2024.05.05,

Ստուգված է

Գլխավոր դատախազի պնդումը, թե լրագրողը հայհոյել է Հակոբ Արշակյանին, անհիմն է

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մայիսի 3-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում անդրադարձավ պատգամավոր Հակոբ Արշակյանի և Irakanum.am կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնակցությամբ՝ 2021 թվականին տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավորը սրճարանում հարվածել էր լրագրողին և վնասել նրա համակարգիչը։

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց, որ Հակոբ Արշակյանի վարքագիծը եղել է լրագրողի սադրիչ գործողություններին ու հնչեցրած հայհոյանքին ի պատասխան և միջանձնային հարաբերություն, դա է պատճառը, որ քայլը չի որակվել որպես բռնություն լրագրողի նկատմամբ։

«Ստուգված է»-ն պարզեց, որ գլխավոր դատախազի պնդումը, թե Փայլակ Ֆահրադյանը հայհոյել է, չունի փաստական որևէ հենք և հիմնված է իշխանամերձ մի քանի լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վրա։ Ավելին, դատախազությունը հետագայում որպես այդ տեղեկատվության աղբյուր փորձել է ներկայացնել Media.am-ին, որն իրականում նման պնդումներ չի արել։

2021-ին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպի գործով։ Արշակյանը մեղադրվում էր գույքը դիտավորությամբ վնասելու համար՝ կապված անձի ծառայողական պարտքը կատարելու հետ։ Դեպքից երկու շաբաթ անց նա հրաժարական տվեց։ Քրեական գործն էլ հետագայում կարճվեց։

Վարդապետյանի պնդումն անհիմն է

Աննա Վարդապետյանի պնդումը, թե լրագրողը հայհոյել է նախկին նախարարին, հիմնված է եղել «լրատվամիջոցի» հրապարակման վրա։ Թե որ լրատվամիջոցի, իր ելույթում Վարդապետյանը չհստակեցրեց.

«Ես այդ ժամանակ իրավապահ համակարգում չեմ աշխատել, բայց, որքանով տեղեկացված եմ լրատվամիջոցից, նաև սադրիչ գործողություններ կային լրագրողի կողմից այն իմաստով, որ այն, ինչ դուրս էր մնացել կադրից, թե պարոն Արշակյանը ինչու է նման կերպ արձագանքել, կարծում եմ՝ դուք էլ եք տեղեկացված կամ գոնե կարող եք այսօր նայել ու տեսնել։ Այ այդ իրավիճակում արդեն լրագրողական գործունեություն չի, որովհետև եթե նախորդ իրավիճակում, որի հիմքով անձը կալանավորված է, կապված է եղել հենց լրագրական գործունեության հետ և կոնկրետ պիտակավորում է տեղի ունեցել՝ անձին «սրբապիղծ» անվանելով։ Ձեր նկարագրած իրավիճակում ոչ թույլատրելի բառակապակցության, պարոն Արշակյան, ներողություն եմ խնդրում, հայհոյանքին ի պատասխան վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություն է եղել»:

Պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանը, թե գլխավոր դատախազն այդպիսով արդարացնում է բռնությունը, Վարդապետյանն արձագանքեց՝ «Ես չեմ արդարացնում որևէ բռնություն, ես ասում եմ՝ լրագրողի օրինական գործունեությանը միջամտելը պետք է տարբերել միջանձնային հարաբերությունների հողի վրա տեղի ունեցող վեճից և որոշակի այլ հանցակազմ պարունակող կամ չպարունակող վարքագծից:

… Տվյալ իրավիճակում լրագրողի նկատմամբ բռնություն չի որակվել, որովհետև լրագրողական գործունեության հետ կապված չի եղել, կապված է եղել անձնական բնույթի հայհոյանքի հետ»:

Նախքան ԱԺ-ում ելույթ ունենալը՝ Աննա Վարդապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ևս անդրադարձել էր այս միջադեպին՝ խոստովանելով, որ լրացուցիչ ճշտումներ անելու կարիք ունի՝ նախքան այդ թեմայով խոսելը.

«Փայլակի գործը, եթե ինձ հիշեցնես, էլի հինգ վարույթների՞ մեջ էր, Լուսինե (դիմում է խոսնակին, խմբ.)։ Բերեք, որպեսզի ես սխալ բան չասեմ, մենք լրացուցիչ ճշտենք»,- ասել էր գլխավոր դատախազը։

Ինչպես է տարածվել լրագրողի հայհոյելու մասին լուրը

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի՝ պատգամավորին հայհոյելու մասին տեղեկությունը միջադեպից անմիջապես հետո սկսեցին տարածել իշխանական լրատվակայքերը։ Առաջիններից էին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am-ը։ Լուրը տարածել էին նաև Goris Today-ը, Azat.tv-ն և այլ հարթակներ։

Տարածվող այս տեղեկությունը,  սակայն, որևէ կերպ չի հաստատվել։ Ավելին՝ լրագրողի շահերը ներկայացնող փաստաբանը հերքման պահանջ էր ներկայացրել Medianews.site կայքին՝ մեղադրանքը որակելով զրպարտանք։ Ինքը՝ Հակոբ Արշակյանը, ևս երբևէ հրապարակային չի նշել, թե լրագրողն իր հասցեին անպարկեշտ բառեր կամ հայհոյանք է հնչեցրել։ Հրաժարականի օրը նա անընդունելի էր որակել պաշտոնյայի կողմից բռնության կիրառումը։

Այսպիսով, չկա որևէ փաստ, որ Փայլակ Ֆահրադյանը հայհոյել է Հակոբ Արշակյանին։ Գլխավոր դատախազի տեղեկատվությունը հիմնված է եղել իշխանամերձ լրատվակայքերի տարածած անհիմն և որևէ կերպ չապացուցված հրապարակումների վրա։

Որ լրատվամիջոցին է հղում անում Դատախազությունը

Գլխավոր դատախազի հայտարարությունից մեկ օր անց՝ մայիսի 4-ին, նրա մամուլի խոսնակ Լուիսնե Մարտիրոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում որպես Վարդապետյանի տեղեկատվության աղբյուր նշել է մեզ՝ Media.am-ին՝ հիշատակելով «Լրագրող Փայլակ Ֆահրադյան․ «Անելու եմ ամեն ինչ, որ Արշակյանը պատասխանատվության ենթարկվի» վերատառությամբ հոդվածը:

«Առավոտի» հարցին, թե կոնկրետ ո՞ր մամուլից է գլխավոր դատախազն իմացել է, որ Փայլակ Ֆահրադյանը հայհոյել է, խոսնակը մատնանշել է Media.am-ում 2021 թվականի մարտի 19-ին հրապարակված հոդվածը։ Վարդապետյանի համար ԱԺ ամբիոնից նման պնդում անելու հիմքը, մասնավորապես, եղել է Media.am-ի հոդվածում տեղ գտած է հետևյալ հատվածը՝

«Համացանցում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ լրագրողը սադրել է նախարարին և հնչեցրել է հայհոյանքներ, թեև այդ մասին նախարարը չի անդրադառնում իր գրառման մեջ»։

Դատախազությունը կոնտեքստից կտրված է ներկայացնում  Media.am-ի հոդվածում տեղ գտած այս պնդումը՝ վերագրելով դրան այլ իմաստ։

Իրականում հոդվածի հեղինակը անդրադարձել էր Փայլակ Ֆահրադյանի՝ իբրև հայհոյելու մասին մեդիայում շրջանառվող այդ տեղեկություններին, այնուհետ հարցրել Փայլակ Ֆահրադյանի կարծիքը դրանց վերաբերյալ՝ վերջինիս հնարավորություն տալով մեկնաբանելու իշխանական մամուլի կողմից շրջանառվող այս թեզը։ Ի պատասխան լրագրողն ասել էր, որ չի հայհոյել և վիրավորական որևէ արտահայտություն իրեն թույլ չի տվել։ Փայլակ Ֆահրադյանի խոսքը՝ ստորև.

«Ես  իրեն չեմ հայհոյել, վիրավորական ոչ մի խոսք չեմ ասել, ինձ հետ էր իմ գործընկեր Տաթև Այվազյանը, և ես ինձ թույլ չէի տա նման վարքագիծ կանանց ներկայությամբ և եթե ես նրան վիրավորած լինեի, նա պետք է որ այդ պահին արձագանքած լիներ, ոչ թե որոշ ժամանակ անց հունից դուրս գար։ Նույնիսկ նախարարը իր գրառման մեջ չի նշում, որ ես իրեն հայհոյել եմ, չգիտեմ, որտեղից է այդ տեղեկությունը տարածվել»,- նշում է լրագրողը։

Հատված Փայլակ Ֆահրադյանի հետ media.am-ի հարցազրույցից 

Եթե Աննա Վարդապետյանի տեղեկատվության աղբյուրը Media.am-ի այս նյութն է, ապա անհասկանալի է, թե ինչու գլխավոր դատախազն ամբողջությամբ չէր ներկայացրել դրա բովանդակությունը, մասնավորապես այն, որ լրագրողը հերքել է հայհոյելու մասին տեղեկությունը։

Այսպիսով, գլխավոր դատախազը ԱԺ ամիբիոնից վերարտադրել է որևէ կերպ չհաստատված, իշխանական մեդիայի կողմից շրջանառվող պնդումները, իսկ հետագայում այդ պնդումները արդարացնելու նպատակով գերատեսչությունը դրանք վերագրել է Media.am-ի հոդվածին՝ այդպիսով խեղաթյուրելով մեր հոդվածի իմաստը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *