2020.12.01,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. նոյեմբեր

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը, հայկական կողմի պարտվությունը և դրան հաջորդող բողոքի ալիքը տարածաշրջանում նոյեմբերի ընթացքում ապատեղեկատվությունների, դավադրության տեսությունների առիթ դարձան։ Դրանք հիմնականում գալիս էին ադրբեջանական և ռուսական աղբյուրներից։

Ըստ Մարգարիտա Սիմոնյանի՝ ռուսական առաջարկը ԱՄՆ-ի հետ երկար է քննարկվել, իսկ Արցախի դրոշն այլևս ռուսական եռագույնով է

Russia Today և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անցնող ամիս Արցախի վերաբերյալ գրառում կատարեց ու խոսեց հեռուստատեսությամբ։

? Սիմոնյանը նոյեմբերի 13-ին սոցիալական ցանցերում տեղադրեց Արցախի դրոշը՝ ռուսական եռագույնով։ Պնդեց՝ այն տարածվում է սոցցանցերի հայկական տիրույթում՝ «Ղարաբաղը Ռուսաստան է» իմաստով։ 

Իլյուստրացիան հայ օգտատերերը հազիվ թե տարածեին՝ հաշվի առնելով դրա աղբյուրը։ Դրա հեղինակը ոչ թե հայ, այլ ադրբեջանցի Գունդուզ Աղաևն է։ Վերջինիս տեղադրած այս պատկերը տասնյակ կիսումներ և հազարից ավել հավանում ունի։ Մարգարիտա Սիմոնյանի տարածած նկարում հեղինակի ստորագրության հատվածը հեռացված է։ 

? Օրեր անց Սիմոնյանը НТВ-ի “Говорит Москва” հաղորդման ընթացքում, ի լրումն հաղորդավար Ռոման Բաբայանի հարցի, Փաշինյանին խնդրեց մեկնաբանել իր ունեցած տեղեկությունը։ Այն է՝ արդյո՞ք հրադադարի հայտարարության ռուսական առաջարկն ընդունելու համար նա ԱՄՆ-ի հետ երկար ժամանակ խորհրդակցել է։

Սրանից մեկ օր անց՝ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Փաշինյանը։ Սիմոնյանի հարցը փոխանցել էր իր իսկ ղեկավարած Սպուտնիկ ցանցի հայկական ծառայությունը (տեսանյութում 48:50 րոպեից)։

Վարչապետ Փաշինյանը հերքեց տեղեկությունը՝ այն համարելով «անհեթեթություն» և «մանիպուլյացիա»։ Տեղեկացրեց, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ մեկ ամսվա ընթացքում ունեցել է 5 խոսակցություն։ Քննարկվել են ամերիկյան առաջարկները և ԱՄՆ-ի՝ հրադադարի նախաձեռնությունը։ 

Գերեվարված սիրիացի վարձկանը «դիփ ֆեյք» չէ

Ադրբեջանը հերքում է Արցախի երկրորդ պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման փաստը։ Սրա մասին հայտարարել են Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, միջազգային մամուլում հրապարակվել են վարձկանների խոստովանությունները, ցանցում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութեր, որոնք տեղորոշվել են Ադրբեջանի տարածքում։ 

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը վարձկանների ներգրավման լուրը ռուսական պրոպագանդա է անվանել, որի նպատակն է պատերազմական գործողություններին ռուսական մասնակցության համար հող նախապատրաստելը։

Սակայն, անկախ բոլոր ջանքերից, պատերազմի օրերին ավելացան իրեղեն ապացույցներ՝ գերեվարված սիրիացիները։ Ինչպես նախորդ ապացույցերը «ֆեյք նյուզ», այնպես էլ գերի ընկածին ադրբեջանում «դիփ ֆեյք» անվանեցին։ 

Ադրբեջանցիների կողմից հիմնադրած ednews.net-ը, “Azerbaijani Realities”-ին հղում տալով գրեց, իբրև գերեվարված սիրիացին «դիփ ֆեյք է»։ Նա ոչ թե սիրիացի է, այլ հայկական կողմից կռվող «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամ է։

Այս լուրը ապատեղեկատվություն է մի քանի դրվագով․

❌ Չկա որևէ ապացույց, որ հայկական կողմից կռվել են «Քրդական աշխատավորական կուսակցության» անդամներ։

❌ Նկարում երևացող և հարցաքննություն տված անձինք ակնհայտ կերպով նույն մարդիկ չեն։

❌ Նկարում երևացող երիտասարդը հայկական կողմից կռվող տեղացի եզդիական համայնքից է։ 

❌ Կայքը կիրառել է սխալ տերմին։ Եթե անգամ պնդումը ճիշտ լիներ, սա կարող էինք անվանել կեղծիք/ մանիպուլյացիա լուսանկարի միջոցով, բայց ոչ մի կերպ «դիփ ֆեյք»։

Deep Fake-ը տերմին է․ ալգորիթմի միջոցով անձի նկարները/ տեսանյութերը օգտագործելով ստանում են նույն անձի մասնակցությամբ տեսանյութ, որը իրականին մոտ է, բայց իրական չէ։ Այն դժվար տարբերակելի է և մեծ մարտահրավեր փաստեր ստուգողների համար։ Այստեղ Deep Fake-ի  մասին կարող եք ավելին իմանալ the New York Times-ից։

Դադիվանքի ալբանականացում․ ադրբեջանական քարոզչական ջանքեր

Մինչ որոշվում էր Ադրբեջանին հանձնվող Քարվաճառի շրջանում գնտվող միջնադարյան Դադիվանքի պահպանության հարցը, Ադրբեջանի Մշակույթի առաջին փոխնախարարը թվիթեց, թե Խուդավանգը (նույն Դադիվանքը) «հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից մեկն է»։

Ednews.net կայքը թեման զարգացրեց․ ցիտեց Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականին, թե հայերի՝ վանքի «հայաֆիկացումը» կեղծիք է։

Այս թեմային անդրադարձել է «Կարնեգի Եվրոպա»-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վալը։ Նա հերքել է վանքի ալբանական լինելու պնդումը՝ վկայակոչելով դրա հայկական ոճը և հայալեզու արձանագրությունները։ Նաև հիշեցրել է` Արցախի հայկական եկեղեցիների ալբանականացման թեզի արմատները գնում են 1960-ականներ։ Դրա հեղինակը Խորհրդային Ադրբեջանի գիտնական Զիա Բունիաթովն է։ 

Ադրբեջանում Վիքիպեդիայում սխալ տեղեկություն տեղադրելը բնավորություն է դառնում

? Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահների զորքը գլխավորելու է գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Շուտով ադրբեջանական կայքերը տեղեկություն տարածեցին, իբրև նա ադրբեջանցի է։ 

Media.am-ն անդրադարձել է հայկական կողմում անհանգստություն առաջացրած լուրին ու պարզել, որ այն սխալ է։ Ապատեղեկատվությունը տարածվել է Վիքիպեդիայում նույն օրը կատարված սխալ խմբագրումից հետո։ Մինչև այդ զինվորականի ազգությունը նշված էր թաբասարան։ 

Անանուն օգտատիրոջ այս խմբագրումից քիչ անց ադրբեջանական քարոզչական ամենաակտիվ  հարթակներից մեկը՝ haqqin.az-ը գրեց, թե Մուրադովը ադրբեջանցի է։ Շուտով, սակայն, տեղեկությունը ուղղվեց Վիքիպեդիայում։ 

? Երկրորդ դեպքում ադրբեջանցի օգտատերը Վիքիպեդիայում կեղծ տեղեկություն էր տեղադրել, իբրև Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանն արմատներով ադրբեջանցի է։ Այս լուրին անդրադարձել է infocom-ը։

ԱՄՆ-ի օգնությամբ հեղափոխություն և սորոսական կառավարություն․ ի՞նչ նպատակներով

ԱՄՆ-ի և Սորոսի թեման կարմիր գծով անցնում էր ռուսական քարոզչական News-front-ում։ Այս հարթակը ինֆորմացիոն ճակատում մեծ դերկատարում է ունեցել Ղրիմի իրադարձությունների ժամանակ։ Հայ-ադրբեջանական հակամարտության զարգացումներն այն օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար։ Այն արել է հուլիսյան էսկալացիայի ժամանակ, նույնը կրկնել Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում։

Կայքը մի դեպքում մեջբերել է ուկրաինացի բլոգերին՝ «այն երկրներում, որտեղ կա Սորոսի Վերածննդի ֆոնդ, վերածննդի հոտ չկա, այլ միայն ավերածություն, միայն ավերակներ Սորոսի կողմից երկրի թալանից հետո»։ Նյութը վերնագրված է՝ «Սորոսի «Վերածնունդ» հիմնադրամը պարտվեց Հայաստանում – Սկուբչենկո»։

Մեկ այլ դեպքում Սորոսի ազդեցության մասին ուկրաինացի նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկի ֆեյսբուքյան գրառումն է հրապարակվել․ «․․․ Հայաստանում, ինչպես Ուկրաինայում, ռուսական դպրոցները փակել են, լրատվամիջոցներում ռուսերենի օգտագործումը սահմանափակել։ Այնպես ինչպես Ուկրաինայում նրանք հույս ունեին Սորոսի օգնության մասին: Սորոսը նրանց օգնե՞ց»:

Կայքի հարցազրույցներից մեկի ընթացքում Ուկրաինայի նախագահին և Հայաստանի վարչապետին անվանում են «соросенок» (տեսանյութում 3:30 րոպեից)։ Հարցազրուցավար Սերգեյ Վասիլյովսկին պնդում է, թե Փաշինյանը նշանակվել է ԱՄՆ-ի կողմից՝ Ղարաբաղը հանձնելու և տարածքային խնդիրը կորցնելով ՆԱՏՕ-ին միանալու համար (տեսանյութում 6։28 րոպեից)։

Հայկական կայքերում թարգմանվել էր նույն կայքի հոդվածը, որտեղ կոչ էր արվում չլսել «քեռի Սորոսի դրածոներին» և «ընդունել մեկ պարզ ճշմարտություն», որ «Հայաստանը կարող է գոյատևել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում, իսկ իդեալականն է ընդհանուր պետության մաս կազմելը»։

Սոլովյովը մի շարք ապատեղեկատվություններ է տարածել

Ռուսական «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման և այն վարող Վլադիմիր Սոլովյովի տարածած ապատեղեկատվություններին անդրադարձել են հայկական դաշտում։

❌ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 15-ին գրառում կատարեց, որ Սոլովյովի հաղորդման ժամանակ Արամ Գաբրիելյանովը ապատեղեկատվություն է տարածել։ Իբր պատերազմի օրերին Պողոսյանը զանգել է նրան և քննարկել «ՎարԳոնզո»  նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի Արցախից հեռացնելու հարցը:  «Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. Նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան», – գրել է Պողոսյանը:

❌ Մեկ այլ դեպքում infocom-ը գրեց, որ Սոլովյովը Թվիթերի իր միկրոբլոգում ապատեղեկատվություն է տարածել․ Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրել Իսրայելից՝ The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարության համար։ Իրականում նա ցավ է հայտնել, որ իր կոշտ քննադատություններով հարցազրույցի հրապարակումից «ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով»։

Շուշիի մերձակայքում երկու կողմից 2000 դիերի լուրը չի հաստատվում

Ռուսական Русская весна պորտալը նոյեմբերի 25-ին գրել էր, որ ռուս խաղաղապահները Շուշիի մերձակայքում հայտնաբերել և յուրաքանչյուր կողմին փոխանցվել են ավելի քան 2 հազար դի։ Այս տեղեկությունը տարածվեց հայկական լրատվական կայքերում։

FIP.am-ը Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից պարզեց, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 200 հայ զինծառայողի մարմին։ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարել է 200 փոխանակված աճյունների մասին։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *