2018.04.25,

Քննադատ

Արագ տարածվող կեղծ լուրերը` սոցիալական մեդիայում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ցանկացած խոշոր, հատկապես արագ զարգացող իրադարձությունների ժամանակ ընթացիկ ճշտված լուրերի հետ մեկտեղ մեծ տարածում են ստանում մոլորեցնող կամ կեղծ լուրերը, տեսանյութերն ու լուսանկարները: Դրանք սկզբում տարածվում են սոցիալական մեդիայում, այնուհետև հայտնվում լրատվամիջոցներում, որոնք` հրապարակելով դրանք, լսարանի մոտ վստահություն են ձևավորում, թե ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը:

«Քայլ արա, մերժիր Սերժին» անունը ստացած բողոքի ցույցերի ընթացքում, որոնք տեղի են ունենում Երևանի տարբեր հատվածներում, երկրի տարբեր քաղաքներում, հսկայական քանակությամբ ինֆորմացիա է գեներացվում հենց մասնակիցների կողմից, որոնք իրենց սմարթֆոնների օգնությամբ ուղիղ հեռարձակում են իրենց շուրջ կատարվող իրադարձությունները սոցիալական ցանցերով: Այս «զանգվածային հեռարձակմանն» են ապավինում ոչ միայն սոցիալական մեդիայի օգտատերերը, այլև լրատվամիջոցները, որոնք ֆիզիկապես չեն կարող գտնվել բոլոր վայրերում և ինֆորմացիա ստանալ հենց լրագրողների միջոցով:

Նման իրավիճակներում հայտնվում են նաև կեղծ` ֆեյք օգտատերեր, որոնք սկսում են իրադարձությունների վերաբերյալ կեղծ ու մոլորեցնող ինֆորմացիա տարածել իրենց նորաստեղծ կամ ոչ այնքան նոր էջերից: Եվ այդ ինֆորմացիան, սկիզբ առնելով սոցիալական ցանցերից մեկում, մեծ ալիքով տարածվում է նաև մյուսներում:

Ինչպես տարբերել կեղծ լուրն ու չընկնել դրա թակարդը

  1. Ցանկացած ինֆորմացիային վերաբերվեք քննադատաբար:
    Կասկածի տակ դրեք և անմիջապես մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում, դիտում կամ լսում եք: Փորձեք հարցեր տալ` ո՞վ է այն հրապարակել, ինչու՞ է այն հրապարակել, ե՞րբ է այն հրապարակել:
     

  2. Ուշադրություն դարձրեք լուրի աղբյուրին:
    Ո՞վ է ձեզ հայտնում լուրը` դեպքի վայրում գտնվող լրագրող, իրադարձությանը ներկա անձ, «անանուն աղբյուր», թե պետական կառույցի ներկայացուցիչ: Հենց սկզբից ինքներդ ձեզ տվեք այդ հարցը: Դա կօգնի ֆիլտրել հանդիպած կեղծ լուրերի մեծ մասը: Եթե երբևէ չեք լսել այն կայքի/անձի/լրատվամիջոցի մասին, որը ձեզ հայտնում է տվյալ լուրը, ուրեմն ամենայն հավանականությամբ այն կեղծ է: Նաև` եթե լուրը չափազանց իդեալական է իրական լինելու համար, ուրեմն այն ճիշտ չէ:
     

  3. Լուրը ստուգեք տարբեր աղբյուրներից:
    Եթե լուսաբանման արժանի իրադարձություն է կատարվում, նշանակում է տարբեր լրատվամիջոցներ արձագանքելու են ու լուսաբանելու են այն: Կարդացեք տարբեր լրատվամիջոցների նյութերը և համեմատեք փաստերը: Եթե ձեր կարդացած ինֆորմացիան այլ լրատվամիջոցներում չեք հանդիպում, նշանակում է լրատվամիջոցներն աշխատում են այդ լուրերը ճշտելու ուղղությամբ, ուրեմն պետք է սպասել տարածելուց առաջ, որովհետև հնարավոր է պատմությունն ամբողջությամբ ճշտված չէ:
     

  4. Ուշադրություն դարձրեք հրապարակման ամսաթվին
    Ե՞րբ է իրադարձությունը կատարվել: Սա պարզ հարց է, որը սոցիալական մեդիայի օգտատերերը հաճախ հաշվի չեն առնում: Ցանկացած բան տարածելուց առաջ` լինի լուսանկար, նյութ, թե տեսանյութ, ստուգեք հրապարակման ամսաթիվը: Եթե ընթացիկ իրադարձությունների ժամանակ նախորդ տարվա տեսանյութեր կամ հոդվածներ են շրջանառվում, ուրեմն դրանք հին են և այսօրվա իրականության հետ կապ չունեն:
     

  5. Մտածեք` տարածելուց առաջ:
    Ցանկացած բան տարածելուց առաջ մտածեք` ինչու՞ եք դա անում, արդյո՞ք այն ինֆորմացիան, որը տարածում եք, իսկապես վստահելի և ճշգրտված է: Եթե վստահ չեք այս հարցերի պատասխաններում, ուրեմն լավ կլինի որևէ բան չտեղադրեք սոցիալական մեդիայում:
    Ցանկացած բան տարածելուց առաջ հաշվի առեք, որ դուք էլ հետևորդների, ընկերների մեծ բանակ ունեք, նրանք կարդում ու հետևում են ձեզ: Եվ եթե ապատեղեկատվություն տարածեք, հաջորդ գրառում կատարելիս այլևս վստահելի ու արժանահավատ չեք լինի ձեր ընկերների/հետևորդների համար:
     

  6. Նյութերը մի տարածեք միայն դրանց վերնագրերը կարդալով:
    Վերնագրերը հաճախ չեն պատմում ամբողջ պատմությունը, հատկապես այնպիսի իրավիճակներում երբ բոլոր փաստերը վերջնականապես ճշգրտված չեն կամ մանիպուլացվում են: Շատ լրատվամիջոցներ կարող են նույնիսկ մոլորեցնող վերնագրեր դնել` իրենց կայքի այցելություններ ապահովելու կամ իրենց ցանկալի ուղերձը հանրայնացնելու համար: Ցանկացած բան տարածելուց առաջ կարդացեք ամբողջությամբ:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *