2019.10.28,

Քննադատ

Հետևել հանցագործների՞ն, թե՞ բոլորին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան

Մեդիա հետազոտող

Արդեն օրեր շարունակ խոսվում է ինտերնետ տիրույթում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նոր կարգավորումներ ներմուծելու մասին:

Կարգավորումները ենթադրում են ինտերնետից օգտվողների անձնական տվյալների հավաքագրում և երկու տարով արխիվացում։ Թեման մանրամասն ներկայացրել եմ փոթքաստում, իմ գործընկեր Պապյան Արթուրը թեման արդեն բացել է Media.am֊-ի համար, իսկ այստեղ կարող եք ծանոթանալ բուն փաստաթղթին։

Այնպես որ կուզեի գնալ ավելի խորը և տեսնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս փորձը։

Մենք քննարկում ենք երևույթի խնդիրները, բայց եկեք նայենք, թե մոտ ապագայում ինչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե համակարգը սկսի աշխատել։

Մի կողմից, մենք հասկանում ենք, որ սա չի արվում ՀԾԿՀ – ի կարիքների համար, որ այս կարգավորումը պետք է իրավապահներին, անվտանգությունը ապահովող մարմիններին։ Ինչ խոսք, անվտանգությունը, կարևոր է, բայց եկեք դիտարկենք այս հարցը հենց վտանգի տեսանկյունից։

Որո՞նք են հնարավոր վտանգները հասարակության համար։

Առաջինը՝ բոլորի տվյալների պահպանումն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ըստ այս որոշման, մենք բոլորս որպես կասկածյալ ենթարկվում ենք նախնական հետախուզական պասիվ վերահսկողության։

Փաստացի, բոլորս դառնում ենք կասկածյալ։

Երկրորդ հարցն այն է, որ տվյալ առաջարկով պահպանվելու են այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան բացահայտել մարդկանց։ Սխալ կարծիք էր տարածվում, թե վերահսկվելու է բովանդակությունը, որը մենք կարդում կամ դիտում ենք ցանցում։

Ոչ, նման վերահսկողություն չկա։ Սակայն, նախագիծը թույլ կտա, օրինակ, պարզել, թե ով է այս կամ այն անձը, որը թաքնվում է կեղծանվան տակ սոցցանցերում կամ մեսենջերներում։

Ինչը մի կողմից թույլ կտա բացահայտել հանցագործներին, բայց նույն հաջողությամբ հնարավոր կլինի բացահայտել ընդդիմադիր ֆեյքերին։

Առհասարակ, մեզ որպես քաղքացիների, ոչ ոք չի բացատրել և առ այսօր չի էլ փորձում բացատրել, թե սա ում է պետք և ինչու։

ՀԾԿ-ի բացատրությունը պարունակում է երկու ոչ միանշանակ կետ։ Առաջինը հղումն է օրենքին։ Բայց հարցն այն է, որ օրենսդրությունն ինքնին դեռ պահանջում է վերանայումներ, քանի որ լրջորեն հետ է ընկել զարգացումներից։

Երկրորդը՝ հղումն է միջազգային դրական փորձին: Օրինակ, հիշատակվում է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006-ի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը։ Սակայն չի հիշատակվում, որ կա դատարանի որոշում, որով նույն կանոնակարգը չեղարկվել է որպես չափազանցված, անձնական տվյալների հետ խնդիրներ առաջացնող և այլն։ Մանրամասները այստեղ հասանելի են։

Չորրորդը հենց մեր օրենսդրությունն է, որը հստակ չի կարգավորում նման տիպի տվյալների կիրառումը։ Օրինակ, չկա մետատվյալների վերաբերյալ հստակ կարգավորում, ինչը հնարավորություններ է բացում չարաշահումների համար։ Սրան ավելացնենք, որ Հայաստանում գրեթե ոչինչ չի գաղտնազերծվում։

Սրան էլ ավելացնենք, որ գոյություն չունեն հանրային վերահսկողության ճանապարհներ։ Ու դա այն դեպքում, երբ մեկ տանիքի տակ հավաքված են գրեթե բոլոր վերահսկողական մեխանիզմները։

Հասկանալի է, որ թերի օրենսդրությունը, թափանցիկության և վերահսկողության մեխանիզմների բացակայությունը պարարտ հող է ստեղծում չարաշահումների համար՝ սկսած քաղաքական հետապնդումներից, վերջացրած պետական ռեսուրսը անձնական շահերի համար օգտագործման բազմաթիվ տարբերակներով։

Եվ ամենակարևորը. նույն միջազգային փորձը, արդեն ոչ դրական, այլ ավելի շուտ բացասական է խոսում այն մասին, որ երբեք ոչ մի տեղ չեն սահմանափակվում մեկ վերահսկողության մեխանիզմի ներդրմամբ։

Տեղադրում են մեկը, հետո ահավոր շատ են ցանկանում տեղադրել հաջորդը և այսպես շարունակ։ Միշտ բացատրություն գտնվում է, թե ինչու է պետք ավելի խորը վերահսկել մարդկանց։

Կամ, ինչպես մեր դեպքում է, փորձ է արվում դա անել առանց մարդավարի բացատրելու:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *