2023.07.04,

Քննադատ

Casus Wagner. Պրիգոժինի տապալումը կազդի՞ հայաստանյան մեդիայի վրա

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Կարծում եմ՝ հարկ չկա պատմել, թե ինչ տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Եվգենի Պրիգոժինի և նրա մասնավոր «Վագներ» բանակի հետ վերջին օրերին։ Թեման այնքան արդիական և հետաքրքիր էր, որ աշխարհով մեկ լրագրողները և սոցիալական մեդիա օգտատերերը հետևում էին դրամատիկ իրադարձություններին։  

Գուցե շատերին կարող է տարօրինակ թվալ այս հոդվածի վերնագրում տրվող հարցը, քանի որ Պրիգոժինը հիմնականում հայտնի է որպես «Վագների» տեր և տիրակալ, նաև որպես ՌԴ նախագահի խոհարար։ Պրիգոժինը շատ բազմապրոֆիլ անձնավորություն է և զբաղվում է գրեթե ամեն ինչով․ ի դեպ, նրա առաջին և հիմնական բիզնեսներից մեկը կապ ուներ մեդիա ոլորտի հետ։  

Տասը տարի առաջ Սանկտ Պետերբուրգում ստեղծվեց մի կառույց, որը հետագայում կոչվեց թրոլերի ֆաբրիկա, կամ ինչպես ընդունված է ասել հայերեն՝ ֆեյքաբուծարան։  

Հետագայում մարդիկ և կազմակերպությունները, որոնք կանգնած էին դրա հետևում, ընկան ամերիկյան պատժամիջոցների տակ, քանի որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գտել էին ապացույցներ, որ ֆեյքաբուծարանը ակտիվորեն փորձել է ազդեցություն ունենալ 2016-ի Թրամփ / Քլինթոն նախագահական ընտրությունների վրա։ Այս տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, պարոն Պրիգոժինը խոստովանեց, որ ինքն է ստեղծել այդ կառույցը և  ղեկավարել այն՝ հանուն Ռուսաստանի։  

Բացի այդ, Պրիգոժինը ստեղծել և ղեկավարում էր «Պատրիոտ» մեծ մեդիախումբը, որի մեջ էր, օրինակ, Հայաստանում բավականին «ցիտվող»  РИА ФАН-ը։  

«Պատրիոտի» տնօրեններից մեկը հայտնի լրագրող և Տելեգրամ ալիքի վարող, քաղաքագետ Աբաս Ջուման, որը լուրջ կապեր ունի հայաստանյան մեդիատիրույթում: Նրա անունը շատ է շրջանառվել հայկական տեղեկատվական դաշտում հատկապես 2020-ի պատերազմի ժամանակ։  

«Պատրիոտ» մեդիախումբը ակտիվ օգտագործում էր ոչ միայն ավանդական լրատվականների ֆորմատը, այլ նաև Տելեգրամ ալիքների և ռազմական լրագրողների (военкоры) ուղղություները։  

Պրիգոժինը ուներ կոնկրետ իր համար աշխատող լրագրողներ և բլոգերներ։ Նրա կառույցները ֆինանսական կապեր ունեին նաև այն բլոգերների հետ, որոնք անմիջական կապ չունեին իր հետ, բայց ապահովում էին ճշգրիտ և պատվիրված քարոզչություն։  

Պրիգոժինի հետ տարբեր կապեր ունեցել են այնպիսի ռազմաքաղաքական տելեգրամյան ազդեցիկ դեմքեր, ինչպիսին են Rybar-ը (Միխայիլ Զվինչուկ), Colonel-ը Cassad-ը (Բորիս Ռոժին)։ Սրանք մարդիկ   են, որ մի կողմից ունեն մեծ լսարան և ազդեցություն ռուսաստանյան և ընդհանրապես ռուսալեզու լսարանի վրա։ Մյուս կողմից պարբերաբար ակտիվանում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ կապված հարցերի համատեքստում։   

Փաստացի, այս պահին Պրիգոժինի ողջ մեդիակայսրությունը փլուզվել է։  

Տելեգրամի ադմինների, լրագրողների, «ֆեյք աճացնողների և տարածողների» մի ահռելի բանակ անցնում է այլ խմբերի ազդեցության տակ։  

Սա կարող է նշանակել նաև մեդիատիրույթի որոշ վերաձևավորում։ Չնայած, Ռուսաստանի Դաշնությունում մեծ հաշվով իշխանությունները գրեթե ամբողջությամբ վերահսկում են մեդիա դաշտը (այն հատվածը, որը գործում է ՌԴ տարածքից), բայց միևնույնն է, այնտեղ էլ ներսում կան խմբավորումներ։  

Բացի այդ, նույն Տելեգրամի ալիքները ունեն մի քանի վերահսկման բևեռներ, որոնք ազատ ռեսուրները օգտագործում են նաև վճարովի ծառայություններ տրամադրելու համար։ Այդ ռեսուրսները օգտագործվում էին և բնականաբար կօգտագործվեն ապագայում, ինչպես օրինակ, Ադրբեջանի իշխանությունների կամ տեղի ադրբեջանական արմատներ ունեցող օլիգարխների կողմից, կամ էլ Հայաստանի հետ կապ ունեցող դեմքերի կողմից։  

Պրիգոժինի տապալումից հետո մեդիաշուկան որոշակի վերաբաշխումներ կապրի։ Բայց դա նաև նշանակում է, որ հնարավոր է բացվեն նոր ռեսուրսներ հայկական օրակարգի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար, ինչպես ՌԴ իշխանավորների կողմից, այնպես էլ այլ դերակատարների։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *