2013.05.06,

Քննադատ

Սպրինտերական չափանիշներով` ընտրությունների արդյունքները ձեր էկրանին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Քվեարկության ավարտից մի քանի ժամ հետո սովորաբար սկսվում է ամենահետաքրքիրը՝ արդյունքները հայտնվում են հեռուստացույցների էկրաններին, տարածվում են կայքերով, քննարկվում սոցիալական մեդիայում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ քվեարկության արդյունքների ինտերակտիվ տախտակը արտացոլում է կուսակցությունների վերջին օրերի, շաբաթների, ամիսների, տարիների աշխատանքը: Առաջին տպավորությունները, գնահատականները հենց այդ ժամերին են արժեքավոր:

Անսպասելի էր, բայց ոչ բոլոր հեռուստաընկերություններն էին հետընտրական հատուկ լուսաբանում կազմակերպել: Անգամ «Շանթ»-ը, որ համապետական ընտրությունների արդյունքները օպերատիվ եւ վիզուալ ներկայացնելու հարուստ փորձ ունի, այս անգամ պասիվ էր:

Ընտրություններին մասնակցող կուսակցություների հետ այս կամ այն ձեւով կապվող հեռուստաընկերությունները՝ «Կենտրոն»-ը՝ ԲՀԿ եւ «Երկիր մեդիա»-ն՝ ՀՅԴ, տարբեր աստիճանի ակտիվություն ունեին:

«Կենտրոն»-ը շարունակում էր ընտրական խախտումների մասին սուր ռեպորտաժներ ներկայացնել, սակայն հեռուստաընկերության գլխավոր աստղը՝ Պետրոս Ղազարյանը, գերադասել էր թարմ հետքերով  հետընտրական քաղաքական քննարկում չկազմակերպել:

«Երկիր մեդիա»-ն գիշերը շարունակում էր լուրերի թողարկումները եւ տաղավարում առանձին հարցազրույցներով քննարկում էր ընտրական օրը:

Հանրային հեռուստաընկերությունը՝ Հ1-ը, սահմանափակվեց նորությունների մեծ թողարկումով: Ընտրությունների ամփոփվող արդյունքները որոշ ժամանակ էկրանին էին, հետո ընտրական օրվա այդ վերջին հետքն էլ կորավ:

Երեւանի ավագանու ընտրություններից ժամեր անց արդյունքները հեռուստադիտողին ներկայացնելու սպրինտերական կուրս էր վերցրել «Արմնյուզ»-ը:

Armnews_collage

Հեռուստաընկերության 13 լրագրողներն աշխատում էին ընտրատարածքային 13 կենտրոններում: Լրագրողները կարողանում էին ընտրական տեղամասերում քվեարկության նախնական արդյունքներն ավելի շուտ ուղարկել հեռուստաընկերություն, քան հանձնաժողովի անդամերը դրանք կուղարկեին ԿԸՀ:

«Արմնյուզ»-ի եթերում կուսակցություններին կողմ ձայների ինտերակտիվ պատկերը՝ մշակված քվեաթերթիկների թվով, գերազանցում էր ԿԸՀ-ի համանման արդյունքները: Հեուստաընկերությունը որոշել էր «հաղթել» ԿԸՀ-ին. ընտրել էր արագությունը եւ հաջողել էր իր այդ գործում:

Ճիշտ է՝ այն 1-2 տոկոսների տարբերությունները, որ կային պաշտոնական եւ արմնյուզական արդյունքներում, պատկերը չէին փոխում: Ընտրության ֆավորիտներն անփոփոխ էին:

«Արմնյուզ»-ի հետընտրական, մարաթոնային եթերում նաեւ հյուրեր կային, ստուդիայում կատարվող երաժշտություն՝ ռուսական «Дождь»-ի օրինակով: «Արմնյուզ»-ի դեպքում այս տեխնոլոգիան վերածվում է ավանդույթի՝ երաժիշտները տաղավարում նվագում եւ երգում էին նաեւ վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: 

Հետընտրական մարաթոնը վարող Արտակ Ալեքսանյանը քննարկում էր ընտրության արդյունքների պատճառները, քաղաքական ուժերի ուժեղ եւ թույլ քայլերը, քվեարկության օրվա վիճելի կամ աղմկոտ դեպքերը: Արտակը վարում էր վստահ (ես չէի տեսել, օրինակ, որ Արշակ Սադոյանի երեսին ասեն, թե պարզ խոսիր, ուղիղ ասա ասելիքդ, եթե ունես ասելիք), բայց երբեմն այդ վստահությունը սպառնում էր վերածվել ագրեսիվության:  

Artak_Alexanyan_screenshot

Հարցադրումները տեղին էին, բայց դրանք ընտրողաբար ներկայացնելու տպավորություն կար: Տաղավարում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չկային: Արտակը հաճախ նախընտրական, ընտրական օրվա մասին մեղադրող հարցադրումներ էր անում, եւ տեղում պարզապես պատասխանող չկար: Եվ հարցադրումները, որոնք, ըստ էության, կշտամբանք պարունակող քաղաքական վերլուծությունններ էին, հիմնականում ընդդիմությանն էին ուղղված: Ավելի շատ՝ ՀԱԿ-ին:

Եթե ծանրանում ես ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի մասին խոսքերի վրա, ինչու՞  ՀՀԿ-ին էլ համապատասխան ուշադրություն չես դարձնում: Ուրիշ բան չէ. եթե նախընտրական շրջանն ես քննարկում, ասենք, Ֆեյսբուքում խաբեությամբ լայքեր հավաքելու պատմությունը կամ լրագրողի վրա ՀՀԿ-ական հարձակումը կարելի՞ էր հիշատակել:

Հետընտրական այդ մարաթոնի ընթացքում չէր խոսվում ընտրական խախտումների, արդյունքների վրա այդ խախտումների հնարավոր ազդեցության մասին: Ու թեեւ տաղավարում մերթընդմերթ թեւածում էր միտքը, թե ընտրակաշառքներ եղել են, միեւնույն է, տոնական հետընտրական տրամադրությունն անխաթար էր:

Ու մի բան էլ, որ կուզեի տեսնել եթերում ընտրության արդյունքները եզրափակելիս. ռեպորտաժներ կամ ուղիղ միացումներ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական գլխավոր շտաբերից: Առաջին ռեակցիաները, շտաբերում տիրող մթնոլորտը, եռուզեռը կամ դրա բացակայությունը կարեւոր են հեռուստադիտողի համար: 

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *