և մի բան էլ հիմնավորում է դա թե իրենից են պահանջում ընտրողները, ապա դժվար է առնվազն չխոսել իշխանության կրողի մենիշխանական նկրտումների ու ավտորիտար դրսևորումների մասին։
Մյուս նպատակը մարդկանց համոզելն է թե իրենց ընտանիքը՝ բոլորի աչքի առջև է, թափանցիկ, պարզ ու հասանելի, ուրեմն ժողովրդից մեկը և ոչ ինչ-որ հատուկ կարգավիճակով սակրալ, անհասանելի իշխանություն։ Եվ այս փոդքասթը գալիս է դա հիմնավորելու։ Յութուբյան դիկտատորներ չեն լինում, սա է տրամաբանությունը։
Ինչպես Փաշինյանն է ասում, ցույց տալ որ «ձվածեղ անող ու հեծանիվ քշող», իր ժողովրդի պես պարզ ու շիտակ վարչապետը չի կարող ավտորիտար ղեկավար լինել։ Հանրային լինելը Փաշինյանը նույնացնում է ժողովրդավար լինելուն ու հավելում, որ քանի որ աշխարհաքաղաքական մարտահրավերներ կան իրենք պետք է անընդհատ հանրային լինեն։ Այդ մարտահրավերները, հավանաբար, գլխավորապես ներքին են, որովհետև Փաշինյանն ունի մեն-միայն լսարան ու այդ լսարանն իր ընտրողն է։
Նա իր լսարանին իշխանության գալուց 7 տարի անց, նորովի ակտիվացած սոցցանցային ակտիվությամբ, ցանկանում է հիշեցնել, որ ինքը նույն 2018-ի պարզ ու հասարակ, սոխ ուտող ու հեծանիվ քշող Նիկոլն է, այն Նիկոլը որ խոստացել էր փոփոխություններ, ձախողել է դրանք, սակայն հիմա նոր քվե է խնդրում խոստումները վերստին կյանքի կոչելու ու ևս մեկ շանս ստանալու համար։
Մեդիայի գործիքների ընձեռած հանրայնացումից աշխարհի բոլոր իշխանություններն են օգտվում, անցել են ժամանակները երբ կարող էր «արաբական գարուն» լինել համացանցն ու կապը անջատելով։ Ներկայիս աշխարհում թե՛ ժողովրդավար, թե՛ ավտորիտար ղեկավարները ոչ թե անջատում այլ սեփական բովանդակությամբ հեղեղում են մեդիադաշտը՝ միավորելով ռեսուրսները, բոտային ֆերմաները, ահռելի թիմերն ու կազմակերպությունները, որոնք գիշերուզօր նախ մշտադիտարկում են թրենդերը, ապա մտածում տարբերակներ սեփական օրակարգով ու «գաղափարախոսությամբ» ընդդիմադիր ու քաղաքական առումով անվերահսկելի՝ խնդրահարույց «դաշտերը լցնելու» համար։
Փաշինյանն, ուրեմն, որպես մեդիափորձագետ, որոշել է ևս մեկ գործիք կիրառել իր «ժողովրդի ծոցից» դուրս եկած ղեկավարի կերպարն ու «անմեղ», համեստ ու «հաշվետու» (հանրային) իշխանության նարրատիվներն հանրությանը հասցնելու համար։
«Ընտանեկան փոդքասթը» կարելի է վերանվանել «Փրկչական փոդքասթ» Փաշինյանի տրամաբանությանը հարիր կարգախոսով՝ «Լսեցեք ինձ և Ձեզ կտրվի, դիտեցեք ինձ և կտեսնեք, որովհետև ով լսում է նա կհավատա և ով որ բախում է, բացվում են նրա առաջ «Իրական Հայաստանի» դռները (Ղուկաս 11, 9-10)։