Շրջիկ հայ լուսանկարիչը «անիվների» վրա

22.04.2016, Պատկեր

Լրագրող, արվեստի քննադատ

Հիմա լուսանկարում են բոլորը, ամենուրեք ու ամեն վայրկյան: Մեկ դար առաջ լուսանկարչությունը անհասանելի ու բարդ գործընթաց էր, հրաշքի պես մի բան՝ հատկապես փոքր քաղաքներում ու գյուղերում, որտեղ ո՛չ լուսանկարիչ է եղել, ո՛չ լուսանկարչական սարք, ո՛չ էլ լուսանկարվելու պատրաստ մարդիկ:

Այս լուսանկարի հերոսը շրջիկ լուսանկարիչ Հարություն (Կարապետի) Հայրապետյանն է, ով 1920-ական թվականներին լուսանկարչական սարքով ճամփորում էր գյուղից գյուղ ու լուսանկարում բոլոր ցանկացողներին: Դա, թերևս, առաջին փորձերից էր՝ բարդ ու ժամանակատար գործը վերածել փոքր ու մոբիլ բիզնեսի:

Փաստորեն, ոչ թե գյուղացին էր գնում լուսանկարչական ստուդիա, այլ ստուդիան էր գալիս գյուղացու մոտ: Մարդ-ստուդիա Հարություն Հայրապետյանը իր բոլոր սարքավորումները բեռնած ավանակի վրա ճամփա էր ընկնում ու իր ծառայությունները առաջարկում Լիբանանի գյուղերի բնակիչներին:

Հարություն Հայրապետյանը ծնվել է 1900 թվականին Անկարայի նահանգի Նալլոսխանի գավառում, մահացել՝ 1979-ին Բեյրութում: 1920 թվականից սկսած նա լուսանկարչությունը դարձրել է եկամտաբեր գործ, որի շնորհիվ կերակրել է Մեծ Եղեռնից փրկված մորը, փոքր եղբորը, ինչպես նաև 1925 թվականի վերջին կազմած իր ընտանիքը:

Նա լուսանկարել է միայն camera obscura-ով (թարգմանաբար՝ «մութ խցիկ»), այն պարզագույն սարքով, որը թույլ էր տալիս ստանալ օբյեկտների օպտիկական պատկերը: Դա կարելի է համարել ժամանակակից լուսանկարչական խցիկների նախահայրը:

1930 թվականին Հարություն Հայրապետյանը դադարել է լուսանկարել (կարելի է ենթադրել, որ նոր տեխնոլոգիաները արգելակել են փոքր բիզնեսը) և իր ընտանիքի ապրուստը ապահովել է մսավաճառությամբ և կոշկակարությամբ:

Հարություն Հայրապետյանի լուսանկարն ու նրա գործունեության մասին տեղեկությունը սիրով ու խնամքով հավաքել է լուսանկարիչ Վահան Քոչարը, ով երկար տարիներ է՝ լուսանկարիչների դիմանկարների որոնմամբ ու հավաքագրմամբ է զբաղվում: Կենցաղային լուսանկաչության զարգացումը Վահան Քոչարը շատ է կարևորում՝ վստահ լինելով, որ լուսանկարվելը այն ծեսն է, որը լավագույնս ներկայացնում է ժամանակը:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?