Միջնադարում ասում էին՝ կարդացել ես մեկ ասպետական վեպ, ուրեմն կարդացել ես ասպետական բոլոր վեպերը: Նույնը կարելի է ասել նախորդ դարի 20-30-ականների մարտի 8-ին լույս տեսնող բոլոր թերթերի մասին:
Առաջին էջից ընթերցողներին լուսանկարից ժպտում էր տարվա լավագույն աշխատավորուհին կամ գեղջկուհին:
Մեծ տառատեսակով, որպեսզի չնկատել կամ չկարդալ հնարավոր չլինի, բոլոր էջերում այսպիսի լոզունգներ էին՝ «Կեցցե աշխատավոր կանանց համերաշխությունը՝ ընդդեմ համաշխարհային կապիտալիզմի», «Բանվորուհիներ և գեղջկուհիներ, ձեզ այլասերում է սպառնում, հիշեցեք միջազգային կանանց օրը՝ մայրության պահպանության ուժեղացմամբ», «Բանվորուհինե՜ր և գեղջկուհինե՜ր, մեր միջազգային օրը համախմբվեցեք կոմունիստական ինտերնացիոնալի շուրջը, որ բոլոր աշխատավորներին ազատություն է բերում»:
Սակայն բարձրացվում էին նաև հստակ խնդիրներ, որոնց համար ակնկալվում էին կոնկրետ լուծումներ:
Գյուղում կինը վարուցանք է անում, հնձում, կալսում, ցորենն աղում, մաղում, թխում.
«Կինն է սար գնում, կով ու վոչխար կթում, սեր ու մածուն, յուղ ու պանիր պատրաստում, կինն է տունը գորգ ու կարպետով զարդարում, չվան ու ջվալ, խուրջին ու շալ պատրաստում, կար ու կարկատան անում, յեփում, թխում: Այդ բոլոր աշխատանքների հետ նա երեխա է բերում, անքուն գիշերներով պահում, մեծացնում: Գյուղում կինը քնում է ամենից ուշ, արթնանում է բոլորից վաղ: Կինը գյուղում մեր պայմաններում ենթարկվում է մեծ շահագործման»:
Սա գյուղում ապրող կնոջ առօրյան էր: Քաղաքում էլ կինը, ձեռքերը ծալած, նստած չէ:
«Քաղաքում կինը՝ վարժուհի, կար անող, հացթուխ, լվացք անող, գրասենյակային ծառայող և այլն …Ու այս կինը օր օրի վրա շատ արագ հյուծվում է, մազերը շուտ են ճերմակում, մորթը ժամանակից վաղ կնճռոտվում է, փայլը աչքերի՝ խավարում, և կնոջ հայացքում մնում է անվերջ հոգատարության չարտահայտված մտատանջ լռիկ հարց՝ իսկ ե՞րբ ապրել, ե՞րբ շունչ քաշել»:
Որպես «սփոփանք» բերվում է բուրժուական միջավայրում ապրող կանանց՝ էլ ավելի բարդ վիճակը.
«Բուրժուայի կնոջ դրությունն էլ նախանձելի չէ: Ճիշտ է, նա ազատ է տնտեսական հոգսերից, սակայն նա բարոյական անարգանք ավելի է կրում, քան աշխատավոր կինը: Բուրժուա տղամարդու համար կինը զվարճության առարկա է, «իր», ամենալավ դեպքում՝ արտադրության միջոցը՝ կապիտալը ժառանգելու նոր սերունդ առաջացնող: Կեղծ, շվայտ ու զազրելի շրջանակներով է պատել բուրժուան պատել կնոջը: Այդտեղ է ամենից շատ տարածված անբարոյականությունը, պրաստիտուցիան: Այդտեղ է, որ «թույլ», անարգված կինը կարողանում է միայն ամենօրյա հիստերիայով մարդու հանգիստը խանգարել ու … զույգ եղջյուրներ նվիրել ամուսնուն՝ գլխին զարդարանք («Կնոջ ազատագրումը», «Խորհրդային Հայաստան», 1923, N48, մարտի 8):
Ինչպիսի՞ն էր կնոջ վիճակը Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում: Խորհրդային քարոզչությունն անողոք էր.
«Ամուսին-երեխա-խոհանոց. Հիտլերի այս լպիրշ ֆորմուլը պատռում է կնոջ շղթաները վարագուրող նույնիսկ վերջին շղարշը: Գերմանացի կնոջ խոհանոցը դատարկ է. Գյորինգը միս ու յուղ չի թողել այնտեղ: Ամուսինը գործազուրկ է, երեխան՝ սոված: Ընտանիքի պահպանման մասին արված բարձրագոչ հայտարարությունները չեն փրկում դրությունը. գործազրկությունն ու կարիքը քայքայում են ընտանիքը, պոռնկության ուղարկում ընտանիքի մորը, մուրացկանության՝ երեխաներին: Տիրող կարգերի դեմ պայքար մղելու հոգեկան կարողություն չունեցող կանայք երբեմն իրենց ամբողջ ընտանիքով ինքնասպանության են դիմում:Խորհրդային կնոջն այժմ նախանձում են աշխարհի բոլոր կանայք («Խորհրդային Հայաստան», 1937, N 54):
«Պիոներ կանչ»-ում ևս հիմնականում, տրաֆարետային հրապարակումներ էին՝ «Բազմամիլիոն պիոներիայի համար մղվող պայքարը դեռևս անբավարար է», «Անդրֆեդերացիայի տասնամյակը դիմավորում ենք մեր կենդանի գործերով»…
Մարտի 8-ի համարներից մեկում հետաքրքիր մի հրապարակման, ամեն դեպքում, հանդիպեցինք:
Վաղարշապատի շրջանի Դողս գյուղում, «գյուղխորհդր քթի տակ», 12 տարեկան աղջկան ամուսնացրել են 23 տարեկան տղայի հետ: Այդ տղան Խուրշուդն է՝ կոմսոմոլի բջիջի քարտուղարը, որը փոխանակ պայքարելու նման երևույթի դեմ, ինքն է ամուսնանում անչափահաս երեխայի հետ:
«Ընկեր ժողկոմխորհ, Դողս գյուղում խախտեցին քո հրապարակած կարևոր օրենքը, 12 տարեկան Նազիկին ամուսնացրին գյուղխորհրդի աչքի առաջ, և նա լռեց. պահանջում ենք հանցավորների վրա ցուցադրական դատ կազմակերպել և Նազիկին առնել Լուսժողկոմատի խնամքի տակ»…
Գյուղի կանայք ոտքի էին ելել և պահանջում էին, որ Աշխատավոր կանանց միջազգային այս տոնին Նազիկին խլեն Խուրշուդից ու Լուսժողկոմատի կամ կանանց սեկտորի միջոցներով խնամեն ու հոգան նրա կրթության մասին («Պիոներ կանչ», 1931, N 10):
Ընդհանրացնելով խորհրդային ամենափակ շրջանի 1920-30-ականների մարտի 8-ի մամուլը, մի օրինաչափություն ակնհայտ էր՝ կուսակցական քարոզչության պաթոսի մեջ, միևնույն է, հաջողվում էր մամուլում բարձրացնել կանանց առնչվող կոնկրետ խնդիրներ:
Եվ այդ խնդիրները ժամանակի ընթացքում չեն փոխվել:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: