2021.10.29,

Քննադատ

Ֆեյսբուքն արդեն Մետա է, և դա շատ բան է նշանակում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդեն նույնիսկ նրանք, ովքեր չկան Ֆեյսբուքւոմ, հասցրել են լսել, որ Ֆեյսբուքն իր անվանումը փոխել է և դարձել Մետա։ Բայց այստեղ կա երկու կետ։ Մեկը ընդհանրապես ոչ կարևոր։ Մյուսը՝ հակառակը։ 

Առաջինն այն է, որ անվանումը փոխել է ոչ թե սոցցանցը, այլ Ֆեյսբուքը, Ինստագրամը, Վոթզափը կառավարող կազմակերպությունը։ Նման մի բան ժամանակին տեղի ունեցավ Գուգլի հետ, որի մայր կազմակերպությունը հիմա կոչվում է Ալֆաբեթ։ 

Իսկ այլ կարևորն այն է, թե ինչու հենց Մետա։ Մարկ Ցուկերբերգը վերջերս հայտարարեց, որ կազմակերպությունը սկսում է Մետավերսի, մետատիեզերքի ստեղծման գործընթացը։ Դրան հաջորդեց հայտարարություն այն մասին, որ Ֆեյսբուքը գործի կընդունի տասը հազար մասնագետի՝ մետատիեզերքը ստեղծելու համար։ Ինչը ամենայն հավանականությամբ մոտակա հինգ տարվա ընթացքում արդեն կդառնա աշխատող մոդել։ 

Այնպես որ, անվանափոխությունը խոսում է այն մասին, որ այդ պլանները դառնում են առաջնային, և մենք մեր կողմից պետք է հասկանանք, որ գործ ունենք լուրջ փոփոխությունների հետ, որոնց մասին պետք է արդեն տեղյակ լինենք։ 

Խոսքը վիրտուալ տիրույթների միավորման մասին է։

Ցուկերբերգի թիմը փորձելու է միավորել եղած ինտերնետը, վիրտուալ ու ավելացված իրականության (VR, AR) տիրույթները, ստեղծել միասնական պլատֆորմ, որտեղ կկարողանան իրար կապակցվել տարբեր ինտերնետային վիրտուալ տիրույթներ։ 

Նման ուղղությամբ արդեն շարժվողներ կան։ Այնպես չէ, որ Ցուկերբերգը առաջինն է հանգել նման մտքի։ Օրինակ, Fortnite խաղի տարածքում Epic Games-ը փորձում է ներառել այլ տիրույթներից հատվածներ։ Օրինակ, անց է կացնում իրական երաժիշտների համերգներ խաղային վիրտուալ տարածությունում։ Սա դեռ առաջին քայլերն են այս ուղղույամբ։ 

Նախկին Ֆեյսբուքին, ներկա Մետային ավելի հեշտ կլինի դառնալ մետատիեզերքի ձևավորման առաջատար։ Սկսած նրանից, որ մենք գործ ունենք ոչ միայն մետա, այլ նաև մեգա կորպորացիայի հետ, որը միավորում է Ֆեյսբուքը, Մեսենջերը, Ինստագրամը, Վոթզափը։

Սա կազմակերպություն է, որը կարողանում է տնօրինել մոտ 3,5 միլիարդ մարդու ինտերնետային ակտիվությունները։

Բացի դրանից՝ սա կազմակերպություն է, որն արդեն երկար տարիներ զարգացնում է վիրտուալ իրականության տիրույթը, ինչի համար ունի հատուկ զարգացման մոդելներ, օրինակ Oculus֊ը։ 

Իհարկե, այն ինչ փորձում են անել Ցուկերբերգն ու իր թիմը, կարող է իսկապես դառնալ ինտերնետի զարգացման հաջորդ փուլը։ Առավելևս, որ նման ուղղությամբ հիմա սկսում են աշխատել նաև այլ ինտերնետ հսկաները։

Բայց եթե հիմա դեռ չենք տեսնում որակական փոփոխություններ, քանի որ մետատիեզերքը դեռ նոր է ծրագրավորվում, ապա Ցուկերբերգի հավակնությունները՝ ունենալու մեկ ընդհանուր հարթակ տարբեր երևույթների համար, արդեն վաղուց է իրագործվում։ 

Հենց ինքը Ֆեյսբուքը փորձ է ստեղծելու մի տիրույթ, որը կմիավորի ինտերնետի այլ հատվածները։ 

Փաստացի, վերջին հինգ-վեց տարիների ընթացքում Ցուկերբերգը փորձել է ստեղծել Ֆեյսբուքը, Մեսենջերը, Ինստագրամը, Վոթզափը միավորող միասնական տիրույթ, որը պետք է լինի այլընտրանքային ինտերնետ։ 

Այսինքն տարածք, որտեղ մարդը կմտնի ու այլեևս չի լքի։ 

Նույն Instant articles գործիքը թույլ է տալիս կայքերին կտրվել հիմնական ինտերնետից և այցելուներին պահել Ֆեյսբուքի տարածքում։ Ցուկերբերգի էքսպանսիոնիզմը, այլ կազմակերպություններ գնելը միշտ խոսել է միայն մի բանի մասին․ ցանկության կլանելու բոլոր հնարավոր տիրությները և դառնալու այլընտրանք՝ ընդունված ինտերնետի համար։ 

Այս քաղաքականությունն ամենայն հավանականությամբ իր հետքը կթողնի նաև մուլտիտիեզերքի ճարտարապետության վրա։ 

Ամեն դեպքում, հաշվի առնելով Մետայի թափը, ազդեցությունը ահռելի քանակի մարդկանց վրա և այդ ազդեցության բազմակողմանիությունը, այս որոշումը կարող է հանգեցնել մի կողմից լուրջ որակական փոփոխության ողջ ինտերնետի համար։

Իսկ մյուս կողմից՝ ստեղծել խիստ միակողմանի, վերահսկելի ինտերնետի զարգացման հիմք։ 

Հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Մետան արդեն իսկ իրեն դրսևորում է որպես խիստ ազդեցիկ ու հանրային գործընթացները ձևավորող մեգա-կառույց, որն իրեն հաճախ վերագրում է պետության, իսկ երբեմն նաև պետություններից վեր դեր։ 

Դա կարելի է տեսնել վերջերս արտահոսած ներքին փաստաթղթերից, որոնք արդեն անվանվել են Facebook Papers, և դրանց շուրջ սկանդալը դեռ նոր թափ է ստանալու։

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Ֆեյսբուքն արդեն Մետա է, և դա շատ բան է նշանակում”
  1. Hasmik says:

    Hetaqrqir a irenq texyak en Wechat-i masin ☺️

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *