Գտիր լրագրողին համամասնական ցուցակներում

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների և դաշինքների ցուցակներում շատ հայտնի ու անհայտ լրագրողներ են ընդգրկված։

«Իմ քայլը» դաշինք

«Ամենալրագրողական» ցուցակը մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքինն է։ Նրանցից ոմանք արդեն նախկին լրագրող կամ խմբագիր են, այժմ զբաղեցնում են պետական տարբեր պաշտոններ։

183 հոգանոց ցուցակի համապատասխանաբար 33-րդ և 45-րդ տեղերում են Փաշինյանի սեփականությունը հանդիսացող «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին և ներկա լրագրողներ Վահագն Հովակիմյանն ու Հայկ Գևորգյանը։

Դաշինքի 3-րդ համարը պատգամավոր Լենա Նազարյանն է, որը տարիներ առաջ եղել է «Հետք»-ի բնապահպանական հարցերով թղթակիցը։ Ցուցակի 6-րդ համարում Ալեն Սիմոնյանն է, որը հանդիսանում էր AraratNews-ի խմբագիրը։

«Իմ քայլը»-ը դաշինքի նախընտրական ցուցակում են նաև «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի նախկին խմբագիր Զարուհի Բաթոյանը, Lurer.com կայքի նախկին խմբագիր Դավիթ Սանասարյանը, լրագրող, SOS նախագծի նախկին սցենարիստ Արեն Մկրտչյանը։

Տեղական և միջազգային մի շարք լրատվամիջոցների («Առավոտ», «The Guardian», «Eurasianet.org», «Երկիր Մեդիա») լրագրող Գայանե Աբրահամյանը նույնպես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում է։

Ցուցակի 28 համար Լուսինե Բադալյանը երկար տարիներ հեռուստատեսության և ռադիոյի եթերում հաղորդումներ է վարել, այժմ աշխատում է 1in.am կայքում։

Հայկ Կոնջորյանը հանրության լայն շրջանակներին առաջին հերթին հայտնի է Lragir.am-ում և ParaTV-ում իր նախագծերից։ Para TV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Արթուր Հովհաննիսյանը նույնպես պատգամավորության թեկնածու է։

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նույնպես «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում է։

Ցուցակում է նաև վարչապետի պաշտոնականատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ Նա 2016թ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում։

Անակնկալ էր «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի աշխատակից, լրագրող Սիսակ Գաբրիելյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու հայտը։ Նա նույնպես «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում է` 67-րդ տեղում։

71 համարը տնտեսագետ, տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանն է,  

75 համարը՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը։

Հանրային կապերի մասնագետ, լրագրող Անուշ Բեղլոյանը ցուցակի բարձր դիրքում է՝ 30-րդ տեղում։ Իշխանական դաշինքի ցուցակում ընդգրկված է նաև «Ցայգ» հեռուստաընկերության աշխատակից Նազելի Բաղդասարյանը։

81-րդ տեղում «Սիվիլնեթի» նախկին լրագրող Սարգիս Խանդանյանն է, 119-ում՝ արձակագիր, «Հրապարակ» օրաթերթում պատմվածքների շարքով և հոդվածներով հանդես եկած Համբարձում Համբարձումյանը։

Գործող պատգամավոր, մասնագիտությամբ դերասան, armtimes.com կայքում օպերատոր աշխատած Հրաչյա Հակոբյանը նախավերջին 182-րդ տեղում է։

«Մենք» դաշինք

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքում հինգ լրագրող է ընդգրկված։ Նրանք են՝ armenianow.com կայքի խմբագիր, ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս,  «Սպուտնիկ Արմենիա»-յի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը, PR մասնագետ Աստղիկ Ավետիսյանը, «Իրատես» թերթի խմբագիր Անահիտ Ադամյանը, լրագրող Սոնա Մինասյանը։ Դաշինքի երրորդ համարը «Հայք» և «Ժամանակ» թերթերի, 1in.am կայքի նախկին լրագրող Անժելա Խաչատրյանն է։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Նորաստեղծ կուսակցության ցուցակում երկու լրագրող կա՝ Թեհմինե Ենոքյանը, որը ներկայումս աշխատում է Պետական վերահսկողական ծառայությունում, և Մարիամ Չախոյանը, որը «Հետք»-ի նախկին թղթակիցներից է։

«Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստան»-ի 175 հոգանոց ցուցակի 4-րդ համարը «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին քաղաքական մեկնաբան Նաիրա Զոհրաբյանն է։ Կուսակցության ցուցակում է նաև լրագրող, «Կենտրոն» TV տնօրեն Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ-ի կողմից առաջադրվել են Վարուժան Բաբաջանյանը, որը մի քանի կայքի և «Փաստ» օրաթերթի սեփականատերն է, ինչպես նաև Հանրային ռադիոյի լրատվական ծառայության տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը։

«Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության երրորդ անցողիկ տեղում «Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի հիմնադիր և խմբագիր Արման Բաբաջանյանն է։

Կուսակցության ցուցակում կա նաև ռադիոլրագրող, «Սիսիանի ձայն» թերթի նախկին լրագրող, ապա՝ խմբագիր, «Երկիր Մեդիա» և «Շանթ» հեռուսաընկերությունների լրատվական ծրագրերին թղթակցած Սրբուհի Գևորգյանի անունը։

ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության 152 անունից բաղկացած ցուցակում երեք գործող լրագրող կա։ 30-րդը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական–քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանն է։ 32-րդ համարը «Երկիր» կայքէջի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանն է։ Նրան հաջորդում է «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Արտյուշ Շահբազյանը։

ՀՀԿ

Եթե համարենք, որ Արմեն Աշոտյանը նույնպես լրագրողական ընտանիքի անդամ է, քանի որ Առաջին ալիքի եթերում հեղինակային քաղաքական ծրագիր վարելու փորձ ուներ, ապա ՀՀԿ ցուցակում հինգ լրագրող կա։ Նրանք են՝ Slaq.am կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը, «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը, 4news.am կայքի տնօրեն Լիլիթ Հովակիմյանը և «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրության խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը։

«Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» կուսակցության չորրորդ համարը «Գալա» TV-ի լրագրող Հերմինե Մկրտչյանն է։ Կուսակցության ցուցակում է նաև «Իրավունք», «Հրապարակ» և «Առավոտ» թերթերի նախկին լրագրող Գոհար Արշակյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»

ՔԺՎ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է քաղագետ Լևոն Շիրինյանը, որը հեղինակային հաղորդում ունի «Լրատվական ռադիոյում»։

ՕԵԿ և «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակներում լրագրողների անուններ չենք հայտնաբերել։ Այս և մյուս կուսակցությունների և դաշինքների ցուցակներում գտեք լրագրողների, ընդհանրապես մեդիայի ոլորտում աշխատած կամ աշխատողներին, մեր շարքը շարունակեք մեկնաբանություններում։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *