2022.09.12,

Տեսակետ

«Խոսելը սովորելու լավագույն ձևերից է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի կրթական համակարգում լուրջ փոփոխություններ են։ Հատկապես դպրոցում։ Եվ այն, թե ինչ ենք տալիս մեր երեխաներին ու ինչ ենք ուզում ստանալ նրանցից այս ինֆորմացիայով հագեցած միջավայրում, ամենակարևոր հարցերից է։ 

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը` պատմելով հանրակրթական պետական նոր չափորոշիչի մասին, առանձնացնում է նաև այն արագ ստացվող էֆեկտը, երբ երեխան լսելի է դպրոցում, զգում է, որ իրենից պահանջվում է ոչ միայն լինել դասի լուռ վկա ու հասցեատեր, այլև դառնալ դասի մասնակից։   

Եվ այստեղից էլ դպրոցականների ամենակարևոր հարցին՝ իսկ ինչու՞ գնալ դպրոց, հանուն ինչի՞, կարելի է տալ շատ պրակտիկ պատասխաններ։ 

Ժաննա Անդրեասյանը համոզված է, որ անգամ եթե փոփոխությունները դժվար են տեղի ունենում (համակարգը տարիների ընթացքում շատ է կարծրացել ու ժանգոտել), կոնկրետ դեպքերում կարելի է տեսնել արագ արդյունք։ 

Նոր կրթական չափարոշիչի հիմքում նաև մանկավարժական ինքնավարության գաղափարն է։ Այսինքն, հորիզոնական կապերը դպրոցների միջև, յուրահատուկ ցանցերի ստեղծումը, որտեղ պետությունը ունի ոչ թե ամեն ինչ որոշելու մենաշնորհ, այլ աջակցողի դերում է։ 

Ապրում ենք ինֆորմացիայի ահռելի ծավալով շրջապատված։ Մեդիան ոչ միայն գործիք է, այլև տոտալ միջավայր, որտեղ դպրոցը հաճախ շատ է ուշանում։ Ի՞նչ ենք ուզում, որ դպրոցականները անեն ինֆորմացիայի հետ։ 

Հատկապես մեդիայի մասով ավելի շուտ մենք կարող ենք սովորել մեր երեխաներից, քան սովորեցնել նրանց։ Եվ այստեղ կարիք ունենք նաև վերնայալու մեր մոտեցումը կրթությանը, որը ավանդական մեր պատկերացումներով՝ հիերարխիկ է։  

Այսինքն, հիերարխիկ հարաբերություններ են, որտեղ կա մեկը, ով սովորեցնում է և մյուսը, ով սովորում է։ Հիմա դերերը փոխվում են։ Մեդիայի և տեխնոլոգիաների զարգացումը, երեխաների արագ ընկալելու, փոխառելու, ստեղծագործելու ունակությունները ցույց են տալիս, որ այդ դերերը փոխվում են։ 

Եվ այստեղից է բխում այն կարևոր փոփոխությունը, որը ուզում ենք ստանալ դպրոցում։

Ուզում ենք, որ դպրոցը դուրս գա այդ միակողմանի գործընթացից, որտեղ մեկը ասում է, իսկ մյուսը՝ լսում։ 

Հիմա ունենք մի իրավիճակ, որ մեր երեխաները ավելի շատ սովորում են դպրոցից դուրս, քան դպրոցում։ Իսկ դպրոցը դարձել է մի տեղ, որտեղ նրանք ստանում են գնահատականներ։ Այսինքն, մեծ հաշվով տարիներ շարունակ ունեցել ենք այդ պիտակների հետևում իրական բովանդակության դատարկության իրավիճակ։  

Եվ այսօրվա փոփոխությունները միտված են նրան, որ տեղի ունենա կառուցվածքային փոփոխություն, որտեղ երեխան դառնա ուսումնական գործընթացի հավասարաչափ մասնակից, ներգրավվի ու կարողանա ակտիվորեն մտածել ու իր ճանաչողությունը դարձնել վարքագիծ, ոչ թե լինի միայն պասիվ հայեցողական դիրքում նստած լսող։ 

Եվ երկրորդ կարևոր կետը՝ բովանդակության փոփոխությունն է։ Այն, թե ինչ է երեխան սովորում դպրոցում։ 

Գնում ենք նաև նոր դասագրքերի ստեղծման ու տպագրության ճանապարհով։ Այն տեքստերը, որոնք սովոր էինք կարդալ, հիմա ուղղակի անընկալելի են՝ պատկերային հիշողության ու տեքստի կառուցման տեսանկյունից:

Ինչպես սովորել և ի՞նչ սովորել։ Այդ հարցերի շարքում է նաև՝ ինչու՞ սովորել։ Այդ հարցը շատ երեխաներ են տալիս։ 

Այո, և այդ հարցի պատասխանը մենք փորձում ենք հուշել պարտադիր դարձնելով նախագծային ուսուցումը։ 

Երեխան ինքնուրույն ընտրում է որևէ խնդիր, որը կարող է լինել թե՛ մեկ առարկայի, թե՛ մի քանի առարկաների հատման շրջանակում, թե՛ առնչվող իր համայնքին կամ միջավայրին։

Եվ այստեղից սկսում է սովորել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, որ տեսանկյունից հասկանալ այդ խնդիրը, ինչպես վերլուծել այն՝ զատելով կարևորն ու երկրորդականը։ 

Դա կարող է լինել ինչպես կիրառական նախագիծ (ասենք, կլիմայի պահպանություն), այնպես էլ ամբողջության հետազոտական։ 

Այս ծրագիրը նախորդ տարվանից փորձարկում ենք Տավուշում, իսկ 2023-ի սեպտեմբերից այն դառնալու է պարտադիր բոլոր դպրոցների յոթերորդ դասարանից սկսած։ Այսինքն, հիմա գտնվում ենք փորձարկման ու նախապատրաստման փուլում, բայց արդեն ունենք լավ արդյունքներ Տավուշում։ Եվ դա մեծ ոգևորություն առաջացնող մեթոդներից մեկն է, որովհետև երեխաները սովորում են ինքնուրույն գործ անել։ Ընդ որում՝ նախագիծը կարող է լինել թիմային։

Կարևոր է, որ երեխան ոչ միայն անհատապես հասնի որևէ արդյունքի, այլև աշխատի թիմում։  

Եվ մենք հրաշալի օրինակներ ունենք, երբ ուսուցիչն ու երեխան աշխատում են միասին և նախագիծը դառնում է սովորելու ամենաարդյունավետ ձևը։ Ընդ որում՝ ոչ մի հեծանիվ չենք հայտնագործել, 2015-ից հետո աշխարհի գրեթե բոլոր երկրները փոփոխել են իրենց կրթական չափորոշիչները՝ հիմքում դնելով հենց նախագծային ուսուցման մեթոդը։ 

Ուզում ենք, որ մեր երեխաները ունենան հնարավորություն բացահայտելու իրենց կարողությունները՝ հետազոտական, վերլուծական, քննադատական և այլն։ 

Եվ այստեղ առաջնահերթ է դառնում տեղեկատվության հետ աշխատանքը, ֆիլտրելու ու հղում անելու մշակույթը։ Այն, թե ինչպես գտնել ոչ թե պարզապես ինֆորմացիա, այլ պետքական ինֆորմացիա՝ թվային խառնաշփոթում։ 

Համաձայն եմ։ Այդ պատճառով էլ հանրակրթական պետական չափորոշիչում ունենք 8 հիմնական կարողունակություններ (կոմպետենցիաներ), որոնք ակնկալում ենք երեխայից դպրոցը ավարտելուց հետո։ Եվ դրանցից մեկը մեդիա կարողունակությունն է։ 

Կյանքի պահանջ է տեղեկատվական հոսքերի մեջ կարողանալ տարբերակել ստույգ, մտացածին ու թերի տեղեկատվությունը, ստուգել աղբյուրները, հասկանալ, թե որ տեղեկությունն է նշանակալի և ոչ նշանակալի, թեմայից հետ առնչվող կամ ոչ, գիտական ու կեղծ գիտական։  

Եվ միաժամանակ կարողանալ մասնակցել տեղեկատվական հոսքերի ստեղծմանը, իմանալ, թե ինչպես կառավարել դրանք։ 

Երևի այս հարցում շատ մեծ դեր ունի ուսուցիչը, այլապես այդ մեթոդը կդառնա զուտ ձևական։ 

Նույնիսկ ամենալավ չափորոշիչը կմնա թղթի վրա, եթե չկա այն ուսուցիչը, որը դա դարձնում է իրականություն։ Մենք շեշտադրումն անում ենք ուսուցիչների վերապատրաստման վրա, բայց դա երբեք չի կարող լինել ամենաարդյունավետ ձևը։ Ուսուցիչ պատրաստելու գործընթացը պիտի փոխել։ Դա կլինի խնդրի հիմնարար լուծումը։ 

Ուսուցիչներին վերապատրաստելը առաջին հերթին նշանակում է աջակցել նրանց։ Ոչ ոք չունի իրավունք համակարգի սխալների մեղքը բարդելու ուսուցիչների վրա, որովհետև մենք նրանց տարիներ շարունակ թողել էինք միայնակ։ Հիմա պետությունն ասում է, որ ուսուցչի վերապատրաստումը պետք է բխի ուսուցչի զարգացման կարիքից։  

Այս տարի փաստաթղթում նկարագրեցինք, թե ինչպիսի ուսուցիչ ենք ուզում ունենալ դպրոցում։

Ձևակերպեցինք ուսուցչի մասնագիտական ստանդարտները, չորս բաղադրիչով՝ առարկայի իմացություն, դասավանդման մանկավարժական հմտություններ, սովորողի կարիքի ճանաչում ու հետադարձ կապի ապահովում։ Եվ վերջում ինքնազարգացման ու մանկավարժական համայնքի զարգացման հմտություն։ 

Այսինքն, եթե ասում ենք լավ ուսուցիչ, սա նկատի ունենք։ 

Մանկավարժական կրթությունը շատ կարևոր է, հատկապես երբ այդքան արագ փոխվում են երեխաների կարիքները և դրանք այդքան բազմազան են։ 

Երեխաները թեև արագ են ընկալում նոր տեխնոլոգիաները, քանի որ թվային միջավայրը իրենց բնական ապրելակերպն է, բայց և ավելի շփոթված են։ Կարծես ընդունում են, որ մեծ ջանք գործադրել պետք չէ, և ավելի երկարատև կենտրոնացում պահանջելու դեպքում նահանջում են։ Ի՞նչ վտանգների է բախվում թվային սերունդը։ 

Իրականում մենք ապրում ենք ֆունդամենտալ փոփոխությունների շրջանում։ Եվ նույնիսկ մինչև վերջ չենք էլ գիտակցում դրանց հետևանքները։  

Օրինակ, կորոնավիրուսը ցույց տվեց այն բոլոր շերտերը, որոնք սովորական պայմաններում քիչ երևացող էին։ Հատկապես հեռավար ուսուցման ու երեխաների առօրյա սոցիալական շփման դադարեցման պայմաններում, մենք տեսանք, թե ինչպես են վերափոխվում մեր երեխաների կոմունիկացիոն հատկությունները։  

Օրինակ, տարածված ու տարածվող պարադոքսալ իրավիճակ է, երբ գրեթե բոլոր երեխաներն ունեն հեռախոս, բայց հեռախոսով չեն խոսում։

Անգամ բառի արմատն է հուշում, որ դա խոսելու, ձայնի մասին է, իսկ մեր երեխաները ձայն չեն արտաբերում, նրանք հիմնականում գրում են միմյանց։ Եվ ընդ որում՝ գրելուց էլ հաճախ օգտագործում են ոչ թե բառեր, այլ պատկերային միջոցներ։ 

Եվ սրա հետևանքն այն է, որ երեխաների բառապաշարը կրճատվում է։

Կան լեզվաբանական բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, թե որն է այն օրական նվազագույն բառապաշարը, որը ձևավորում է լեզվամտածողություն։ Ի վերջո, մտածողության (քննադատական, վերլուծական, ստեղծագործական) զարգացման հիմքը հենց լեզվամտածողությունն է։ 

Եվ սա իհարկե, ողջ աշխարհի կրթական համակարգի խնդիրն է։ Եթե երկու աշակերտ իրար կողք նստած ոչ թե խոսում են, այլ շփվում վիրտուալ նշաններով, նշանակում է, որ լուրջ փոփոխությունների շեմին են։ 

Եվ դպրոցը նրանցից պահանջում է կարդալ ու պատմել դասագրքում գրածը, որը նրանք ընկալում են որպես տհաճ ու մեխանիկական պարտավորություն։ Դպրոցը չի սովորեցնում միտք ձևակերպել, վիճել, հիմնավորել, ունենալ դիրքորոշում, ի վերջո, լավ խոսել։ 

Մեծ իմաստով, դպրոցը մեզ միշտ սովորեցրել է լռել։  

Մենք դպրոցում եղել ենք մեկը, որը պետք է լսեր ու արձագանքեր, երբ իրեն հարցում էին։ Իսկ այդտեղ խոսել չի պահանջվել։ Դա եղել է որոշակի ավանդույթ։ Հիմա մենք ուզում ենք, որ դպրոցը լինի մի տեղ, որտեղ խոսում են։ Ի վերջո, խոսելը սովորելու լավագույն ձևերից է։ 

Երբ խոսում ես, հնարավորություն ես ստանում «տեսնելու» քո մտքերը հնչած ու դրանով իսկ՝ վերամտածելու դրանք։  

Որքան քիչ են խոսում երեխաները դասի ժամանակ, այնքան բարդ է գործարկել քննադատական մտածողության չափորոշիչը։

Երեխաները պետք է լինեն ակտիվ, ներգրավվեն, մասնակցեն, իսկ դրա համար անհրաժեշտ է երկխոսություն։  

Կարծում եմ՝ առանց դրա շատ բարդ կլինի մեր երեխաներին պահել դպրոցում։  

Այստեղ կա նաև այլ կարևոր բան՝ դպրոցը չպիտի կոնֆլիկտի մեջ մտնի մյուս միջավայրերի հետ, որտեղ երեխան սովորում է (ոչ ֆորմալ դասընթացներ, խմբակներ, սպորտային կամ երաժշտական դպրոցներ և այլն)։ Դպրոցը պետք է դառնա համագործակցող, համակարգող ու զարգացնող մարմին։ Եվ երեխան էլ տեսնի, որ դպրոցը կապում է իր բոլոր հետաքրքրությունները։

Ի վերջո, կարևորը սովորելու պրոցեսն է, որը չպիտի ճանաչի սահմաններ՝ դպրոցի պատերի ներսում է, թե դրսում։ 

Ավագ դպրոցում ներմուծում ենք կրեդիտային համակարգ, որով արտադպրոցական զբաղվածությունը ևս կնեռարվի ուսուցման մեջ։ Հիմա մենք համագործակցելու ենք FAST հիմնադրամի հետ, որը մշակել է արհեստական բանականության դասընթաց։ Եվ եթե ցանկացողներ լինեն սովորելու այդ դասընթացը, հետագայում կկարողանան այդ կրեդիտը տանել նաև բուհ։  

Եվ երեխան կհասկանա, թե ինչ կապ ունի այսօր դպրոցում իր սովորածը վաղը ընտրած մասնագիտության հետ։ 

Կրեդիտային համակարգի մասին քննարկում ենք նաև Ագրարային համալսարանի հետ։ 

Ավագ դպրոցը պիտի դառնա երեխայի որպես անձի կարողությունների զարգացման ու մասնագիտական պատրաստման օղակ։ Եթե դա չեղավ, բնականաբար երեխան ամեն օր հարցնելու է՝ ինչու՞ եմ գնում ավագ դասարան։ 

Կրթական հին չափոփորշիչը թվարկում էր, թե երեխան որ առարկայից ինչ պիտի իմանա։ Նորը նկարագրում է վերջնարդյունքները։ Այսինքն, ինչ ես ուզում ստանալ ոչ միայն ուսուցման վերջում, այլև ամեն դասի ավարտին։  

Հավատացնում եմ, որ երբ երեխան պարզ գիտակցում է, թե իրենից ինչ է ակնկալվում ու ինչ արդյունքի է նա հասնելու վերջում, հարցը, թե ինչու պիտի սովորեմ, դուրս է գալիս։ 

Այդ ժամանակ երեխաների հարցերն ունեն պատասխաններ։  

Դպրոցում կա նոր առարկա, որը սկսվում է երկրորդ դասարանից ու կոչվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն»։ Ի՞նչ նպատակի ենք ուզում հասնել այդ առարկայով։ 

Այն սովորեցելու է երեխաներին, թե ինչպես օգտագործել մեդիա գործիքները և դրանց միջոցով սովորել։ Որ իրենք դառնան նաև մեդիա բովանդակություն ստեղծող ու շրջանառող։ Այդ խնդիրը դրված է նաև մյուս առարկաների վրա։

Օրինակ, հայոց լեզվի ու գրականության ուսուցման ընթացքում կա պահանջ, որ որոշ թեմաներ երեխան ներկայացնի մուլտիմեդիա գործիքների միջոցով (ասենք, սահիկաշարի)։  

Այսինքն, մեդիագրագիտությունը ոչ միայն առանձին առարկա է, այլև մեթոդ, որը ներկառուցված է այլ առարկաների ուսուցման մեթոդաբանության մեջ։ 

Հաճախ կարելի է լսել կարծիք, որ դպրոցներում պետք է արգելել հեռախոսները։ Իհարկե, կարող ենք վերցնել երեխայից հեռախոսն ու մի քանի ժամ չվերադարձնել, բայց հենց երեխան դուրս գա դպրոցից, նա վերցնելու է հեռախոսը և անելու է մի բան, որը միգուցե չէր անի, եթե դպրոցում սովորեցնեինք հեռախոսը օգտագործել։ 

Մեր նպատակը ոչ թե արգելելն է, այլ ցանկացած տեխնոլոգիա օգտագործելը ի նպաստ սովորելու։ Այդ թվում նաև հեռախոսի օգնությամբ սովորելու։

Ինչպես, ասենք, տեղի ունեցավ համավարակի ժամանակ, երբ հեռախոսը դարձավ հեռավար ուսուցման հիմնական գործիքը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հեռախոսին։ Դպրոցում ցանկացած բան կարող է դառնալ սովորելու ու սովորեցնելու գործիք։  

Եվ լավ ուսուցիչները հենց այդպես էլ վարվում են։ Եվ նույնիսկ անբարենպաստ իրավիճակում գտնում են սովորեցնելու ձևն ու գործիքը։ 

Իսկ ո՞րն է իդեալական դպրոցը։ 

Հայաստանում կան նման դպրոցներ։ Եվ շատ եմ ուզում, որ մենք հասկանանք, որ իդեալական դպրոցը տեսություն չէ, որ այն մեր կողքն է, կա, պարզապես պետք է կարողանանք տեսնել ու նաև սովորել միմյանցից։  

Կուզեի պատմել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի դպրոցի մասին, որտեղ աշխատող ավագ տարիքի ուսուցիչները որոշեցին դուրս գալ աշխատանքից ու իրենց տեղը զիջել երիտասարդներին, որ նրանք մնան ու աշխատեն հարազատ գյուղում։ Իհարկե, ավագ ուսուցիչների փորձը հիմա էլ օգտագործվում է դպրոցում, և դա հիանալի է, բայց այստեղ կարևոր էր հանրային համերաշխության ժեստը։  

Այդ դպրոցը դարձել է խնամված, կազմակերպված, զարգացնող ու զարգացող միջավայր։ Այնտեղ բոլորն ունեն անելիք։ Եվ դա սովորական պետական դպրոց է, որտեղ մարդիկ ստանում են սովորական աշխատավարձեր, բայց ունեն շատ ավելի մեծ հոգսեր, քանի որ գտնվում են սահմանին։ 

Եվ նման դպրոցներ Հայաստանում շատ են։ Սովորաբար դրանք այն դպրոցներն են, որոնց մասին մենք չգիտենք, չենք խոսում, այդ թվում նաև մեդիայում։ 

Ընդհակառակը, տեսնում ենք մեդիայի շատ վատ ազդեցությունը։ Բոլորս խոսում ենք, թե որքան կարևոր է կրթությունը, բայց այդ կրթության մասին խոսում ենք շատ անզգույշ։  

Երբեք չենք մտածում, թե ինչպես ենք արտահայտվում մեր ուսուցիչների մասին, որոնց մեջ կան մարդիկ, ում ճանաչելը մեծ պատիվ է։

Ընդհանրապես ուսուցչի մասնագիտությունը անասելի կարևոր է։ Հայաստանում ունենք 30 000 ուսուցիչ։ Եվ եթե կարողանանք փոփոխություններ անել, ապա միայն նրանց շնորհիվ։ 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Խոսելը սովորելու լավագույն ձևերից է»”
  1. Վարուժ Գասպարյան says:

    Իհարկե տիկին Անդրեասյանի նշած բարեփոխումների արդյունքում կունենանք ստեղծարար, քննադատական աճող սերունդ, բայց միայն այն դեպքում երբ այն կրի երկարաժամկետ ընթացք այլ ոչ թե ձևական բնույթ։ Իհարկե կրթական ոլորտի բարեփոխումների առաջիկա ծրագրերը շատ են և խոստումնալից, բայց տիկին Անդրեասյան մի պահ մտածենք այն մասին թե երիտասարդները ինչու չեն ցանկանում դառնալ այն մարդիկ, ովքեր ի կատար պետք է ածեն այն ծրագրերը որոնց մասին ինքներդ եք խոսում, այն մարդիկ ովքեր կրթելու են սերունդ ձեր նշած նոր մոտեցմամբ։ Ամբողջ Հայաստանը ողողված է խոստումնալից ստով։ Մեզ պետք է հիմքային փոփոխություններ այլ ոչ այժմյա նշված ծրագրերը։ Ձեր նշված սահմանամերձ գյուղերում երիտասարդ չի մնացել ու մենք խոսում ենք բարեփոխման մասին այն դեպքում երբ պայման չկա ստեղծված երիտասարդների համար, որպեսզի մնան իրենց իսկ ծննդավայրում։ Եթե ամեն ինչ անկեղծ է և նպատակը համապատասխանում է հնչեցված խոստումներին ուրեմն բարեփոխումներն սկսենք հենց արտագաղթի հոսքի նվազեցման ծրագրեր մշակելուց, կրթական ոլորտի աշխատողներին էլ ավելի լավ վերաբերմունք ցույց տալուց, թե նյութական և թե բարոյական…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *