2023.07.17,

Քննադատ

Երբ հայաստանյան լրատվականները կորցնում են իրենց էջերը սոցցանցերում․ հիմնական պատճառները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջերս անդրադարձել էի հիմնական կիբեր վտանգներին, որոնք սպառնում են հայաստանյան լրատվականներին և լրագրողներին։ Նման հարձակումների  հետևանքների մի մասը կարող է լինել անտեսանելի։ Օրինակ, լրագրողներին լրտեսելը Pegasus, Predator լրտեսական ծրագրերի կիրառմամբ, հաճախ ոչ մի երևացող հետևանք չի ունենում։ Հատկապես, եթե դա արվում է, օրինակ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։

Բայց կան դեպքեր երբ վնասը շատ անմիջական է և տեսանելի։ Խոսքը լրատվականի կամ լրագրողի տարիներով աճեցրած, մեծացրած, լայն լսարան ունեցող սոցցանցային հարթակի՝ ֆեյսբուքյան էջի կամ յություբյան ալիքի հետ կապված խնդիրների մասին է։

Անդրադառնանք այն հիմնական պատճառներին, որոնք բերում են սոցցանցային էջի  ներկայության կորստի։ Եթե ամփոփենք CyberHUB-ի մեր տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դեպքերը, որոնց հետ առնչվել ենք, ապա կստանաք մի քանի հիմնական պատճառներ, որոնք խմբագրությունների համար ծանր հետևանքներ են առաջացնում։

Ա. Ավոյի դեպքը, երևի, ամենատարածվածն է։ Չկա Հայաստանում գոնե մեկ լրատվական, որն իր մոտ չունենա Մոնթեին նվիրված նյութեր։ Տվյալ խնդիրը դեռ լուծում չի գտնում։ Եվ լրատվականը կարող է կորցնել էջը նույնիսկ հին, տարիներ առաջ կատարված գրառման համար։ Տվյալ արգելափակումները կարող են լինել ոչ միայն Ֆեյսբուքում կամ Ինստագրամում, այև Մետայի կողմից նորաստեղծ Threads հարթակում։

Էջի անվերադարձ արգելափակում կարող է լինել Մոնթեի նկարի կամ անվան օգտագործման համար։ (Այստեղ հարկ եմ գտնում նշել, որ եթե տվյալ պահից սկսված արգելափակման դեպքի հանդիպեք, դիմեք մեզ)

Բ. Կան բավականին քիչ տարածված, բայց հանդիպող դեպքեր, երբ լրատվականները չեն հետևում հեղինակային իրավունքի պաշտպանության կանոններին։ Խնդիրը հիմնականում վերաբերում է տեսանյութերում օգտագործվող երաժշտությանը։ Երբ  նախօրոք չեն ուսումնասիրում՝ այն ազատ օգտագործման համա՞ր է, թե՞ պաշտպանվում է հեղինակային իրավունքով։

Գ. Էջերի ադմինների հետ կապված տարբեր տիպի սխալներ։ Ամենատարածված խնդիրն այն է, որ էջերի ադմինները թվային անվտանգության թրեյնինգ չեն անցել։ Որպես հետևանք, մարդիկ զոհ են դառնում ամենապրիմիտիվ ֆիշինգային հարձակումների, տրամադրում են իրենց հաշվի գաղնտաբառը, ինչը բերում է և՛ անհատական հաշվի, և՛ իրենց կողմից կառավարվող մեդիայի էջերի կորստի։

Բացի դրանից, հաճախ ադմիններից մի մասը ակտիվացրած չեն լինում երկփուլային վավերացման մեխանիզմը։ Որպես հետևանք, էջերը կորցնելը վերածվում է ժամանակի խնդրի։

Դ. Վերջերս սկսել ենք հանդիպել էջերի դեմ հարձակումների ավելի խորացված տարբերակի, երբ հաքերներին հաջողվում է հեշտորեն շրջանցել երկփուլային վավերացումը։

Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ հաքերներին հաջողվում է վնասակար ծրագրով՝ վիրուսով վարակել խմբագրության այն համակարգիչը, որից ղեկավարվում է էջը կամ լրատվականի յություբյան ալիքը։ Դրանից հետո հաքերները հեռավար գործիքների միջոցով հենց տվյալ համակարգչից են մուտք գործում հարթակ, կառավարում հաշիվները։ Տվյալ դեպքում Յություբը կամ Ֆեյսբուքը իրենց կողմից տեսնում են, որ հաշիվ մուտք է գործվել հենց այն համակարգչից, որից խմբագրությունը ամեն օր աշխատում է։ Եվ անվտանգության համակարգը չի անհանգստանում, քանի որ ոչ մի տարօրինակ բան չի նկատում։

Նման դեպքերը հաքերների մոտ հաջողվում են հինականում այն պատճառով, որ խմբագրություններում հաճախ աշխատում են հին, չթարմացվող համակարգիչներով, որոնք այլևս չունեն պատշաճ պաշտպանություն և հեշտորեն վարակվում են վիրուսներով։

Ամփոփելով դեպքերը՝ կարելի է ընդհանրացնելով ասել, որ խմբագրությունները հաճախ խառը աշխատանքային գործընթացների մեջ թաթախված, չեն հասցնում հետևել հիմնական թվային հիգիենայի կաննոներին, ինչն էլ օրերից մի օր բերում է ծանր հետևանքների։ Սոցցանցում ներկայությունը կորցնելու հետևանքներն իրոք ծանր են, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան լրատվականների լսարանը հիմնականում հենց սոցիալական ցանցերում է։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *