frozen-soldier-fake

Ոչ պետական կազմակերպություններից մեկը, որի շարժառիթները բացառապես բարի են (ես դրանում չեմ կասկածում), սկսել է զինվորների համար տաք հագուստ հավաքել: Այդ կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կոչ «մարդկության լավագույն կեսին», այսինքն՝ կանանց, հորդորելով տաք հագուստ բերել իրենց գրասենյակ: Ամենայն հավանականությամբ, նրանք պատրաստ են այդ հագուստը փոխանցել առաջնագծում գտնվող մեր զինվորներին:

Եվ որպեսզի կոչի էֆեկտն ավելի ուժգնանա, ավելացվել է տեքստ՝ 25 աստիճան ցրտի մասին, որին դիմակայում են առաջնագծի զինվորները:

Բայց դա էլ քիչ է թվացել այդ հասարակական կազմակերպությանը, որը որոշել է իր կոչն ուղեկցել լուսանկարներով: Եվ հենց այդ լուսանկարները բարկացրեցին սոցցանցի օգտատերերին, որոնք սկսեցին կոչի տակ գրել վրդովված մեկնաբանություններ:

Երկար-բարակ չմտածելով ու չդիմելով լուսանկարիչներին, որոնց հարկավոր է վճարել (չէ՞ որ այցելությունը առաջնագիծ ու լուսանկարումը ծախսատար է ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակի առումով), հասարակական կազմակերպությունը Գուգլում պարզապես որոնել է «զինվորները ձյան մեջ» պատկերներն ու ցանցից քաշել առաջին պատահած լուսանկարները:

Հասարակական կազմակերպության ֆեյսբուքի էջի սքրինշոթը

Ինչպես պարզվեց, դա բացարձակապես անիմաստ քայլ էր: Նրանց գտած լուսանկարները վաղուց արդեն օգտագործվել էին Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ընթացող պատերազմի ժամանակ, ինչպես նաև՝ քուրդ ապստամբների տոկունությունը ցուցադրելու նպատակով… Միայն լիակատար ծույլը չէր օգտագործել դրանք:

Նույն լուսանկարները օգտագործվել են ռուս-ուկրաինական տեղեկատվական պատերազմում

Նաև ապստամբ քրդերի դիմացկունությունը ցուցադրելու համար 

Մեկ այլ հակամարտության ժամանակ նույն լուսանկարի օգտագործման դեպք

Ու թեև կոչի տեքստում գրված էր, որ լուսանկարները արվել են «երեկվա 25 աստիճան ցրտի պահին», այդ լուսանկարներն արդեն երեք տարի է պտտվում են ցանցում:
Ցանցից լուսանկար քաշելը լավ բան չէ, քանի որ վաղ թե ուշ հանգեցնելու է վատ հետևանքների: Այս դեպքը դրա տեսանելի ապացույցն է:

Ծաղկաքաղ Գուգլից

Առաջնագծում գտնվող զինվորի մասին մտահոգ հասարակական կազմակերպության բարի ցանկություններն ու նպատակները հօդս ցնդեցին ուրիշների լուսանկարների անբարեխիղճ օգտագործման պատճառով: Եվ շատ ափսոս է, որ այդ հասարակական կազմակերպությունը կորցրեց հասարակական վստահությունը:

Եզրակացությունը մեկն է. մի գողացեք ուրիշների լուսանկարները: Դա անպայման հենց ձեզ է վնասելու:

Գերման Ավագյան