2023.11.28,

Քննադատ

Արդյո՞ք Արցախին տեղեկատվական աջակցությունը բավարար էր

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդյո՞ք տեղեկատվական դաշտում մեզ հաջողվել է ինչ-որ կերպ հասնել ինչ-որ արդյունքների Արցախի և Հայաստանի Հանրպաետության պաշտպանության տեսանկյունից։ Այսինքն, հնարավո՞ր է եղել մամուլի, սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ագրեսիան, Արցախում էթնիկ զտումների մասին ստեղծել տեղեկատվական հոսքեր, որոնք կկարողանային նպաստավոր ֆոն ստեղծել Բաքվի ռազմական գործողությունները կասեցնելու։  

Սա ամենաբարդ հարցերից է, քանի որ իրական պատկերը հասկանալու համար հարկավոր է իրականացնել բարդ սոցիոլոգիական ուսումնասիրություններ, այն էլ՝ բազմաթիվ երկներում։ Այդ իսկ պատճառով միշտ բավականին բարդ է պատասխանել թվում է թե պարզ հարցին, թե այս կամ այն հակամարտությունում ո՞ր կողմն է հաղթում տեղեկատվական պատերազմում։  

Սակայն, հնարավոր է իրականացնել պարզ մոնիթորինգ, որը թույլ կտա ինչ-որ նախնական եզրակացությունների հասնել։  

Այսպես, օրինակ, կարելի է մոտավորապես պատկերացում կազմել կոնկրետ թեմայի շուրջ հետաքրքրվածության աստիճանի մասին՝ ուսումնասիրելով, թե այս կամ այն երկրում, կամ գլոբալ, որքանո՞վ են մարդիկ հետաքրքրվել տվյալ թեմայով։ Իսկ դա հնարավոր է մոտավոր հասկանալ որոնողական համակարգերում մարդկանց ակտիվության չափումները ուսումնասիրելով։  

 Եկեք դիտարկենք Գուգլը, և տեսնենք, թե վերջին տարում որքան է եղել հարաբերական որոնողական ակտիվությունը անգլերեն Armenia, Karabakh, Artsakh, Azerbaijan բառերով։  

Սա Գուգլում որոնումներն են ըստ բանալի բառերի, տոկոսային հարաբերությունները, մեկ տարվա կտրվածքով։ Իհարկե, կարելի է տեսնել, որ Ադրբեջանի հանդեպ հետաքրքրությունը, կարծես, ավելի ցածր է, քան Հայաստանի։  

Այստեղ կանաչով նշված են երկրները, որոնք ավելի հետաքրքրված են Ադրբեջանով, կապույտով՝ Հայաստանով։ Հետաքրքիր է տեսնել, որ Հայաստանը թշնամի համարող Պակիստանը ավելի Հայաստանով է հետաքրքրված, իսկ Հնդկաստանում հակառակ հետաքրքրություններ են։ Բայց ամեն դեպքում, տեսնում ենք, որ նաև մեծ է մոխրագույն զոնան, դա այն երկներն են, որտեղ որոնումների քանակը փոքր է եղել, թվերը ցածր են դրանք հաշվի առնելու համար։  

Ավելի վատ է պատկերը այն առումով, որ իրականում, Արցախի հանդեպ հետաքրքրությունը խիստ ցածր է եղել ամբողջ դիտարկված ընթացքում, բացառությամբ այն օրերի, երբ արդեն ուշ էր։ 

Նաև կարելի է տեսնել, որ մեզ տարիների ընթացքում չհաջողվեց իրականացնել տրանսֆորմացիան Ղարաբաղից դեպի Արցախ ընկալումներում և միջազգային մամուլի հրապարակումներում։ Միայն, տարօրինակ է, որ Անգլիայում, Նիգերիայում և Թայլանդում են մարդիկ որոնում «Արցախ», ոչ թե «Ղարաբաղ»։  

Yandex համակարգում ռուսալեզու որոնումներում նույնպես կարելի է տեսնել, որ բուն Արցախի հանդեպ հետաքրքրությունը ստաբիլ ցածր է եղել մինչև վերջին պահը։ Մինչև սեպտեմբերի կեսը, ամբողջ շրջափակման շրջանում թեման քիչ է հետաքրքրել լսարանին։ Առաջին պատկերում «Карабах» բառի որոնումն է մեկ տարվա կտրվածքով, երկրորդում՝  «Армения» բառի:

Իհարկե, սա շատ հարաբերական, ոչ ճշգրիտ մեթոդ է, սակայն մոտավոր հարաբերական պատկեր կազմելու գործիքակազմ է։ Որից բխում է մեկ բան՝ տեղեկատվական ոլորտում ջանքերը եղել են ու շարունակում են լինել իրական վտանգներին անհամապատասխան։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Արդյո՞ք Արցախին տեղեկատվական աջակցությունը բավարար էր”
  1. Avet says:

    Մենք ազգովի ունենք մինիմալ կրթության պակաս.ահա և չարիքը։
    Դա Նիկոլը,Սերժը,… չեն։
    Արցախի բարբառով ասացվածք կա – “էշին փալանը փոխելավ էշը փոխվում չի”:
    Հուսամ ճիշտ կհասկանա ազգս)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *