Մինչև Հայաստանում գրանցվում են կորոնավիրուսի կրկնավարակներ, մեդիան և քաղաքական գործիչները շարունակում են միֆեր տարածել դիմակների և պատվաստումների մասին։ Միաժամանակ, դավադրության տեսությունների հետևորդները փորձում են շրջանցել Ֆեյսբուքի հսկողությունը։
Դիմակները նորից դարձան քաղաքական պայքարի գործիք
Վերջին օրերին 5-րդ ալիքը միանգամից մի քանի ռեպորտաժ պատրաստեց դիմակների մասին, որոնցում առկա էին նույնաբովանդակ կեղծ կամ մանիպուլյատիվ պնդումներ։ Օրինակ, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը 5-րդ ալիքի եթերում պնդեց, թե «չկա որևէ գիտական ապացույց, չկա, աշխարհում գոյություն չունի, որ դիմակը ինչ-որ կերպ փրկում, ազատում կամ զսպում է վիրուսի տարածումը։
❌ Այս պնդումը սուտ է․ առողջապահության մասնագետները հիմնականում միակարծիք են, որ դիմակների զանգվածային կրումը՝ սոցիալական հեռավորության և ձեռքեր լվալու հետ միասին օգնում են դանդաղեցնել վիրուսի տարածումը։
Ղազինյանի պնդումների հետ մեկտեղ 5-րդ ալիքի հաղորդավարը հայտարարեց, որ «դիմակը դրսում մոտ 20 րոպե կրելուց հետո արյան մեջ թթվածնի պարունակությունը 100-ից իջնում է 92-ի»։
❌Սա նույնպես կեղծ պնդում է․ բժշկական դիմակները չեն խանգարում շնչել և չեն առաջացնում թթվածնային քաղց։ Թե՛ հիմա, թե՛ մինչև համավարակի սկսելը դիմակ կրում են շատ բուժաշխատողներ, հաճախ՝ մի քանի ժամ շարունակ։
Կեղծ պնդումներ պարունակող 5-րդ ալիքի ռեպորտաժը վերջին օրերին նոր թափ հավաքած հակադիմակային շարժման միայն մեկ օրինակն է։ Հուլիսի վերջին դիմակների հորինված վտանգների մասին խոսում էր ոչ միայն 5-րդ ալիքը, այլև Yerevan.Today-ը, Hayeli.am-ը, ArmNews TV-ն, Tert.am-ը։ Այս բոլոր լրատվականները կապված են նախկինում իշխող քաղաքական գործիչների կամ կուսակցության հետ։
Դիմակներին դեմ էին արտահայտվում նաև առանձին քաղաքական գործիչներ․ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
Ե՛վ քաղաքական գործիչները, և՛ քաղաքական գործիչների հետ փոխկապակցված լրատվամիջոցները անում էին նույն սխալ պնդումները այն մասին, թե բաց տարածքում կամ մեքենայի մեջ դիմակ կրելը անիմաստ է և վնասակար առողջության համար։
Դիմակների դեմ հնչում էին նաև քաղաքական պայքարից դուրս կարծիքներ։ Այդպես, բաց տարածքներում և մեքենայի մեջ դիմակ կրելու անհրաժեշտություն չէր տեսնում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Կորոնամիֆեր տարածող բժիշկները հերթական անգամ հայտարարեցին համաճարակի վերջը և պնդեցին, թե կորոնավիրուս չէ՝ էբոլա ենք վարակվում
Բժիշկ Հայկ Մանասյանը հայտարարեց, որ համավարակի թափը ընկել է Հայաստանում․ դեպքերի թիվը 10,500-ից հասել է 9,900-ի, «ուրեմն էլ ի՞նչ կա բզբզելու»։
Մանասյանը արդեն տևական ժամանակ է պարբերաբար հայտարարում է համավարակի վերջը։ Ավելին, նա նախկինում կեղծ պնդումներ և դավադրության տեսություններ է տարածել կորոնավիրուսի մասին։
Մեկ այլ բժիշկ՝ Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, թե «կորոնավիրուսի անվան տակ տարածել են էբոլա»։ Թե ով է տարածել և ինչու է էբոլա տարածել, Խաչատրյանը չէր մեկնաբանում։
Պատվաստումների մասին դավադրության տեսությունների պակաս չկար
Պաշտպանիչ դիմակներից հրաժարվելու քաղաքական ակցիայից բացի մեդիան լուսաբանում էր նաև հակապատվաստումային արշավները։
? Սունկ կայքերը տագնապ առաջացնող վերնագրերով տարածում էին «չփորձարկված» պատվաստումների մասին ֆեյսբուքյան ստատուսներ։
? Համացանցում տարածվում էր պատվաստումների մասին դավադրության տեսություններ պարունակող ռուսական տեսահոլովակ՝ հայերեն նախաբանով։ Այս տեսահոլովակը ուղեկցվում էր «ՈչՊատվաստումներին» և «ՄիԿրիրԴիմակ» հեշթեգերով։
?Բժիշկ Հայկ Մանասյանը պատվաստումների օգուտը չէր հերքում, բայց ուզում էր, որ նորարարական պատվաստումներ չլինեն․ լինեն հները, որոնք մշակվում են տասնամյակներով։
Մանասյանի պնդումները հատկապես հետաքրքիր են, քանի որ նա ճիշտն ու սուտը խառնում է իրար՝ արդյունքում անելով մոլորեցնող պնդումներ։ Օրինակ, նա հայտարարեց, որ չի հավատում դավադրության տեսությունների, բայց անմիջապես հետո կրկնեց հայտնի դավադրության տեսությունը․ այս ամենը արվում է, որպեսզի հող նախապատրաստվի «վակցինա բերելու համար»։
Ավելին, Մանասյանը նույնպես Առողջապահության նախարարության ետևում տեսավ օտարերկրյա չար ուժեր և պնդեց, որ ԱՆ-ն կատարում է այն մարդկանց հրահանգները, որոնք որոշել են փորձարկումներ անել մարդկության վրա։
100,000-ից ավել դիտում հավաքած ֆեյսբուքյան լայվում Մանասյանը նաև կասկածեց, թե պատվաստումները այդքան էլ նոր չեն․ միգուցե դրանք շուտվանից կային, իսկ հիմա «ռասխոդ» են արվում։
Նոր տեսակի պատվաստումը, որի հնարավոր վտանգները քննարկում է Մանասյանը, ստեղծել է հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունը, որը առաջատարներից է Covid-19-ի դեմ պատվաստումներ մշակող ընկերությունների շարքում։ Moderna-ի պատվաստումը իսկապես նորարարական է, և այն պատրաստ էր դեռ ձմռանը։ Այժմ ընթանում են դրա կլինիկական փորձարկումները։ Մանրամասն հավաստի տեղեկություն այս պատվաստանյութի մասին կարելի է կարդալ այստեղ։
Դավադրության տեսություններ տարածողները փորձում են շրջանցել Ֆեյսբուքի հսկողությունը
Համավարակի տարածմանը զուգահեռ խոշոր սոցիալական ցանցերը սկսեցին ավելի խիստ համակարգել բովանդակությունը և հեռացնել հանրային առողջության համար հնարավոր վնասակար տեղեկություն պարունակող գրառումներն ու տեսահոլովակները։
Դավադրության տեսություններ տարածողները, իրենց հերթին, փորձում են շրջանցել այս հսկողությունը։ Այդպես, «Կորոնովիրուս = դարի աֆերա» ֆեյսբուքյան էջը տեղադրել էր ամբողջ աշխարհում հայտնի դարձած մի տեսանյութի հայերեն թարգմանությունը, որում բազմաթիվ սխալ պնդումներ կային համավարակի մասին։ Ըստ էջի՝ տեսանյութը 100,000-ից ավել դիտում էր հավաքել, չնայած «Կորոնովիրուս = դարի աֆերա»-ն ունի ընդամենը 4,400 հետևորդ։
Էջի այս հրապարակումը հիշատակվեց միջազգային մամուլում։
Ֆեյսբուքի կողմից տեսանյութը հեռացնելուց հետո էջը այն նորից տեղադրեց՝ լուսանկարի մեջ մոնտաժված, որպեսզի սոցցանցի ալգորիթմը չճանաչի տեսանյութը։
Նույն կերպ են տեղադրվում նաև դավադրության տեսությունների մասին պատմող այլ տեսահոլովակները։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: