2011.01.18,

Նյուսրում

Հ1-ի եթերում օրենքի խախտումներ. Ամալյանը պատասխանում է

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նամակով դիմել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին՝ ներկայացնելով 2010 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2011 թվականի հունվարի 1-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի եթերում դիտարկած ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Գովազդի մասին» օրենքների մի քանի դրույթների խախտումները:

«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ՝ Հ1-ի առավոտյան ժամը 07:52:26-ից մինչեւ 24:00:00-ը 16 ժամ 07 րոպե 34 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 01 րոպե 57 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 12,6 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոս չափը, եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով կամ սահմանվածի 80 տոկոսի չափով:

Ակումբը արձանագրել է նաեւ, որ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում տասներկու անգամ գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը՝ օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը:

«Վեց դեպքում առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված առավելագույն չափը): Ժամը 22:50:41-ից մինչեւ 23:44:29 հեռարձակված «Ռետրո-22.30» հաղորդումը հեռարձակվել է 0:00:22, 0:10:12, 0:11:53, 0:18:52, 0:06:37 տեւողությամբ հինգ մասերով եւ ընդմիջվել է գովազդային եւ հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկներով, ինչով խախտվել է  ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ հոդվածի պահանջը»,- ասվում է նամակում:

«Ասպարեզ» ակումբի կողմից կատարված դիտարկումը ցույց է տվել, որ ժամը 00:00:00-ից մինչեւ 24:00:00-ը 24 ժամ ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 20 րոպե 28 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 9,75 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը՝ այն գերազանցելով 5,6 տոկոսով կամ սահմանվածի 39,2 տոկոսի չափով:

«Ասպարեզ» ակումբի դիտարկմամբ՝ 2011 թվականի հունվարի 1-ին Հ1-ի եթերում տասներեք անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը՝ օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը: Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 11 ժամերի դեպքում:

Ժուռնալիստների ակումբն արձանագրել է նաեւ այլ հաղորդումների եւ սերիալի ընթացքում ՀՀ «Գովազդի մասին» օրենքի խախտումներ:

Լեւոն Բարսեղյանը նամակին կից ուղարկել է նաեւ Հ1 հեռուստաալիքի 2010 թվականի դեկտեմբերի 31-ի եւ 2011 թվականի հունվարի 1-ի բոլոր հաղորդումների իրենց վերծանման աղյուսակը՝ խնդրելով քննության առնել նշած փաստերը եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխան նամակ է ուղարկել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին՝ տեղեկացնելով, որ «բարձրացված խնդիրները պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն, որոնց եւ ձեռնարկված միջոցառումների մասին կտեղեկացնեն ավելի ուշ»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը շարունակում է Հ1 հեռուստաալիքի դիտարկումը, որի եթերում առեւտրային գովազդի ծավալների մասին հաջորդիվ հայտարարություններով հանդես կգա առաջիկայում` հաղորդումների մանրամասն վերծանումների ընթացքին զուգահեռ: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *